«ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ» ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԿԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆ Կամ` Տունդարձի ճանապարհ, որն անցնում է Սահյանի պոեզիայով…

Համահայկական գրողների միության (նախագահ` Աբգար Ափինյան), «Համո Սահյան» պոեզիայի կենտրոնի (նախագահ` Նաիրի Սահյան), «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության (նախագահ` ֆելիքս Պողոսյան) նախաձեռնությամբ եւ Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ դրվեց երկար սպասված եւ սքանչելի նախաձեռնության` «Սահյանական օրեր» միջոցառումների սկիզբը, որի նպատակը, ինչպես նշեց Աբգար Ափինյանը, կամաց-կամաց այն համահայկական տոն դարձնելն է:

Աբգար Ափինյանը նշեց, որ երբ Երեւանում ամիսներ առաջ նախաձեռնող խմբի անդամներով կազմում էին «Սահյանական օրեր» միջոցառումների ծրագիրը, առանձնապես խանդավառվել են ընթերցող հասարակության` Սահյանի պոեզիայի հանդեպ ցուցաբերած ահռելի հետաքրքրվածությունից եւ գիտակցել, որ նոր Հայաստանի համար այն պիտի դառնա ազգահավաք եւ համազգային երեւույթ: «Ողջ աշխարհի հայությանը, Սահյանի պոեզիայի շուրջը համախմբելով, դրել ենք «դեպի տուն» նպատակը, քանի որ Սահյանի պոեզիան տունկանչի, անվերջ վերադարձի պոեզիա է, որին պիտի մասնակցի նաեւ Սփյուռքը: Սրանով Սփյուռքում մեծ շարժում առաջացնելու խնդիր է դրվում, եւ դեպի երկիր ծրագրին Սփյուռքը պիտի արձագանքի, որովհետեւ նոր Հայաստանը պիտի դառնա տուն կանչող մայր, ընդ որում` մայր, որ հոգատար է իր զավակների հանդեպ»,-ասաց Աբգար Ափինյանը,  ապա հավելեց, որ հաջորդ տարիներին «Սահյանական օրերը» լինելու են առավել ընդգրկուն, առավել մասսայական, եւ հանրապետական բնույթից վերածվելու է համահայկական երեւույթի: Նշեց, որ դեռեւս շատ անելիքներ կան Սահյանի ժառանգությունը հավաքելու-պահպանելու առումով: Արդեն ծրագրել են եկող տարի հրատարակել Սահյանի ձեռագրերը, Սահյանը` ժամանակակիցների հուշերում, նախատեսում են թողարկել Սահյանի խոսքերով գրված երգերի խտասկավառակ:

Աբգար Ափինյանը նշեց, որ հայ գրականության հրամանատար Համո Սահյանի հիշատակի օրը խորհրդանշականորեն պիտի դառնա համահայկական տունկանչի, վերածննդի եւ նոր հայի կերտման սկիզբը…

«Սահյանական օրեր» միջոցառումների մեկնարկը տրվեց Սիսիանում հուլիսի 20-ին` Համո Սահյանի քանդակի մոտ, որին, բացի սահյանապաշտ սիսիանցիներից, մասնակցում էին նաեւ Կալիֆոռնիայի հայ գրողների եւ Երեւանի գրողների միությունների անդամներ, գրողներ, գրականագետներ, բանաստեղծներ:

Սահյանի հիշատակի օրն ընտրելով որպես սահյանական օրերի միջոցառումների սկիզբ` այն ավելի շատ խորհրդանշում է ապրելու եւ ապրեցնելու, լռելու եւ խոստովանելու, քարափների հետ հավերժելու եւ քարափների ծերպին հայորեն ծաղկելու, դարերին հայորեն եւ հայերեն դիմագրավելու իմաստավորումը:

Ողջունելով ներկաներին, Սփյուռքից ժամանած հյուրերին, Սահյանի պոեզիայի սիրահարներին, «Սահյանական օրեր» միջոցառումների կազմակերպիչներին` Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշեց, որ ինչպես յուրաքանչյուրը, այնպես էլ ինքը մեծ հուզմունք է ապրում, քանի որ իր եւ իր սերնդակիցների մանկությունն ու պատանեկությունն անցել է Սահյանի բանաստեղծությունների ընթերցմամբ, ու ամեն անգամ լցվել է ակնածանքով, թե մարդու միտքը ինչպես կարող է հասնել այնպիսի կատարելության, ինչից անդին ոչինչ չի կարող լինել: «Տիեզերական ինչ-որ չափանիշների մասին շատերն են խոսել, կարծում եմ` Համո Սահյանը տիեզերական մեծություն է: Ինչ էլ խոսենք, նույնիսկ ընտրելով ամենալավ բառերը, ունենալով ամենալավ բառապաշարը, մտահորիզոնը, չեմ կարծում, որ մենք կարող ենք սպառիչ բնութագրել Համո Սահյանին, նրա թողած ժառանգությունը: Շնորհակալ ենք նրան, շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ թողել է մեզ: Ունենք մի մեծ առաքելություն. այս ամենը շատ ճիշտ, շատ սահուն փոխանցել հաջորդ սերունդներին, ու դա անել այն պատասխանատվությամբ, ինչ պատասխանատվությամբ ինքն է գրել այդ տողերը…»,- ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

«Ես այսօր շատ հպարտ եմ եւ շատ հուզված, որովհետեւ պատիվ եմ ունեցել երեխա ժամանակ շփվել մեծն բանաստեղծի հետ եւ իր շուրթերից լսել իր խոսքերը ու շատ բան սովորել նրանից… Համո Սահյանն այսօր մեզ հետ չէ, բայց մի մեծ այցեքարտ է սիսիանցիների, սյունեցիների եւ մեր ազգի համար, մի այցեքարտ, որ մենք` սիսիանցիներս, որտեղ էլ լինենք, ինչ մշակութային միջոցառման էլ ներկա գտնվենք, ասում ենք` Համո Սահյանը Սիսիանից է, ես էլ, հպարտանալով, ասումեմ, որ Համո Սահյանը մեր գյուղից է: Համո Սահյանին ոչ միայն այսօր ենք հիշում, նա թողել է այնպիսի հետք, որ ամեն օր քնելիս թե արթնանալիս հիշում ենք նրա բանաստեղծությունները»,- ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Ապա, դիմելով միջոցառմանը ներկա Նաիրի Սահյանին, համայնքապետը խնդրեց նրան ներկա լինել ամեն տարի ապրիլին Սիսիանում նշվող Սահյանական միջոցառումներին, որպեսզի Սահյանի կարոտը, գոնե, նրանից առնենք:

Հետո բարձրախոսին է մոտենում բանաստեղծի որդին` Նաիրի Սահյանը, Խաչիպապի մեծ գերդաստանի վերջին շառավիղը: «Հիմա այդ մեծ գերդաստանից ոչ մեկը չկա, նա է մնում լոկ իբրեւ հուշ եւ իբրեւ վկա»… Սահյանի նման` լուռ, Սահյանի նման` քչախոս, Սահյանի նման` ինքն իր մեջ ամփոփված եւ հորդորում սիրել Սահյանի պոեզիան ոչ թե նրա համար, որ նա իր հայրն է, ոչ թե նրա համար, որ նա հայ մեծագույն պոետն է, այլ` յուրաքանչյուրն իր համար` նրանով հարստանալու, նրանից սովորելու, նրանով լցվելու, իմաստնանալու, զորեղանալու, հողի պես փխրուն, ժայռի պես պինդ լինելու, իր աչքերով իր աչքերին նայող մանկությունից չկտրվելու, քնելուց առաջ իր խղճի հետ զրուցել կարողանալու, կացին լինելուց առաջ մի անգամ իրեն ծառ զգալու, հայրեններ գրելուց առաջ Քուչակի սիրտ ունենալու համար:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ քիչ բան չի արվել Սահյանի ժառանգությունը հանրայնացնելու համար, բայց այն ամբողջացնելու համար դեռեւս շատ անելիք կա: Եւ այս առումով կարեւորեց Սահյանի երկերի գիտական հրատարակությունը, Սահյանի մասին հուշերը գրքի տեսքով հրատարակելը, որովհտեւ կամաց-կամաց կյանքից հեռանում են նրա ժամանակիցները, նրա հետ շփված սերունդը: Սահյանի ժառանգության ոչ պակաս կարեւոր մաս համարեց նրա տեսական հոդվածների հրատարակումը: «Գրողի ամենամեծ հուշարձանը նրա երկերի ժողովածուն է, որ ստեղծվում, պահվում ու մնում է»,- ընդգծեց գրականագետը` փառք տալով Համո Սահյանին եւ Սահյան ծնած-սնած ժողովրդին:

Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ, «Նռանե» մանկապատանեկան թատրոնի տնօրեն Նարինե Իսրայելյանը Սահյանի պոեզիան համեմատեց հասած հասկի հետ, որն ինչքան հասունանում, այնքան  խոնարհվում է հողին, ինչը նրա հարատեւության գաղտնիքն է:

Հնչեցին Սահյանի խոսքերով գրված երգեր, բանաստեղծություններ, ազգային ոգով մեծացող սիսիանյան հրաշալի սերնդի ներկայացուցիչները կատարեցին հայկական ազգային պարեր, ապա սահյանական պոեզիայով լեցուն օրը շարունակվեց Լորաձորի ձորերն ի վար, Որոտանի կիճերն ի վեր: Լորի եկեղեցու կամարների ներքո հոգեհանգստյան կարգ կատրվեց հավերժ թափառիկ ու ծիրկաթինոտ նրա հոգու հանգստության համար, իսկ  տուն-թանգարանում կազմակերպված միջոցառումը վերածվեց պոեզիայի տոնի:

Սահյանի պոեզիան, իսկապես, չունի հանրահռչակելու եւ բեմերից ու հարթակներից հնչեցնելով` հեղինակին ճանաչելի դարձնելու կարիք, որովհետեւ այդ պոեզիան առանց դրա էլ զուլալ ու վճիտ, կարկաչահոս գետի պես ինքն իրենով բացել է իր մշտահոս հունը: Այդ պոեզիան առավել շատ մարդկանց մոտեցնելով, առավել շատ մարդկանց դեպի այդ ապրեցնող, տուն կանչող, երկրի համն ու հոտը զգալ տվող պոեզիայի աշխարհ տանելը ամենքիս ու յուրաքանչյուրիս է պետք` աշխարհներ սնող նրա լռության «պաշարով» իմաստնանալու, ջրի նման հողին` կյանք տալու, ցորենի պես շատանալու, բաշխվելու բաղձանքից ազատվել չկարողանալու եւ արտերը վարած ու պարտքերը մարած մեռնել կարողանալու, մարդանալու, հավիտենության լծորդը լինելու, մի քիչ աստված, մի քիչ պարտված մնալու, եւ ինչ արած, մարդ լինելու նրա կենսաձեւը յուրացնելու համար… Սա տունդարձի պոեզիա է, որ յուրաքանչյուրիս է պետք այդ ճանապարհին…

Հ.Գ. …Եվ ամեն օր, երբ լույսն առնում է սարին, ու սարը սարսռում է, եւ ամեն օր, երբ նաիրյան դալար բարդու կատարին մարմրում է մայրամուտի վերջին կապույտ շողը, եւ ամեն օր, երբ լեռան գագաթին մթնում է օրը, եւ ամեն լուսաբացի, երբ Սիսիանի կենտրոնում նահապետորեն բազմած Սահյանն առնում է առաջին անցորդի բարի լույսը, մի հեռավոր, անհայտ մոլորակից ՆՐԱ լուսաթրթիռ հոգին գալիս ու տիեզերքի դռան շեմքին թափ է տալիս հարդագողի փոշին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Մեկ Արձագանքման «ՍԱՀՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ» ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԿԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆ Կամ` Տունդարձի ճանապարհ, որն անցնում է Սահյանի պոեզիայով… համար

  1. Աբգար Ափինյան says:

    Այո, ճիշտ է նկատել Արևահատ Ամիրյանը` Սահյանի պոեզիան տունդարձի ճանապարհ է

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *