«Քարահունջի» աստղադիտարան լինելու հանգամանքը կասկածի տակ դնող պաշտոնյան աշխատանքից ազատվել է

Այսօր հայտնի դարձավ, որ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այդ տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ Աշոտ Ավագյանը, իրոք, դիմում է ներկայացրել իրեն աշխատանքից ազատելու մասին, որն էլ մակագրվել է։

LIVEnews.am-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Ավագյանն ասաց, որ դեռ տեղյակ չէ՝ դիմումը հաստատվե՞լ է, թե ոչ, բայց հավաստեց, որ այլևս չի վերադառնա ստանձնած աշխատանքին։

«Ինձ հետաքրքիր էլ չէ՝ հաստատել են, թե ոչ, չեմ վերադառնա այդ աշխատանքին, եթե այդ ընթացքում որևէ լուրջ բան չփոխվի»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ի՞նչ փոփոխություններ է ակնկալում։

Մենք հետաքրքրվեցինք աշխատանքից ազատվելու ցանկության դրդապատճառների մասին, ինչին ի պատասխան՝ Աշոտ Ավագյանն ասաց, որ հոգնել է և այժմ ցանկանում է զբաղվել իր մասնագիտությամբ․ «Հոգնել էի, ես միշտ ալտերնատիվ եմ ունեցել, և հիմա երևի եկել է ժամանակը, որպեսզի ես զբաղվեմ իմ իսկական գործով»։

Հիշեցնենք, որ Աշոտ Ավագյանը գեղանկարիչ է։

Ի դեպ, մեր հարցին, թե արդյո՞ք նրա այդ որոշման վրա ազդեցություն չեն ունեցել «Քարահունջ» աստղադիտարանի շուրջ հատկապես վերջին մեկ տարում ավելի հաճախակիացած ու թեժացած վեճերը, նրա հասցեին արված մեղադրանքները և ներկայացված փաստերը, որ աստղադիտարանի և արգելոցի տարածքում պեղումները օրենքների խախտումներով են իրականացվում, գեղանկարիչն ասաց, որ այդ հանգամանքը նույնպես դեր է խաղացել դիմումը գրելու հարցում։

«Այդ բոլոր մեղադրանքները մանիպուլյացիա է, և այնքանով կապ ունեն, որ մի օր որոշում ես՝ պետք չէ պատվար լինել,- մեզ հետ զրույցում բազմանշանակ հավելեց Աշոտ Ավագյանը։- Ով պետք է դրանով զբաղվի, թող զբաղվի այդ մանիպուլյացիաներով։ Այն պատկան մարմինների համար, որոնք պետք է այդ մանիպուլյացիաներին պատասխանեն, փաստորեն ես պատվար եմ եղել։ Լավ կլինի իրենք զբաղվեն այդ ամենով՝ պետական հիմնարկությունը։ Պետական մակարդակով պետք է դրանով զբաղվեն»։

«Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նանա Հերունին մեկնաբանելով Աշոտ Ավագյանի՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու հանգամանքը՝ չբացառեց, որ իրականում նրան ազատելեն աշխատանից, բայց ներկայացնում են այլ կերպ։ «Աշոտ Ավագյանն այնքան էր վարկաբեկվել, որ երևի վերադաս մարմինները ճիշտ համարեցին նրան հեռացնել աշխատանքից։ Բայց չի բացառվում, որ նրա փոխարեն նշանակեն մեկ ուրիշին, որը վարկաբեկված չլինի և շարունակի իրենց ուղղությունը»։

Թագուհի Ասլանյան

աղբյուրը` livenews.am/press

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *