«ԱՎԱԳԱՆԻ» շարքից. Արթուր ԴԱՎԹՅԱՆ

Արթուր Դավթյանը Սիսիանի համայնքի ավագանու 6 անդամներից ամենաերիտասարդն է: Ծնվել է 1984-ին: Սովորել է Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցում: 2005-ին ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանը: 2005-2007 թ.թ. ծառայել է հայոց բանակում: 2007-2009 թ.թ. սովորել եւ ավարտել է մագիստրատուրան, այժմ նախապատրաստվում է ընդունվել ասպիրանտուրա: Մասնագիտությամբ տնտեսագետ է եւ կարծում է, որ տնտեսագետի իր գիտելիքները կարող են օգտակար լինել համայնքային խնդիրներ լուծելուն:

-Արթուր, քո ոչ այնքան հարուստ կենսագրությունը եւ քո երիտասարդ տարիքը պիտի որ խանգարեին քեզ` ավագանու ընտրություններում, քանի որ ճանաչված չես, կենսափորձ չունես, բայց արի ու տես, որ բավականին շատ ձայներ ես հավաքել եւ դարձել Սիսիանի համայնքի ավագանու անդամ: Ինչո՞վ ես բացատրում:
– Ճանաչված-չճանաչված, հանրահայտ կամ անհայտ լինելը, չեմ կարծում, որ դեր է ունեցել: Շատ ճանաչված եւ հայտնի թեկնածուներ են եղել ինձ հետ մրցապայքարում, որ չեն ընտրվել: Ես կարծում եմ, որ դեր է ունեցել հենց իմ երիտասարդ տարիքը եւ չարատավորված կենսագրությունը, ինչի վրա էլ հենվել են իմ ընտրողները:
– Դու երիտասարդ ես, բազմազբաղ, ի՞նչն էր քեզ ստիպում, որ որոշեցիր մտնել, վերջին հաշվով, քաղաքականություն եւ ինչու՞:
– Հենց երիտասարդության հիմնահարցերը բարձրացնելու համար: Սիսիանում կառավարման համակարգը պիտի երիտասարդացվի, ինչի միտումն արդեն նկատվում է: Երիտասարդությանը պիտի ասպարեզ տալ, նրանց համար նպաստավոր պայմաններ ստեղծել, նրանց առօրյան կազմակերպել: Ավագանու անդամ լինելը այնքան էլ քաղաքականություն չեմ համարում: Թեեւ ՀՅԴ ուսանողական «Նիկոլ Աղբալյան» խմբի անդամ եմ, բայց, կարծում եմ, ինձ ընտրողները ձայն են տվել ոչ թե կուսակցության շահերը պաշտպանելու համար, այլ` համայնքի բնակիչների խնդիրների լուծմանն օգտակար լինելու: Անշուշտ, կուսակցության գիծն էլ կպահեմ, քանի որ ավագանու կազմում դաշնակցության մեկ անդամ եւս կա:
– ՈՒսանողական նստարանին նոր ես հրաժեշտ տվել, պատրաստվում ես ասպիրանտուրայում սովորել, այսինքն` շատ ես բացակայում եւ բացակայելու ես Սիսիանից, նշանակում է` նրա խնդիրներից: Ինչպե՞ս ես համատեղելու:
– Այնքան էլ շատ չեմ բացակայել եւ կտրված չեմ Սիսիանից: Ազատ գրաֆիկով եմ սովորել մագիստրատուրայում, այնպես որ, դա ինձ չի խանգարել մոտ կանգնել Սիսիանի հիմնախնդիրներին: Ավագանու նիստերում պասիվ չեմ եղել, բարձրացված հարցերին եւ քննարկումներին իմ վերաբերմունքն արտահայտել եմ եւ ուրախ եմ, որ համայնքում լուծված շատ հարցերի մեջ ավագանին իր դերն ու ներդրումն ունի:
– Ավագանու նիստերում բարձրացված հարցերի քննարկումները արդյունավե՞տ են:
– Հարցեր կան, որ դժվար են քննարկվում, բայց վերջնական լուծման հանգում ենք եւ անում այնպես, որ ի օգուտ համայնքի լինի: ՈՒրախ եմ, որ ավագանու կազմը բազմակուսակցական է, կա նաեւ անկուսակցական անդամ: Այսինքն` բազմակարծությունը կա: Ուրախ եմ, որ ավագանու լավ թիմ է ձեւավորված, եւ ես իմ կենսափորձի պակասը կլրացնեմ նրանցից շատ բան սովորելով:
– Այնպիսի տպավորություն կա, սակայն, որ ավագանին չի աջակցում համայնքապետի առաջարկություններին` համայնքաշահ որոշ հարցեր լուծելու համար եւ դեմ է քվիարկել նման մի քանի առաջարկությունների, ինչպես օրինակ երաժշտական դպրոցի 37 քմ օտարված տարածքը դպրոցին վերադարձնելու եւ այլ հարցեր: Ի՞նչ կասես, այդպե՞ս է :
– Թեեւ նորընտիր ավագանին նախորդ ավագանու իրավահաջորդն է, բայց, ինչպես հայտնի է, նախորդի 2 որոշում արդեն չեղյալ է համարել: Ինչ վերաբերում է ձեր հիշատակած հարցին, ապա դա ավագանու լիազորություններից եւ իրավասությունից դուրս հարց է, այն արդեն պիտի քննարկվի տարածքի սեփականատիրոջ եւ համայնքապետարանի միջեւ: Հարցը տեղափոխվել է իրավական դաշտ, եւ միայն իրավապահ մարմինները կարող են հարցին լուծում տալ-չտալ: Այնպես չէ, որ ավագանին առանց հիմնավորման է դեմ քվեարկել այդ հարցին եւ չի ցանկանում համայնքանպաստ որոշում կայացնել կամ պաշտպանել համայնքապետի առաջարկությունը:
Ինչ վերաբերում է նախկին կաթսայատների խողովակները էլեկտրասյուներ դարձնելուն, անձամբ ինքս կողմ եմ քվեարկել, իսկ թե ինչու են մյուսները դեմ եղել, չեմ կարող ասել:
Անձնական որեւէ շահ չեմ հետապնդում եւ համայնքի որեւէ շահ չեմ զոհի սեփական շահիս:
– Աշխատու՞մ ես:
– Ինչպես Սիսիանի երիտասարդության մեծ մասը, ես էլ գործազուրկների շարքում եմ, բայց հույս ունեմ, որ մի դուռ կբացվի:
– Ի՞նչ կավելացնես:
– Այո, ավագանու կազմում ամենաերիտասարդն եմ, ամենաքիչ կենսափորձով, գիտելիքներով` ոչ պակաս, վստահ եմ, որ մեր հաջորդ հարցազրույցի ժամանակ ավելի շատ ասելիք կունենամ ավելի շատ կատարած աշխատանքների մասին: Իսկ ընդհանուր առմամբ կփորձեմ արդարացնել ինձ վստահած ընտրողների հույսերը, որ պարզ աչքերով նայեմ նրանց:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *