«ԱՎԱԳԱՆԻ» շարքից

405 քվեով Վարդան Իվանյանը հոկտեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Սիսիանի համայնքի ավագանու անդամ: Ծնվել է 1978 թ-ին, մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է ՀՊԱՀ Սիսիանի մասնաճյուղում որպես ուսումնական մասի վարիչ: Որեւէ կուսակցության անդամ չէ, ամուսնացած է: Ինչո՞ւ է առաջադրել իր թեկնածությունը, ինչո՞վ է կարեւորում ավագանու անդամի դերը տեղական ինքնակառավարման մեջ: Վարդան Իվանյանը մեր` «Ավագանի» հյուրասրահի հերթական հյուրն է:

-Պարոն Իվանյան, 11-ի փոխարեն ընտրվեց ավագանու 6 անդամ: Ինչո՞ւ այդպես ստացվեց:
-Ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու ընտրություններում բացահայտված անճշտությունների չափը պատճառ հանդիսացավ, որ առավելագույն ձայներ հավաքած վերջին 5 թեկնածուները դուրս մնացին: Անճշտությունների թիվը մեծ էր նրանց հավաքած ձայների տարբերությունից:
-Ի՞նչ եք կարծում`շա՞տ չէր 11 տեղի համար 34 թեկնածությունը:
-Չեմ կարող ասել` շատ էր կամ քիչ, որովհետեւ Սիսիանում ուժերն են շատ, կենտրոնացված չեն, եւ ավագանու դերի ու խնդրի նկատմամբ վերաբերմունքը ճիշտ չէ, չափանիշները կայացած չեն: Եթե այն դիտենք նաեւ համայնքապետի թեկնածուների «խմբերը» լինելու տեսանկյունից եւ անկախ թեկնածություններով, նույնիսկ չէի ասի, թե շատ էր:
-Իսկ դա չե՞ք պայմանավորում համայնքային սեփականությունը բաժանելու գործընթացում բաժին ունենալու հանգամանքով, ինչի մեջ համոզեց վերջին տասնամյակի գործելաոճը:
-Եթե մարդն ընտրվում է ինքակառավարման մարմնում, նրա խնդիրը իր ժողովրդին ծառայելն է: Իսկ եթե որեւէ աճուրդ է հայտարարվում, ավագանու անդամը եւս, որպես քաղաքացի, կարող է մասնակցել աճուրդին եւ հաղթել:
-Այդ դեպքում` ինչո՞վ բացատրել, որ գյուղական համայնքներում մի կերպ են լրացվում ավագանու անդամների պահանջվող տեղերը: Գյուղում օտարելու ավելի քի՞չ բան կա, դրա՞ համար:
-Չեմ կարող նրանց աշխատանքի գնահատականը տալ, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ գյուղական համայնքներում ավելի շատ անձնական, բարեկամական նկատառումերով են առաջադրվում: Չնայած դա էլ միանշանակ չէ. օրինակ` Շաքեում ավագանու անդամ դառնալու համար եւս լուրջ մրցակցություն է եղել:
-Իսկ ավագանու անդամ դառնալու Ձեր նպատակը ո՞րն է եղել:
-Գերնպատակ որպես այդպիսին չեմ ունեցել: Քաղաքականությամբ միշտ եմ զբաղվել, անտարբեր չեմ եղել Սիսիանի հիմնախնդիրների նկատմամբ, ունեցել եմ եւ ունեմ անձնական կարծիք, իսկ ավագանու անդամ դառնալով` նպատակ եմ ունեցել հանրության մի ստվար զանգվածի, ով իմ շրջապատում եւ միջավայրում է, ես էլ` նրա, ձայնը լսելի դարձնել տեղական իշխանությունում: Նրանք իմ մեջ տեսել են իրենց ձայնը բարձրացնողին եւ ինձ վստահել իրենց շահերի պաշտպանը լինել տեղական ինքնակառավարման մարմնում: Չնայած 400 ձայնը ես քիչ եմ համարում, երբ շատ ավելին էի ակնկալում, բայց առայժմ մեր հասարակությունը առաջնորդվում է հարեւանին, բարեկամին ընտրելու գիտակցությամբ, քան` այլ կերպ:
-Դուք բավականաչափ լավ քարոզարշավ էիք կազմակերպել, որը մի տեսակ նորություն էր ավագանու անդամ դառնալու համար պայքարում: Ինչո՞վ եք բացատրում:
-Հասարակությանը հարգելով: Առանց նրա հետ հանդիպելու, առանց նրան  ներկայանալու ինչպես ասես` ընտրիր ինձ: Նրան ներկայանալով` ես հարգում էի նրա կարծիքը, վերաբերմունքը: Միայն անուն-ազգանունը ներկայացնելը քիչ է, չնայած Սիսիանը փոքր է եւ իրար ճանաչում են, բայց երբ ինքդ անձամբ ես ներկայանում, հարգում ես թե՛ քեզ, թե՛ նրան: Իմ ընտրվելը համարում եմ այդ վերաբերմունքի դրսեւորում:
-Ավագանու առաջին որոշումներից մեկը տեղական որոշ տուրքերի եւ որոշ վարձավճարների բարձրացումն էր, ինչը այնքան էլ հաճությամբ չընդունվեց: Ինչո՞վ էր պայմանավորված այդ քայլը:
-Անհրաժեշտությամբ եւ ժամանակի պահանջով: Ճիշտ է, պետք է հաշվի առնվեր նաեւ տնտեսական ճգնաժամը, բայց հրատապ խնդիրներ կային, որոնց չլուծումը ավելի ծանր հետեւանքներ կբերի, քան` ճգնաժամը: Նախակրթարանները չունեն սառնարան, սնունդը պահվում է` որտեղ պատահի, ինչպես` պատահի, ուստի սառնարանների հարցը պիտի լուծել: Նախակրթարանները ապահովված չեն նաեւ անհրաժեշտ ջեռուցմամբ. մանկապարտեզին տրվում է թաց, այրելու համար ոչ պիտանի` ուռենու փայտ, եւ երեխաներն ավելի շատ ստիպված են լինում  ծուխ կուլ տալ, քան` տաքանալ: Քանիցս շրջել եմ մանկապարտեզներում եւ համոզվել դրանում: Մանկապարտեզները պիտի կենտրոնացված ջեռուցում ունենան: Սննդակարգը պիտի մշակվի, վերահսկվի, իրազեկվի: Ահա այս խնդիրները լուծելու համար:
Իմ ուշադրությունից դուրս չեն լինելու նաեւ մանկավարժադասախոսական շերտը, մշակույթի օջախները:
-Քաղաքական որեւէ ուժ չեք ներկայացնում, ու՞մ եք հաշվետու լինելու:
-Եղել եմ անկախ թեկնածու, համայնքապետի ղեկավարի որեւէ թեկնածուի, որեւէ քաղաքական ուժի հետ չեմ համագործակցել նախընտրական շրջանում, չնայած համակրում եմ ՀՀԿ-ին: Իսկ այժմ, արդեն որպես ավագանու անդամ, հաշվետու կլինեմ միայն գործող օրենքին եւ իմ ընտրողին:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *