«ԱՇԽԱՐՀԸ ԵՐԳ Է ԴԱՌՆՈՒՄ ՍԱԼՎԱՐԴ ԱՍԵԼԻՍ…»

Եթե սահմանամերձ եւ բարձր լեռնային լինելը այլ պարագաներում ինքին բացասական գործոն է գյուղական բնակավայրերի համար, ապա ֆինանսատնտեսական ճնգնաժամի պայմաններում այն Սալվարդ գյուղում «դրական եւ վճռորոշ» դեր ունեցավ. Սալվարդը տարածաշրջանի 9 համայնքներից մեկն էր, որ սահմանամերձ եւ բարձր լեռնային լինելու «առավելությամբ» այս տարի ընդգրկվեց գյուղատնտեսության սուբսիդավորման պետական ցանկում եւ… գուցե առաջին անգամ չդժգոհեց ապուպապերից` «աշխարհի ծերում բնակավայր հիմնելու համար»: Այդ կարծիքին է նաեւ Սալվարդի համայնքի ղեկավար Վարդան Մեսրոբյանը, որը պաշտոնավարման մեկամյակի առթիվ հյուրընկալվեց «Որոտանի» հյուրասրահում եւ խոսեց ոչ միայն այդ, այլեւ` համայնքային այլ հարցերի շուրջ:
Ասում է, որ համայնքապետ դառնալը ինքնանպատակ չի եղել իր համար: Ուներ մասնավոր տնտեսություն, 25 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 12 հեկտար վարձակալած եւ սեփական հող, եղել է համայնքի ավագանու անդամ, իրեն ոչ ունեւոր է համարել, ոչ` շռայլ: Տնտեսությունը սկսել է 2 սեփական կովից, ընդ որում, մեկը` ԱՍԴ-ի կողմից ստացած, բայց դրանք ոչինչ կամ գրեթե ոչինչ չէին արժենա, եւ որեւէ արդյունքի չէր հասնի, եթե տնտնեսությունը ծավալելու, ընդլայնելու ցանկությունն ու եռանդը չլինեին, եւ մեկ էլ` խելամիտ ու մտածված տնտեսվարումը:

-Աշխատում էի զանազան կազմակերպությունների հետ, գյուղփոխօգնության բանկից վարկ էի վերցրել, «Սալվարդ» հիմնադրամն էինք ստեղծել «Վորլդ Վիժն» կազմակերպության հետ, ԱՍԴ-ի հետ էինք համագործակցում, եկավ մի պահ, որ ցանկացա այդ համագործակցությունը, այդ կապը նաեւ արդեն ոչ միայն ինձ, այեւ` համայնքի շահերին ծառայեցնել, ինչը պիտի հնարավորեր միայն համայնքապետի պաշտոնում ընտրվելը եւ… դարձա: Իմ աշխատանքը ոչ միայն ես, այլեւ համայնքը այս մեկ տարվա ժամկետով չենք սահմանափակում: Դրանից առաջ արվածն էլ մերն է, դրանից հետո արվածն էլ մերն է լինելու: Համայնքի դոտացիան մարզի համայնքների մեջ ամենացածրն էր` 1 մլն. 200 հազար դրամ, հասել ենք նրան, որ այս տարի 500 հազարով այն ավելացել է: Խնդրաշատ գյուղական համայնքի համար դա չնչին գումար է, բայց գոնե նվազեցրել ենք աշխատավարձի պարտքերը եւ պետական որոշ պարտավորությունների գումարների չափը: 80 անհատ տնտեսություն պետական սուբսիդիա ստացավ, որի արդյունքում նախորդ տարվա 40 հեկտար աշնանացանի փոխարեն այս տարի 280 հեկտար ցանքս կատարվեց: Թեեւ բերքատվությունն է ցածր, բայց գյուղացին հույս ունի, որ հացի խնդիրը, գոնե, լուծեց: Գյուղատնտեսությունը ռիսկային է մեզանում, եթե  պետական հոգածություն չեղավ, եթե պետությունը գյուղին անտեսեց, միշտ մնալու ենք այն մակարդակի վրա, ինչը առկա է այսօր: Այսօր գյուղի համար օրախնդիրը ոչ թե վատ ճանապարհն է, մի կերպ երթեւեկում ենք, ի վերջո, տուն տանող ճանապարհը ամենաթեթեւն ու ամենակարճն է, կարողանում ենք փոսալցումներ կատարել, ջրամատակարարման որակն ու քանակն ենք բարելավել, խմելու ջրի ներքին ցանցն է կառուցվել, դպրոցն է մասնակի վերանորոգվել, կենցաղի տունը, մասնակի` մշակութի տունը եւ մեկ սենյակը կահավորվել, տեխնիկական միջոցներով հագեցվել ու տրամադրվել է երիտասարդության ժամանցին, բայց դա ոչ գյուղի կյանքն է հեշտացնում, ոչ էլ երիտասարդության պարապը լցնում: Քաղաքի հետ էլ մի քիչ շփված, քաղաքում գումար վաստակած երիտասարդին այսօր անասնապահությամբ եւ հող վարելով չես կարող ո՛չ հրապուրել, ո՛չ համոզել` չլքելու գյուղը: Մյուս կողմից` եթե քաղաքում չարչարվում են, գոնե`  գումար է ընկնում ձեռքները, գյուղում համարժեք եւ ավելի չարչարանքի արդյունքում դատարկ են նստում: Նրանց գյուղում պահում է միայն ուրիշ տեղ գնալ չկարողանալու անհնարինությունը:
90 տնտեսություն, 410 բնակիչ ունեցող Սալվարդը կարծում է, որ գյուղի գազիֆիկացումը ինչ-որ չափով կփոխի գյուղական կյանքը, կհեշտացնի կենցաղը, բայց, ինչպես ասում են` էդ հույսն էլ մնաց ճգնաժամի անիվների տակ: Եթե շատ երազած ու դրա իրագործման համար շատ պայքարած գազը Աշոտավան հասնե~ր… Սալվարդն էլ գուցե… բայց, ասում են, առայժմ, մինչեւ 2012 թ.-ը հույսով ապրեք, հետո էլ` Աստված գիտի:
Հարցրեցի  գյուղապետին, թե ո՞րն է Սալվարդի յուրահատկությունն ու առանձնահատկությունը, ասաց` համախմբվածությունը, բարյացկամությունը, հյուրասիրությունը ու… «Մեր հարստությունը, մեր հպարտությունը մեր սարերն ու ջրերն են, մեր Սալվարդասարը, գիտե՞ք` Սահյանն ինչ չքնաղ բանաստեղծություններ է նվիրել մեր Աղոթարան-Սալվարդասարին»,- ու այդ պահին ի՛նչ անսովոր խանդավառություն համակեց գյուղապետին: Ուրախ էր, որ… Սահյա՞նն  է  բանաստեղծություններ նվիրել իրենց գյուղին, ուրախ էր, որ իրենց սարե՞րն են բանաստեղծական, պոետիկ ներշնչանքով լի, գուցե` երկուսը միաժամանա՞կ: Բայց որ ամեն սալվարդեցու սրտում մի սրտաչափ սեր ու հիացմունք կա առ սարը Սալվարդ-Աղոթարան, մի երկյուղ ու սարսուռ` առ երկնամերձ սարերով երիզված իր ծննդավայրը, հույս է տալիս, որ սալվարդեցու հոգին երբեք խռով չի մնա ապուպապերից` աշխարհի ծերում բնակավայր հիմնելու համար, քանի որ` «Աշխարհը երգ է դառնում Սալվարդ ասելիս…»,- ինչպես կասեր Համո Սահյանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *