«ԱՆՆՎԱՃ ԵՐԿՐԻ ՎԱՀԱՆԸ»

Տպագրվել է մայոր, լրագրող Մարատ Բաղդասարյանի «Աննվաճ երկրի վահանը» գիրքը, ուր հեղինակը ներկայացնում է Սիսիան քաղաքում տեղակայված թիվ 60913 զորամասի կազմավորման ու անցած մարտական ուղու մի ժամանակահատվածի համառոտ պատմությունը: Ազգային ազատագրական պայքարի` Սիսական աշխարհի կամավոր մարտիրոսների հիշատակին նվիրված այս գիրքն ընդգրկում է զորամասի կազմավորմանը նախորդած եւ հայոց բանակաշինության առաջին եւ երկրորդ փուլերը կազմող 1988-1994 թ.թ.-ը եւ դրան հաջորդած երկրորդ փուլի` 1994-2004 թ.թ.-ի տասնամյա տարեգրության համառոտ բովանդակությունը:

Ականատեսի, գործուն մասնակցի, զորամասի կայացման գործում որոշակի դերակատարում ունեցող զինծառայողի իր դիտարկումներով հեղինակ Մարատ Բաղդասարյանը «Աննվաճ երկրի վահանը» գրքում հավաքած հսկայական փաստագրական նյութով ամբողջացնում է ազգային-ազատագրական շարժման կամավոր նվիրյալների կերպարները եւ նրանց կատարած հերոսական սխրագործությունները` թշնամու մարտահրավերները խիզախորեն դիմագրավելու, հայրենիքի սահմաններն անսասան պահելու, թշնամուն արժանի հակահարված տալու, արյան գնով մեր` ժամանակավորապես կորցրած հողերի մի մասը` Արցախը կրկին հայությանը վերադարձնելու եւ պաշտպանելու վճռականությունը: Գրքում կամավորական ջոկատների մարտիկների կատարած սխրագործությունների հետ զուգընթաց արտացոլվում է նաեւ այդ ջոկատների միավորումը ավելի խոշոր զինվորական կառույցներում եւ ազգային բանակի կազմավորման գործընթացը:
Մեզ հետ զրույցում հեղինակն ասաց, որ գիրքը 10 տարիների իր մանրակրկիտ, հետեւողական աշխատանքի արդյունքում է լույս աշխարհ եկել, որովհետեւ, գիտակցելով իր կատարած աշխատանքի մեծ պատասխանատվությունը պատմության, ժամանակի, իրականության, ճշմարտության եւ սերունդների առջեւ, փորձել է լինել անաչառ, ճշմարտագիր ու հավաստի: Սրանով հանդերձ` նա հակված չէ մտածել, որ կարողացել է Սիսական 60913 զորամասի կազմավորման ու կայացման մասին ամեն ինչ գրառել ու հրապարակել, ինչը, բնականաբար, հնարավոր էլ չէ, եւ դեռ ասելիք, գրելիք, տպագրելիք շատ նյութ կա այդ մասին: «Ես ընդամենը հավաքել եւ գրքին եմ հանձնել միայն այն, ինչին ինքս եմ ականատես, մասնակից ու տեղյակ եղել, որոշ տեղեկություններ էլ հավաքել եմ ականատեսներից, բացթողումներ, լրացումներ, անշուշտ, կլինեն, եւ ես պատրաստ եմ դրանք զետեղել գրքի երկրորդ հատորում»: Հեղինակը համոզված է, սակայն, որ իր ներկայացրած նյութը միանշանակորեն ժամանակի ճշմարտապատում եւ իրապատում արտացոլումն է:
Գրքի հերոսներն ու գործող անձինք իրական մարդիկ են` Վուրգ Ոսկանյան, Հովիկ Ազոյան, Աշոտ Մինասյան, Կամո Ոսկանյան, Աշոտ Ավագյան, Կամո Հակոբջանյան, Մարտիկ Գաբրիելյան, Կարապետ Խաչատրյան, Անդրանիկ Մայիլյան, Մանվել Գասպարյան, Անդրեաս Քարամյան եւ շատ ու շատ այլք, որոնց մտքի, կամքի, զենքի ու հայրենասիրության բացառիկ նվիրումով ու ջանքով է ծնվել եւ կերտվել մեր հաղթանակը, եւ նրանք էին, որ դարձան «աննվաճ երկրի վահանը»: Նրանցից ոմանք զոհվեցին, ոմանք մահացել են, շատերը, բարեբախտաբար, ողջ են, նաեւ` ծառայության մեջ, ապրում են մեր կողքին` «աննվաճ երկրի վահանի» իրենց դերով այժմ էլ մասնակցելով պետականության կայացման աշխարհաշեն  գործընթացին:
Ինքը` Մարատ Բաղդասարյանը 1990-2004 թ.թ.-ին Սիսիանի զորամասում  ծառայելուց հետո  ծառայության  է անցել ՀՀ ՊՆ 24236 զորամասում: Պարգեւատրվել է բազմաթիվ պատվոգրերով, դիպլոմներով, «Մարտական ծառայության» եւ «Ծովակալ Հ. Իսակով» մեդալներով: Մարտական գործողությունների մասնակցի ու զորքերում ծառայության հարուստ փորձը դասավանդման գործընթացում հաջողությամբ փոխանցում է կուրսանտներին, ակտիվորեն մասնակցում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հասարակական կյանքին:
Գրքի գրախոսները կարծում են, որ, որպես փաստավավերագրական իրապատում, այն կարող է դառնալ կարեւոր ձեռնարկ թե՛ այսօրվա, թե՛ ապագա սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու, նրանց մեջ հաղթանակի նկատմամբ հավատ եւ բարձր հատկանիշներ ձեւավորելու կարեւորագույն միջոց:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *