«ԲՈՒԺՎՈՒՄ Է» ՋՐԱՅԻՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ «ՓՏԱԽՏԸ»

Սկսվել են Սիսիանի ջրային հայելիների սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքները:
Այն իրողություն է դարձել, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, մարզի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների  ծրագրերի շրջանակում, ըստ որի ՀՀ կառավարության` ս.թ. փետրվարի 3-ի 108 որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 53 մլն դրամ է հատկացվել նաեւ Սիսիանի ջրային հայելիների սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ կատարելուն:
Նույն ծրագրով, ինչպես տեղեկացրեց Արշակ Ուստաբաշյանը, կիրականացվի նաեւ Սիսիանի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում:
Աշխատանքների իրականացման պատվիրատուն Սյունիքի մարզպետարանն է:
Ջրային հայելիների սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքներն իրականացնում է (Նոր բակ) «Նորոգշին» ԲԲԸ-ը:
Ընկերության տնօրեն Սամսոն Մաթեւոսյանը մեզ տեղեկացրեց, որ մայիսի 2-րդ կեսից սկսած աշխատանքները նախատեսված է ավարտել սեպտեմբերի վերջին` չբացառելով նաեւ ժամանակից շուտ այն ավարտելը:
Սամսոն Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ մաքրվելու է ջրային հայելիների 2 ավազան` մեծ եւ փոքր, կամրջից վերեւ եւ ներքեւ, եւ նախնական հաշվարկներով նախատեսված է հանել ու տեղափոխել 9700 մխ տիղմ ու ջրաբերուկ: Մաքրվող տարածքի ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 30 հազար մք:
Խոսելով կատարվող աշխատանքի ծավալից եւ բարդությունից, Ս. Մաթեւոսյանը նշեց, որ հիդրոտեխնիկական ցանկացած կառույցում աշխատանք կատարելն ինքնին դժվարություն է, քանի որ աշխատանքներն ընթանում են ջրի հոսքի առկայությամբ, իսկ վերջին շրջանում տեղացած հորդառատ անձրեւները առատացրել են ջրի հոսքը` դժվարացնելով աշխատանքները:
Սակայն, ինչպես հավաստիացրեց նա, աշխատանքներն առայժմ ընթանում են նախատեսված կարգով, բացվել են ջրային փականները, ջրավազաններում իջեցվել է ջրի մակարդակը: «Կամրջից վերեւ գտնվող ավազանի մաքրումը, թերեւս, ավելի հեշտ է, քան կլինի ներքեւի ավազանում,-ասաց Ս. Մաթեւոսյանը` այն պայմանավորելով ոչ միայն վերեւի ավազանի` ավելի փոքր ծավալով: -Խնդիրն այն է, որ համայնքային իշխանությունը պետք է այդ ջրավազանում ապահովի ջրի մակարդակի` համապատասխան չափով իջեցման պահանջը` բացելով ջրափականները, ինչի հետեւանքով տարածքում գտնվող հէկ-ը կզրկվի իր ողջ հզորությամբ աշխատելու հնարավորությունից»:
Ջրային հայելիների սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքում կվերականգնվեն նաեւ պատերի գլխաքարերը, հենապատերի ընկած քարերը, հենապատերը կմաքրվեն եւ կազատվեն տիղմից, թփերից եւ բույսերից:
«Ջրիմուռներից փտախտացած Որոտանին», ինչպես պատկերավոր գրել է ֆրանսահայ գրող-ճանապարհորդ Դանիել Դոնիկյանը, վերջապես տրվեց իր «փտախտը բուժելու» պատեհ հնարավորություն:

Սեփ. լրատվություն 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *