«Աշտարակ կաթը» 7 միլիոն դրամից ավելի գումար է պարտք Գորայք համայնքի բնակիչներին

«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ ծավալված իրադարձությունները անմասն չեն թողել նաեւ Գորայք համայնքի կաթ արտադրողներին, ովքեր ընկերության հետ համագործակցել են սկսած 2001 թվականից: Սակայն 2016-ին ընկերության առջեւ ծառացած խնդիրները ամենաուղղակի կերպով անդրադարձել են նաեւ գորայքցիների վրա: «Աշտարակ կաթ» ընկերությունը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ.-դեկտեմբերի 19-ի վճռով սնանկ է ճանաչվել:

Ընկերության` Գորայքի կաթհավաք կետի մենեջեր Տիգրան Առուստամյանը 2017 թ.-ի հունիսի 15-ին դիմել է Երեւանի Արաբկիր եւ ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Բունիաթյանին` թիվ ԵԱՔԴ/0462/04/16 սննակության գործով գրանցել որպես պահանջատեր` 7 միլիոն 685, 234 դրամի չափով եւ խնդրել բաց թողնված ժամկետը համարել հարգելի: Դատարան է ներկայացրել «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի եւ 63 գյուղացիկական ֆերմերային տնտեսությունների միջեւ կնքված պայմանագրի պատճեները, «Աշտարակ կաթ» ՓԲԸ կողմից տրամադրված դրամարկղի ելքի օրդերների պատճեները ելքագրված գումարի մասով եւ խնդրել ուսումնասիրել ու տալ համապատասխան ընթացք:

Տիգրան Առուստամյանը նշում է, որ դատարանն իրեն պահանջատեր է ճանաչել, սակայն սննկացման կառավարիչն իր աուդիտների հետ ուսումնասիրել են խնդիրը, եւ «պարզել», որ «Աշտարակ կաթը» Գորայքի կաթի մթերման կետին գումար պարտք չէ: Դատական նիստի ժամանակ էլ ընկերության հաշվապահն է հայտարարել Գորայքի կաթի մթերման կետին պարտք չլինելու մասին: «Այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ տվել 7 միլիոն 685, 234 դրամի պարտք լինելու մասին տեղեկանք հարցին դատարանում հաշվապահը որեւէ պատասխան չի տվել»,-ասում է Տիգրան Առուստամյանը եւ ավելացնում, որ մինչ օրս էլ այդ հարցի պատասխանը մնում է օդում կախված:

Օրերս «Որոտան» թերթի խմբագրությունը Գորայa (1)ք համայնքի 17 բնակչի ստորագրությամբ նամակ է ստացել, որտեղ նամակագիրները նշում են, որ «Աշտարակ կաթ» ընկերության կողմից իրենց չի վճարվել 2016 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին ընկերությանը հանձնած կաթի գումարը: Ըստ ընկերության կողմից տրամադրված փաստաթղթերի` այն կազմում է ավելի քան 7 միլիոն 685 հազար դրամ: Նամակագիրներից մեկի` Հրանտ Կարապետյանի հավաստմամբ` իրենք «Աշտարակ կաթ» ընկերության սննկացման մասին լուրերը իմացել են հեռուստացույցից, բայց չեն պատկերացրել, որ կհայտնվեն «դառը դատած, դատարկ նստածի» կարգավիճակում, որ արյուն-քրտինքով վաստակած իրենց գումարները «կկորեն»:

Նամակագիրները նշում են, որ խնդրի մասին տեղեկացրել են նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, երբ ընթացիկ տարվա մարտ ամսին վարչապետն աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում, հանդիպել էր նաեւ Գորայքի բնակիչների հետ: Հարցի լուծման խնդրանքով պարտատերերի եւ իր անունից Չինաշխարիկ Մկրտումյանը, ում «Աշտարակ կաթը» պարտք է մոտ 427 հազար դրամ, նաեւ գրավոր դիմում է ուղարկել ՀՀ վարչապետին: Այս տարվա սեպտեմբերի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը Չինաշխարիկ Մկրտումյանին հասցեագրած նամակում նշել է, որ դիմումը ներկայացվել է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանին` քննարկելու եւ խնդրանքը բավարարելու համար:14891447191776

«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի առողջացման ծրագրի ղեկավարը Արտակ Ավագյանը ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հղած պատասխանում հաստատել է, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն Գորայքի համայնքին ունեցել է 7 միլիոն 741 հազար դրամի պարտք, որից «Պարգեւ» ՍՊ ընկերության կողմից մարվել է 2 միլիոն 700 հազար դրամը, չնայած այն բանին, որ համայնքի բնակիչները կաթ չեն հանձնում, նշել է նաեւ, որ «Պարգեւ» ՍՊԸ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել գյուղացիների հետ` «Աշտարակ կաթ» ՓԲ ընկերության կուտակած հին պարտքերի մարման վերաբերյալ, որով ընկերությունը պարտավորվել է վճարել յուրաքանչյուր տասնհինգօրյակը մեկ հին կուտակած պարքերը եւ իր իսկ կողմից մթերված կաթի գումարն ամբողջությամբ: Տեղեկացրել է նաեւ, որ տվյալ պահին ընկերության ֆինանսական ռեսուրսները թույլ չեն տալիս վերը նշված խնդրի լուծման համար դրական պատասխան տալ:

Պարտատերերը, սակայն, պնդում են, որ լսել են նման առաջարկության մասին, բայց որեւէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել «Պարգեւ» ՍՊԸ-ի հետ` հետագում եւս կաթը նրան հանձնելու մասով, քանի որ այլեւս չեն վստահել ՍՊԸ-ին, դադարեցրել են կաթի մատակարարումը նրան` նախընտրելով կաթը հանձնել կաթ մթերող մեկ ուրիշ կազմակերպության, ով ժամանակին եւ պարտաճանաչ վճարում է հանձնած կաթի գումարը: Իսկ, ինչպես հավաստում են գորայքցի պարտատերերը, ոչ միայն տասնհինգօրակը մեկ, այլեւ`ընդհանրապես, իրենց պարտքից որեւէ գումար չի մարվել:

«Ամենից շատ ես եմ շահագրգռված, որ այս հարցը լուծվի, այս գլխացավանքից ես էլ պրծնեմ, նրանց նման մի զոհ էլ ես եմ,- ասում է «Աշտարակ կաթ» ՓԲԸ Գորայքի մթերման կետի նախկին մենեջեր Տիգրան Առուստամյանը,- ոչ կարողանում եմ գյուղ մտնեմ, ոչ կարողանում եմ մարդկանց երեսին նայեմ: Նրանք ինձ են ճանաչում, ես եմ իրենց հետ առնչվել: Մարված չէ ոչ միայն գորայքցիների, այլեւ տարածաշրջանի այլ համայնքների կաթ արտադրողների պարտքերը: Առայժմ ես էլ եմ համբերում, բայց դիմելու եմ բոլոր քայլերին, նաեւ` իրավական, խնդրի լուծման համար»:

Խնդրով մտահոգ է նաեւ Գորայքի համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը: Ասում է, որ խնդրի մասին տղեկացրել է պատկան պետական բոլոր մարմիններին, անգամ` ելք է առաջարկում` այս իրավիճակից դուրս գալու համար, ըստ որի` համայնքը, ավագանու որոշմամբ, կարող է գնել «Աշտարակ կաթի»` Գորայքում գտնվող գրասենյակի շենքը, որը գյուղի մանկապարտեզի նախկին շենքն է, եւ այդ գումարով մարել պարտքերը:

«Աշտարակ կաթը» 420 հազար դրամ գումար է պարտք Հրանտ Կարապետյանին: Հրանտն ասում է, որ էնպես էն անում, որ մարդ իր աշխատանքից էլ է փոշմանում, իր արածից էլ: «Գյուղացու օրը կտրվի, գիշեր-ցերեկ աշխատում է, տանջվում, հետո էլ խաբում են, գումարները չեն տալիս: Գյուղացին հուսահատվում է, անասուն չի պահում: Գորայքում ամեն թաղից 7-8 նախիր էր արոտ գնում, հիմա` 3-ը հազիվ, ես 15 գլուխ խոշոր էի պահում, հիմա դարձրել եմ 4-ը, այն էլ` իմ ընտանիքի կարիքները հոգալու համար: Երբ գյուղացին է պարտք լինում պետությանը, կովն է ծախում, տունն է ծախում, հողն է ծախում` իր պարտքերը մարելու համար, բայց երբ խեղճ ու կրակ գյուղացուն են պարտք լինո՜ւմ…»:

Գորայքցի մատակարարները իրենց համարում են «Աշտարակ կաթից քցվածներ»: Գորայքի մթերման կետի հաշվապահն ասաց, որ փակվել է ընկերության` Գորայքի կաթի մթերման կետը, աշխատկիցները, ինչպես նաեւ` ինքը, վերջին ամիսների աշխատավարձը չեն ստացել: Համայնքային կենտրոնի աշխատակցուհին, ում նույնպես ընկերությունը կաթի գումար է պարտք, նշեց, որ երբ բնակիչներից հողի հարկ են ուզում, նրանք ասում են` պարտքս թող տան, հարկը տամ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

4 մեկնաբանություն «Աշտարակ կաթը» 7 միլիոն դրամից ավելի գումար է պարտք Գորայք համայնքի բնակիչներին հոդվածին

  1. Gayane Adonts says:

    Amot e amot,ardar qrtinqov vastakac gumary utely mec mexq e….

  2. Արևհատ ջան,
    ոնց են ասում?
    (Խեղդվողի փրկությունը ի սկզբանե իրեն ձեռքերում էր)
    Իմ գրածը որ գյուղացին էլ կարդա, կհաձայնվի ինձ հետ. ես էլ եմ գյուղացի, ժամանակին ֆերմեր, բայց մեկ սեզոն կաթ հանձնելուց հետո, հասկացա,թե ինչ կորուստներ եմ տալիս իմ ծույլոթյան պատճառով.-կովերիս կաթը բառացիորեն լցնում եմ ջուրը, նախ կաթի գինը ,խտությունն ու յուղայնությունը որոշում է ֆիրման, ու դու դառնում ես կախյալ մի անձ. իսկ երբ ես սկսեցի մշակել,ապա` պանրի սիջուկը նախ զտում էի,հետո տալիս կթու կովին,6-7լիտր կաթից 1 կգ պանիր,այնտեղ մնում էր պահեստավորման ու աղադրման խնդիրը…Արտադրանքս հենց տանից շաուկայականից մի քիչ ցածր գներով տանում էին,յուղը-յող, պանիրը պանիր,փողը-փող,կովի խմած սիջուկն էլ թե կաթնատվության,
    թե աճի (հորթերի,խոզերի) դրական անդրադարձն ուներ…
    Ուրեմն սա լինի դաս,որ գյուղացիք մտածեն հետագա ճիշտ որոշումների մեջ… ճշտից չենք նեղանում` չէ??

  3. Тамара Бадалян says:

    Գյուղացին ինքնսպան է լինում…

  4. Anahit Margaryan says:

    Սնանկ հայտարարվելը փորձված պրակտիկա է՝ հարստանալու մի ձև: Մի հավատացեք, 80 դրամով գյուղացուց գնող, և 450, 500 դրամով կաթ վաճառողը չի սնանկանա:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *