«ՇԱՔԵՆ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԱԼԻՇԿԱՅԻ ԹԻՄԻՆ

Ավանդական են դառնում Շաքեի համայնքում գործող ազատ ոճի ըմբշամարտի թիմի, Մալիշկայի եւ Սիսիանի ըմբշամարտի մարզադպրոցների սաների մարտական եւ մարզական «բարեկամությունը»:

Հերթական հանդիպում-պայքարը նվիրված էր Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին Շաքեի դպրոցի մարզադահլիճում:

Թիմերը լավ էին նախապատրաստվել մենամարտին եւ յուրաքանչյուրը ցանկանում էր իր հաղթանակը նվիրել անկախության տոնին ու դրանով արժեւորել անկախության կարեւորությունը ե´ւ մեր երկրի, ե´ւ իրենց թիմերի մարզական կյանքում:

Տարբեր տարիքային խմբերում հանդես եկող Շաքեի ըմբշամարտի թիմի 30 անդամները եւ երկու մարզիչները (Մարատ Մանուչարյան, Լյովա Իսրայելյան) պայքարի էին դուրս եկել նոր մարզահագուստով, որը թիմի հովանավոր Վրեժ Գեւորգյանի նվերն էր` հաղթանակի ակնկալիքով: «Շաքե» մակագրությամբ եւ Շաքեի ջրվեժի պատկերով մարզական հագուստ կրելը կրկնակի պատասխանատվություն եւ պարտավորեցնող էր թիմի համար, ուստի նրանք ամեն ինչ արեցին` արդարացնելու ոչ միայն հովանավորի հույսերը, այլեւ ցուցադրելու իրենց մարզումների եւ իրենց աշխատանքի արդյունքը:

Համառ պայքարից հետո Շաքեի թիմը գրավեց առաջին տեղը: Երկրորդ տեղում Մալիշկայի թիմն էր, երրորդում` Սիսիանի ըմբշամարտի մարզադպրոցի թիմը: Շաքեի թիմի սաները, տարբեր քաշային կատեգորիաներում, գրավեցին չորս առաջին, երեք` երկրորդ եւ երեք երրորդ տեղեր` վաստակելով 10 պատվոգիր:

Թիմի մարզիչ Մարատ Մանուչարյանի հավաստմամբ` այս ընկերական հանդիպումները փոխադարձաբար հարստացնում են թիմերի մարզական ձեռքբերումները, փորձը, դառնում են սեփական ուժերը գնահատելու եւ սեփական հնարավորությունները բացահայտելու լավ մրցահարթակ, ինչպես նաեւ ստեղծում լավ նախադրյալներ` հաջորդ մենամարտերին առավել պատասխանատու եւ ավելի լավ մարզավիճակով հանդես գալու համար:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *