«ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՍ ՇԱՏ ԵՄ ԴԺԳՈՀ…»

«ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԽՐՈՆԻԿԱՆ» շարքից


Միշտ մտածել եմ, որ աշխարհը, կյանքը, մարդկանց, իր աշխատանքը սիրող մարդու գիտակցության, մտածողության մեջ, նաեւ` բառապաշարում, բացասականը, ժխտականը պիտի տեղ չունենա: Ու մտածել եմ, որ ցավի մեջ անգամ պիտի … սեր լինի:
Հրանտ Մաթեւոսյանի Աղունը կասեր` «էս գոմում, թրիքների մեջ ի՞նչ սեր, այ կնիկ…»:
Թրիքի «խաթրին» եկեք չկպնենք, մանավանդ հիմա, երբ կրկին գազի գինը թանկանում է, եւ «հարգանքով» խոսենք թրիք կոչվող մեր ժամանակների արժեքավոր այդ վառելիք- պարարտանյութի մասին ու… շարունակենք մեր ասելիքը:
Համացանցը, հեռուստաէկրանները, ԶԼՄ-ները ողողված են ավտովթարների պատկերներով, անչափահաների բռնաբարության, հանցագործությունների պատմություններով: Դրան գումարվեցին նորակառույց եկեղեցու բացման ճաշկերույթի կրճոնախառը հետեւանքները: Դրան նախորդել էր ու համընթաց գնում են դժբախտություն գուժող վերնագրերով սերիալներն ու ֆիլմերը: Մահափորձերը, սպառնալիքները, լրագրողների ահաբեկումները: Վարկերը, պարտքերը, տոկոսները եւ…սննկացումը: Մայը նորածին երեխային է սպանում, սկեսրայրը իր տղայի կնոջն է սիրահետում…
«Ու էս գոմում, էս թրիքների մեջ ի՞նչ սեր, այ կնիկ…»:
Զուտ հետաքրքրության համար օրերս մեր էկրաններից ցուցադրված ու ցուցադրվող ֆիլմերի վերնագրեր գրեցի` զուգահեռ գրելով ոչ հեռավոր անցյալում նկարահանված ու ցուցադրված կինոնկարների վերնագրերը: Ստացվեց այսպիսի մի պատկեր`

Դժբախտ սեր – Կտոր մը երկինք
Դժվար ապրուստ – Ճերմակ անուրջներ,
Հարազատ թշնամի – Մեր մանկության տանգոն
Կոտրված սրտեր – Հին օրերի երգը
Կյանքի գինը – Մենք ենք, մեր սարերը
Ձախորդ գեղեցկուհին – Խնձորի այգին
Մի վախեցիր – Բարեւ, ես եմ
ԱՆ-ծանոթը – Նահապետ
Ու՞ր է իմ տղամարդը – Տղամարդիկ

ու… համեմատեցի: Գեղարվեստական արժեքի մասին չէ խոսքը, ոչ էլ` գեղագիտական ասելիքի:
Առաջին շարքի վերնագրերը միայն արդեն բացասական ու ժխտողական մտածողություն են նախապատրաստում-ներարկում, վատ տրամադրություն ու հոգեվիճակ պարտադրում, խեղճություն ու լացակումած զգացումներ առաջացնում…
Արդյունքում` տարիներ ի վեր «հունցվել է» է այն տխուր, հուսահատ, բասացական, ժխտողական մտածողության ու տրամադրության մարդը, որ այսօր ունենք մեր իրականության մեջ, մեր կողքին, մեր շուրջը: Ու հիմա էլ շարունակվում է` նույն եռանդով ու ջանքով:
Հիմա մենք լցված ենք ոչ թե «մի կտոր երկնքով», ոչ թե` «ճերմակ անուրջներով», ոչ թե` «հին օրերի երգով», ոչ թե` «տղամարդկանցով», ոչ թե` «Նահապետով», ոչ թե` «մեզնով ու մեր սարերով», այլ… դժբախտության գիտակցումով, սերն անգամ դժբախտություն զգալու մտայնությամբ, հարազատությունն անգամ թշնամանքով, ձախորդությամբ, վախի ներշնչանքով. «Մի վախեցիրն» … արդեն վախեցնում է: Ամեն ինչում` ժխտականն է, բացասականը` սկսած` ԱՆ ժխտական նախածանցից մինչեւ…
Ահա եւ այն «եփուկը», որ այսօր ունենք` դժգոհ, մռայլ, տխուր հասարակություն` թռիչքի թեւը` կոտրած, ամեն բացվող օրը` հացի խնդիր, որովհետեւ անգամ նորակառույց եկեղեցու օծման արարողությունից ոչ թե սրբալույս մյուռոնի բուրմունքն էր ելնում առ Աստված, ոչ թե` խնկաբույրը, այլ` ճաշկերույթի ճենճահոտը. այդ օրվա հացի խնդիրը «երկուստեք» լուծված էր…
«էս գոմում, թրիքների մեջ ի՞նչ սեր, այ կնիկ…»:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
15.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *