«ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ»

Սիսիան քաղաքի բնապահպանական խնդիրների ուսունասիրմանն ու քննարկմանն էր նվիրված «Էկո-Սիս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանը, որի ընթացքում ՀԿ-ի նախագահ Կամո Սաֆրազյանը տեղեկացրեց, որ այդ ծրագիրն իրականություն է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան  աջակցությամբ եւ նպատակ ունի շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրների վրա հրավիրել ոչ միայն տեղական իշխանությունների եւ այդ ոլորտում գործող կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, այլեւ` հենց բնապահպանական խնդիրներ առաջացնող կազմակերպությունների եւ հանրության լայն շերտերի ուշադրությունը եւ համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ուղիները: Ուստի պատահական չէ, որ ծրագիրը կրում է «Բնության պահպանություն` հասարակայնության մասնակցության միջոցով» անվանումը:
Կ. Սաֆրազյանը նշեց, որ ծրագրի գործընկերն է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիան, որի ղեկավար, հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանի փորձագիտական խորհրդատվությամբ ու մասնագիտական ուղղորդմամբ է իրականացվելու այն:
«Բնության պահպանություն` հասարակայնության մասնակցության միջոցով» ծրագիրը նախատեսում է ապահովել Սիսիան քաղաքի կառավարական, ոչ կառավարական կազմակերպությունների եւ հասրակայնության մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծմանը, բնական ռեսուրսների շահագործման եւ վերահսկաման գործընթացներին:
Անդրադառնալով մեր երկրում բնապահպանական խնդիրների` օրենսդրական դաշտով ապահովված լինելուն եւ վկայակոչելով այդ օրենքներն ու օրենսդրական ակտերը, Կ. Սաֆրազյանը միաժամանակ նշեց, որ դրանց առկայության պարագայում անգամ շրջակա միջավայրի խնդիրներն այսօր շարունակում են մնալ հրատապ եւ մտահոգիչ եւ հույս հայտնեց, որ նման քննարկումների, խնդրի վրա հանրության ուշադրությունը հրավիրելու արդյունքում կարելի կլինի գտնել դրանց լուծման ուղիները:
Խոսելով Սիսիան քաղաքի բնապահպանական խնդիրների մասին եւ խմբավորելով դրանք, Կ. Սաֆրազյանն ուշադրություն հրավիրեց «Էկո-Սիս» ՀԿ-ի կողմից արձանագրված Սիսիան քաղաքի բնապահպանական հետեւյալ խնդիրների վրա. Ջրային ռեսուրսների աղտոտվածություն, կանաչ գոտիների նվազում, կենդանական աշխարհի աղքատացում, մթնոլորտի աղտոտվածություն, հողերի դեգրադացիա, թափառող կենդանիների առկայություն, բնակչության` բնապահպանական դաստիարակության բացակայություն ու այլն: Նշեց, որ բնապահպանական շատ խնդիրներ պատճառ եւ հետեւանք են քաղաքի տարածքում կոյուղագծերի վթարների եւ աղբի ու պայմանավորված մաքրման կայանի բացակայությամբ:
Այս եւ մյուս խնդիրները քննարկելու, վերլուծելու, դրանց լուծման հնարավոր ուղիները գտնելու համար, ինչպես նշեց ծրագրի ղեկավարը, կստեղծվի հասարակական խորհուրդ, կձեւավորվի մասնագիտական փորձագիտական խումբ, կմշակվի Սիսիանի բնապահպանական խնդիրների լուծման հայեցակարգ եւ քայլեր կձեռնարկվեն դրանց լուծման ուղղությամբ:
Ծրագրի հաջող ընթացքի եւ արդյունավետության համար կարեւորեց լրատվամիջոցների դերը, քանի որ առանց հանրային իրազեկման, առանց խնդրի լուծման համար հանրային մասնակցության  եւ համատեղ պայքարի հնարավոր չի լինի լուրջ արդյունքի հասնել:
Սեմինարի մասնակից շահագրգիռ կողմերը հույս հայտնեցին, որ համատեղ աշխատանքը կտա իր դրական արդյունքը:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *