«ԱՐԻԱՄԱՐՏ» ԱԿՈՒՄԲԸ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՀՈՒՅՍԵՐԸ

Հայոց բանակի կազմավորման 20 ամյակին էր նվիրված քիք բոքսինգի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 30 թիմեր եւ ակումբներ:
8-17 տարեկան մրցորդների` 32 հոգանոց պատվիրակությամբ առաջնությանը մասնակցեց նաեւ Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գործող «Արիամարտ» ակումբը: Առաջնության` 300 մասնակիցների մեջ սիսիանցի պատանի մարզիկներն ու մարզուհիները ցույց տվեցին արժանի մրցակցություն` վաստակելով 21 մեդալ /7 ոսկի, 6 արծաթ/: Նրանք վարեցին ավելի քան 44 եզրափակիչ մարտ, եւ, ինչպես հավաստիացնում է թիմի մարզիչ-մեթոդիստ Դավիթ Համբարձումյանը, թեեւ այն անհատական մրցապայքար էր, բայց Սիսիանի ակումբի համար ապահովեցին թիմային` 2-3  տեղերի արդյունք:
«Արիամարտ» ակումբը, որ այնքան էլ երկար կենսագրություն չունի, Դավիթ Համբարձումյանի հավաստմամբ արդեն հասցրել է ճանաչվել հանրապետությունում, եւ քիք բոքսինգի շատ թիմեր արդեն լրջագույնս են վերաբերում նրան: Ձեռքբերումները հնարավորում են, որ թիմը մասնակցի ոչ միայն հանրապետական, այլեւ` Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների, ինչին եւ նախապատրաստվում են: Միակ խոչընդոտը, թերեւս, ինչպես նշում է թիմի մարզիչը, ֆինանսականն է:
Սա այն մարզաձեւն ու մարտարվեստն է, որ, Դավիթ Համբարձումյանի վկայությամբ,  եթե անգամ մրցանակային տեղեր էլ չես գրավում, գիտես, որ պատրաստում ես ամուր, ուժեղ, կոփված մարտիկներ Հայոց բանակի համար, ինչը պակաս կարեւոր հանգամանք չէ:
ՄՊՍԿ տնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը թիմի եւ մարզիկների հաջողությունը համարում է ոչ միայն «Արիամարտ» ակումբինը, ոչ միայն սաներինն ու մարզչինը, այլեւ` բոլորինը, հասարակությանը, աճող սերնդինը, քանի որ ֆիզիկապես ամուր եւ ուժեղ մարզիկներ պատրաստելը, փողոցից այդքան պատանիների կտրելն ու օգտակար եւ հետաքրքիր առօրյա կազմակերպելը արդեն նույնպես ձեռքբերում է:
Այս հաջողություններն, ինչ խոսք, ոգեւորել են մարզչին ու սաներին, սակայն, չբավարարվելով ձեռքբերումներով, նրանք շարունակում են պարապել ու մարզվել նոր եռանդով, նոր ոգով:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *