«ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ» ՉԵՆ ԽԱԽՏՎՈՒՄ

Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցը հաճախ է «ստիպում», որ խոսեն իր մարզական հաջողությունների մասին կամ`… լռեն` փորձելով չնկատելու տալ այդ հաջողությունները: 2010 թվականին էլ այդ «ավանդույթները չխախտվեցին»: Իրենց հաջողությունների մասին խոսել տալու «մեղավորներն», իհարկե, մեր պատանի մարզուհիներն են, որ վոլեյբոլի որեւէ առաջնության որեւէ խաղահրապարակից առանց մրցանակի չեն հեռացել: 2010-ին այդ հաջողությունների պսակը հանրապետության` կանանց վոլեյբոլի բարձրագույն խմբի չեմպիոն դառնալն էր, որով նրանք բարձր պահեցին թե՛ մարզադպրոցի, թե՛ Սիսիանի, թե՛ մարզի մարզական պատիվը: Ավելորդ չեմ համարում ասել, որ մեր մարզուհիները դպրոցականներ են, սակայն մրցում էին ավելի փորձառու եւ տարիքով  իրենցից ավելի մեծ մարզուհիների հետ, բայց մրցասպարեզ էին դուրս գալիս միայն հաղթելու ու միայն չեմպիոն դառնալու վճռականությամբ: Եվ… դարձան:
Հանրապետության վոլեյբոլի բարձրագույն խմբի չեմպիոն  Սիսիանի հավաքականի մասին գրեցին, խոսեցին մարզական եւ ոչ մարզական աշխարհում: Նրանք չեմպիոնին վայել եւ արժանի վերաբերմունքի արժանացան վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի, Սյունիքի մարզպետի, թիվ 2 միջն. դպրոցի կողմից, որի սաներն են մեր մարզուհիները, բացի… սեփական քաղաքի, սեփական տան, սեփական համայնքի իշխանությունից. մինչդեռ` 13-16 ամյա այս պարմանուհիներն ինչպես էին սպասում հատկապես այդ հանդիպմանը եւ ի՜նչ խանդավառությամբ, չէ՞ որ նրանք հարազատ Սիսիանի անունը հնչեցրեցին մարզասրահում: Այնինչ, հայրենի համայնքում նրանք «արժանացան» անտարբերության ու քար լռության վերաբերմունքի, կարծես Գորիսի կամ Կապանի հավաքականն էր հանրապետության չեմպիոնը դարձել: Ցավ եմ հայտնում, որ համայնքային իշխանության կողմից այս վերաբերմունքն ասես գործելաոճ է դարձել հատկապես մեր մարզադպրոցի նկատմամբ: Լողափնյա մրցումներից եկանք մեդալներով, գովասանագրերով, քար լռություն, Բուլղարիայից եկանք մեդալով, գովասանագրով, քար լռության, դարձանք հանրապետության չեմպիոն, քար լռություն: Նման վերաբերմունքից, իհարկե, ոչ մեր մարզուհիների մարզական որակն ընկավ, ոչ չեմպիոնական մեդալի փայլը խամրեց, ոչ էլ` մարզական ոգին տկարացավ: Պարզապես` 13-16 տարեկան դպրոցական այս աղջնակները վատ են զգում, որ խտրականություն է դրվում. ի՞նչ տարբերություն առարկայական օլիմպիադաների հաղթողների, դպրոցը ոսկե մեդալով ավարտած երեխաների եւ իրենց միջեւ…
Մենք մեր գործն արել եւ անում ենք: Նախապատրաստվում ենք 2011-ին կայանալիք համահայկական 5-րդ մարզական խաղերին եւ մրցանակային  բարձր տեղերի լուրջ  հավակնություններ ունենք` Սիսիանի մարզադպրոցի` տասնամյակներով ձեւավորված բարի համբավը եւ Սիսիանի մարզական անունը կրկին բարձր պահելու ակնկալիքներով:

Աղվան ՀԱԿՈԲՅԱՆ
Մարզադպրոցի տնօրեն, հանրապետության վաստակավոր մարզիչ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *