«Հրամանատար Վուրգ» խորագրով հուշ-երեկո Երեւանում

Հայոց Աշխարհի քաջորդիներից է սիրված ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից Վուրգ Ոսկանյանը: Սիրված հերոս Վուրգ Ոսկանյանը ծնվել է  1941թվականին, մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի  Բռնակոթ գյուղում: Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը։ Վուրգը Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեյի գործունեությունը։ 1989 թվականին նրա մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի աջակցությամբ Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարելիցը խորհրդանշող հուշարձանը։

Վուրգ Ոսկանյանը Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով միացել է պայքարին՝ կռվելով Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։ Արցախի ազատագրման պայքարի ընթացքում երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։ Վուրգ Ոսկանյանը զոհվել է 1993թ. մարտի 31-ին Լաչինի Բիչանիս (Վակունիս) գյուղի մարտական հենակետում:

Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վուրգավան գյուղը: Վակունիսում բացվել է հուշահամալիր 11 սիսիանցի ազատամարտիկների, այդ թվում՝ Վուրգ Ոսկանյանի հիշատակին։ 2001 թվականին Վակունիսի դպրոցը վերանվանվել է Վուրգ Ոսկանյանի անվամբ։ 2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան):

Հեղինակային երգի կատարող Անի Մարգարյանի ջանքերով մարտի 31-ին   «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվեց հուշ-երեկո: Այստեղ  էին  հավաքվել հերոսածին մայրեր, ազատամարտիկներ, և ի վերջո տարբեր մասնագիտությունների, սերունդների ներկայացուցիչներ ու բոլոր նրանք, ովքեր ճանաչել են սիրված ազատամարտիկին՝ մասնակցելու «Հրամանատար Վուրգ» խորագիրը կրող հուշ-երեկոյին՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից Վուրգ Ոսկանյանին: Հուշ-երեկոն վարում ու միևնույն ժամանակ հայրենասիրական թեմաներով ասմունքում էր Թագուհի Ղազարյանն, ով բոլորին տեղափոխեց դեպի 90-ական թվականներ, այսինքն այն ժամանակներ, երբ ապրեց, արարա

րեց ու հանուն հայրենիքի պայքարեց ազատամարտիկ ու Սիսիանի 62-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Վուրգ Ոսկանյանը: Միջոցառման բացումն իրականացրեց կազմակերպիչ Անի Մարգարյանը՝ խոսելով սիրված հերոսի ու երեկույթի մասին:

Նշենք, որ միջոցառումը բաղկացած էր երկու մասից՝ առաջին մասում հայրենասիրական երգերով ու ասմունքով հանդես եկան Անի Մարգարյանը, Թագուհի Ղազարյանը, աշուղ Նազելին, Արմինե Եղիազարյանը, Կարեն Մշեցին, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, ասմունքող Նարեկ Մարգարյանը: Իսկ երկրորդ մասում ցուցադրվեց ռեժիսոր ազատամարտիկ Սամվել Թադևոսյանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմը՝ նվիրված Վուրգ Ոսկանյանին ու նրա ժամանակակիցներին ու հերոսներին: Նախքան ֆիլմի ցուցադրությունը խոսեց ռեժիսոր, սցենարի հեղինակ Սամվել Թադևոսյանը՝ ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմությունը:

Միջոցառման վերջում ելույթով հանդես եկավ սիրված հերոսի որդին՝ Սուրեն Ոսկանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից ու բոլոր նրանցից, ովքեր այդ օրը հարգել ու եկել էին հուշ-երեկոյին` վառ պահելու ազատամարտիկի հիշատակը: Վուրգ Ոսկանյանը և նրա սխրանքը հավերժ կմնա մեր ու գալիք սերնդի հիշողություններում:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի

 

Մեկ Արձագանքման «Հրամանատար Վուրգ» խորագրով հուշ-երեկո Երեւանում համար

  1. Սիլվա Դավթյան 1970թ.ի ք.Սիաիանի 1-ին միջնակարգ դպրոցի շրջանավարտ says:

    Հավերժ փառք իմ և իմ դասարանցիների շատ սիրելի ուսուցիչ, հերոս՝ ընկեր Ոսկանյանին ու նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *