«ԱՀԱԲԵԿԻՉԸ» ՉԻ ԺԽՏԵԼ, ՈՐ…

ahabekich

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պաշտոնյայի` լրագրողին վերացնելու, նրա ընտանիքը ոչնչացնելու ահաբեկման փաստով մարտի 4-ին դիմել էինք Սյունիքի մարզի դատախազություն` օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու ահաբեկչին:

Օրերս ՀՀ ոստիկանության  Սյունիքի մարզի քննչական բաժնից ստացանք քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը` Սամվել Թանգյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ըստ մեզ ուղարկած որոշման` քրեական գործի հարուցումը մերժելը պայմանավորված է եղել  ոչ թե պաշտոնյայի` լրագրողին իրականում ահաբեկած չլինելու, այլ` նրա` լրագրողին «վերացնելու, նրա ընտանիքը ոչնչացնելու» սպառնալիքի իրականացման օբյեկտիվ եւ բավարար հիմքեր եւ իրական վտանգ չլինելու պատճառաբանությամբ, քանի որ սպառնալիքը տրվել էր հեռախոսով, եւ տուժողը իր կյանքին սպառանացող վտանգը կոնկրետ չի համարել:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում տված իր բացատրության մեջ Սամվել Թանգյանը,  ըստ էության, չի էլ ժխտել, որ «ընթերցելով «Անհայրենիք հայի այս տեսակը կամ` Գալիս է հոտը» վերնագրով հոդվածը, ՀՀԿ Սիսիանի գրասենյակի իր աշխատասենյակից զանգահարել է իր վաղեմի ծանոթ Արեւհատ Ամիրյանին` նրա կողմից տպագրված հոդվածի հետ կապված պարզաբանում պահանջելու, բայց քանի որ իրեն վիրավորված  է զգացել ու` բարկացած, միաժամանակ, առանց հետեւանք առաջացնելու մտադրության, սպառնացել է նրան, որ պատասխան է տալու իր մասին այդպիսի խոսքեր գրելու համար»:
(Ինչպիսի՞ խոսքեր.- խմբ.):
Բայց քանի որ հետո է միայն «պարզվել», որ իր մասին «այդպիսի խոսքերը» Աղվան Վարդանյանն է ասել, ոչ թե` լրագրողը, պատգամավորի «մուռը» լրագրողից էր հանել` «առանց հետեւանք առաջացնելու մտադրությամբ  սպառնալով նրան: (Դե հո` լրագրողին իրականում չէ՞ր վերացնելու` «նրա վիզը կտրելով», ինչպես ահաբեկման օրը «վիրավորված» ու «բարկացած» ասել էր` հեռախոսազանգով սպառնալուց հետո անգամ):
Ո՞ւր կորավ  Սյունիքի մարզպետի հովանավորությունը վայելող, Սիսիանի քաղաքապետի թեկնածուի «մշտական» ունեցող, Սյունիքի մարզպետարանի պատասխանատու վարչությունը ղեկավարող, Սիսիանի ՀՀԿ խորհրդի առաջնորդ «հանրապետական  է՛ն  տղի դուխը»:
Ինչեւէ…
Իսկ մինչ Սյունիքի մարզի քննչական բաժնում բացատրություն տալը, ի պատասխան խնդրով հետաքրքրվող լրատվամիջոցների հարցերի, ոչ միայն ժխտում էր լրագրողին սպառնալու հանգամանքը, այլեւ ասում էր, որ զանգահարել է իմանալու, թե ինչու լրագրողը  Սյունիքի արոտները վարձակալության տալու մասին իր տեսակետն էլ չի հարցրել:
Հետո նույն լրատվամիջոցում գրում էր, թե` «հնարովի, գոյություն չունեցող, անձնական խնդիրներ լուծելուն միտված» «պատերազմ է հայտարարել «Որոտանի» խմբագիրը իր դեմ» եւ «վիճահարույց» էր համարում ահաբեկման փաստի շուրջ ծավալված մեր հրապարակումները` որակելով «նախադեպը չունեցող զրպարտություն ու լուտանք, զազրախոսություն», որը, իբրեւ թե, «միտված է իրեն ներքաշելու ինչ-որ սադրանքի մեջ…»:
Ա՛յ, ա՛յ, ա՛յ, ա՛յ…Խեղճ Սամվել Թանգյան, իր ստորագրությունը կրող այդ նյութի իրական հեղինակը էս ինչքա՞ն է  կարեւորել նրան «Որոտանի» պարագայում: Հոնորարը կիմանա: (Ի դեպ, ավելորդ համարեցինք քաղաքացիա-իրավական հայց ներկայացնել այդ հրապարակման համար, շատ լավ հասկանալով, որ «ծառայելով» հոդվածի իրական հեղինակի` մասնագիտական, լրագրողական շահերին, ում ականջներն այնքան ցցուն երեւում են նրա` հավակնոտ ու տենդենցիոզ լինելու պատճառով, Սամվել Թանգյանն ինքն իրեն արդեն դատապարտել էր` «օգտագործվելով» նրա կողմից, քանի որ իր ստորագրությունը կրող այդ հրապարակումը բացառապես որեւէ կապ չունի իր, իր ոլորտի, իր անձի ու քննարկվող խնդրի հետ):
Հասկացե՞լ է, գոնե, այսքանը իմ «վաղեմի ծանոթ» Սամվել Թանգյանը, որ «որոշ ուժեր» շատ են ջանում պառակտել առանց այն էլ պառակտված Սիսիանը` իրենց բաժինը փախցնելու նպատակով…
Հասկացե՞լ է, արդյո՞ք, որ հենց այնպես չէր ասված նաեւ «Ափսոս Թանգյան ազգանունը»:123
Իր խնդիրն է եւ նրան այդպես անխնա «օգտագործողների» խնդիրը:
Պարզապես, ի լրումն Սյունիքի տարածքները ատրպատականցի ոչխարապահներին վարձակալության տալու համաձայնագիր-հուշագիր ստորագրելու մասին մեր նախորդ ասածների, որը հիմա փորձում են «ականազերծել» «արձանագրություն» ասելով եւ իրենցից պատասխանատվությունը թոթափել «որպես թե սխալ թարգմանության» արդյունք, միեւնույն է, դրա տակ դրված է պաշտոնական` Սամվել Թանգյան ստորագրությունը: Եվ իրականություն կդառնա այն, թե` չի՞ դառնա,  ընդամենը հավելենք, որ քննվող թեմայի պարագայում արդեն նույնպես էական էլ չէ:
Ամենազոր ժամանակը, որ շատ բան տակով է անում եւ մոռացության տալիս, մոռացության կտա նաեւ Սամվել Թանգյանի` «ահաբեկիչ եղած լինելու» հանգամանքը, մարզպետի հովանավորությունը վայելածի անցողիկ «փառք», հանրապետականի` Սիսիանի առաջնորդի «դուխը», իսկ «ահաբեկված» լրագրողը, այդպես էլ` «չահաբեկված», կշարունակի գրել Սիսիանը մանրամասն սիրելու իր ցավի մասին, եւ կների  իր մոլորված «վաղեմի ծանոթին»…
Չի ներելու միայն… պատմությունը, ինչպես որ չի ներել ու չի ներում Հայաստանի հողերը թուրքերին հանձնելու մասին 1920 թ.-ի դեկտեմբերին ստորագրված հայրենադավ ու ազգադավ` Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որը, որպես ամոթ, սեւ խարանի նման դաջված է Հայոց Պատմության ճակատին:
Թեեւ համեմատելի չէ, բայց Սամվել Թանգյան ստորագրությունը կրող փաստաթուղթը, թեկուզ` անունը շարադրություն դնեն, գնաց-միանալու հայոց պատմության մեջ երբեւէ  եղած հայրենադավ եւ ազգադավ փաստաթղթերի շարքին` սեւ խարան դառնալով հայրենաշեն ու աշխարհաշեն Թանգյան տոհմանվան ճակատին:
Մարդոց եւ օրենքի առաջ ինչքան էլ «մեղա գաս», դաժան դատավորը Պատմությունն է…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
23.04.2013թ․

 

550 դիտում

Մեկ Արձագանքման «ԱՀԱԲԵԿԻՉԸ» ՉԻ ԺԽՏԵԼ, ՈՐ… համար

  1. Գոհար Արշակյան -ը գրել է:

    Կարծում եմ Ս.Թանգյանը չէր կարող թռնել կառավարության գլխից ու նման թղթի տակ ստորագրեր, ինչի իրավունքը անգամ մարզպետն էլ չունի…Այս խայտառակությունը վերացնելու, ծածկելու, չեղյալ հայտարարելու փոխարեն դեռ լրագրողին են ահաբեկու՞մ… ամոթ ու հազար ամոթ… Բազմիցս եմ ասել, որ Իրանը բոլոր ժամանակներում մեր լավագույն հարևանն է եղել ու մնացել, բայց դա չի նշանակում, որ մեր մի թիզ հողը պետք է վերածվի նրանց արոտավայրերի, մանավանդ, որ գալու են Իրանի հյուսիսում բնակվող ազերինները: Սա անդառնալի սխալ է, քաղաքական մտքի կարճատեսություն, եթե չասեմ խրոնիկական հիվանդություն…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *