«ԱՆՑՈ՛ՐԴ, ԽՈՆԱՐՀԻ՛Ր ԳԼՈՒԽԸ ՔՈ ՍԵԳ»

Թվում է` բոլոր մայրերի վիշտը նման է իրար: Նման է ու տարբեր: Նման է, որ մայրական վիշտ է, տարբեր է, որ ամենքինն  իրենն է, յուրովի է, անձնական է:
Ույծեցի Արաքսյա մայրիկի վիշտն էլ անձնական է ու անանձնական: Վարդան որդին տան միակ զավակն էր, առաջնեկն էր ու ծնողների երազանքի ծառը, որ արմատ պիտի տար, ճյուղեր արձակեր, Էմիլ Խաչատրյանի  տունն ու օջախը շենացներ, ծաղկեցներ: Բայց… խաչքար-հուշաղբյուր դարձավ հայրենի տան բակում, սրբացած գերեզման` Պանթեոնում, ու անանց ցավ` ծնողների սրտում: Տան գերանը ներսից ճաքեց: «Վարդանը հենց էն գլխից էլ մեր էրէխեն չէր,- ասում է Արաքսյա Խաչատրյանը,-ժողովրդի էրէխեն էր, թաղի, գյուղի էրէխեն էր: Գնա փողոց` հարցրու ցանկացած պատահածին, կասի` Վարդանը մերն էր, բոլորինն էր, ընկերներինն էր: Ու հենց ընկերներն էլ հավաքվեցին, մեր տան բակում Վարդանի խաչքար-հուշաղբյուրը դրեցին, որ էդպես հավերժանա, բոլորի ու մեր աչքի առաջ լինի առավոտ-իրիկուն,- ավելացնում է Արաքսյա մայրիկը: -Կռվից եկել էր, ասացի` ա՛յ բալա, մի գնա, մեկն ես, միակն ես, ասաց` ինչի եմ միակը, ու ցույց տվեց քրոջ որդուն, խաբեց, թե չի գնա, հետո ասաց` ես չգնամ, մյուսը չգնա, բա` ո՞վ գնա… ինքը գնաց, ու մեզ էսպես թողեց` մարդ ու կնիկ, մենակ` հսկա տան մեջ: Տունն էլ ոնց թողել է, էդպես մնում է, ոչ մի բանի ձեռք չենք տվել, ոչինչ չենք տեղաշարժել, չենք փոխել, էդպես ենք նրա ներկայությունը զգում: Ամեն պատին լուսանկարն ենք փակցրել, իր սենյակում` իր անկյունը ստեղծել: Վարդանն էսպես ապրում է մեզ հետ, մեր տանը, մեր սրտում»:
Զարմանալի «պինդ են» մայրերը: Չուզեց վշտանալ, որ մեզ էլ չվշտացնի, արցունքը ներս արեց, որ մենք էլ չհուզվենք, իսկ Էմիլ հայրիկը դուրս եկավ սենյակից, որ թախիծը, տխրությունը չտեսնենք, հոր աչքերը թաց չտեսնենք…
Խաչատրյան ամուսինները նոր էին հիվանդանոցից դուրս գրվել. Էմիլ հայրիկի սիրտը տկար էր: Սիրտ կդիմանա՞:«10 օր հիվանդանոցում ենք մնացել, դուռը փակել, բանալին պայուսակի մեջ դրել ու գնացել: Դրանից վատ բան երեւի չկա,- ասում է Արաքսյա մայրիկը:-Էդպես կտրվեց մեր տան ծուխը: Ամենքն իրենց տեղում ողջ լինեն, թոռներս էլ, աղջիկներս էլ, բայց հայի բնույթն է, որ տան ծուխը տղա զավակը պիտի ծխա, իսկ մեր տան ծուխը կտրվեց եւ մուխ դարձավ մեր սրտերում` մինչեւ մահ-գերեզման»:
Պատմեց, որ դեռ պահում է որդու այն հագուստը, որ հագին է եղել վիրավորվելիս, ու արյան հետքեր կան հագուստի վրա, պատմեց, որ վիրավորվելուց հետո ինչքան դժվար են գտել որդուն` հիվանդանոցներում փնտրելով, բայց նաեւ այնպիսի ներքին ուժ է համակել իրենց, որ կարողացել են գնալ-գտնել վիրավոր, բայց արդեն անգիտակից որդուն: Վարդանը 25-ում զոհվեց, 94-ի փետրվարի 1-ին, Ֆիզուլիում, ու էդ օրվանից կյանքը Խաչատրյան ամուսինների  համար մի այլ կերպ է հոսում… Բայց կյանքն ապրվում է, միեւնույն է, ասում է Արաքսյա մայրիկը, շարունակվում է, շարունակվում է Էրիկ թոռան մեջ, ամեն բացվող գարնան մեջ, ամեն ծաղկի բողբոջի մեջ, ամեն արշալույսի, երբ աստծո լույսն առնում է  Սյունիք  փողոցի թիվ 18 տան բակում կանգնեցված հուշաղբյուր-խաչքարին, ու Արաքսյա մոր տխուր, բայց լուսավոր զրույցներում:
Խնդրեցինք նկարվել խաչքարի մոտ: Չմերժեցին: Որքա~ն մեծ է մայրական սիրտը:
Որքան նման են մայրերի վիշտը ու որքան տարբեր: Արաքսյա մայրիկի վշտի մեջ ցայտաղբյուրի զուլալ ջրի լուսեղեն շիթերն էին, որ ապրեցրել, ապրեցնում ու ապրեցնելու են նրան նաեւ հետայսու…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *