«ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԻՆ ՀԵՐՈՍ»

Մարտի 8-ին Կոնգրես հյուրանոցում կայացավ Օքսֆամ Մեծ Բրիտանիա կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից առաջին անգամ հայտարարված «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:
Մրցույթը նպատակ ուներ բացահայտել եւ խրախուսել հետխորհրդային Հայաստանում գյուղատնտեսական դժվարությունները հաղթահարած եւ մինչ օրս իրենց գործունեության արդյունքում համայնքներում դրական փոփոխություններ իրականացրած եւ իրականացնող կանանց: Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել հանրապետության բոլոր մարզերից շուրջ 100 կանայք, որոնցից մրցութային հանձնաժողովը հաղթող էր ճանաչել 10 բացառիկ եւ օրինակելի կանանց: Հաղթողներն արժանացան «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» կոչմանը, պատվոգրերի, հայկական սիրամարգ բրոնզե արձանիկների եւ դրամական պարգեւների:
Սյունիքի մարզից հաղթող է ճանաչվել Դարբաս գյուղի բնակչուհի Արմենուհի Ստեփանյանը: Մրցութային հանձնաժողովին հատկապես դուր էր եկել այն հանգամանքը, որ մարզկենտրոնից կտրված ու կղզիացած այդ գյուղի բնակչուհին տնամերձ այգում մշակում է ոչ միայն պտղատու ծառեր, հատապտուղներ, բանջարաբոստանային մշակաբույսեր, այլեւ` առանձնահատուկ սեր ունի ծաղիկների ու սենյակային բույսերի նկատմամբ: Արմենուհի Ստեփանյանը մեծ ոգեւորությամբ եւ հիացմունքով էր խոսում իր դեղին, վարդագույն ու հրակարմիր գծերով կակաչների, քաջվարդերի տեսակների, թափվող վարդերի, սպիտակ եւ անուշահոտ հսկա ծաղիկներ տվող կակտուսների մասին:
Օքսֆամ Մեծ Բրիտանիա կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից հրատարակվել է «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» գրքույկը, որտեղ համառոտ կերպով պատմվում է մրցույթում հաղթած կանանց ու նրանց գործունեության մասին:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *