«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ, ՉԿԱ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ»

«Ժառանգություն» կուսակցության անդամների` Սյունիք կատարած այցը, թերեւս, կարելի է քաղաքական նոր շրջանի բացման սկիզբը համարել:

Սյունիքյան այցի շրջանակներում կուսակցության անդամները, կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, հանդիպեցին նաեւ սիսիանցիների հետ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մասնավորաբար շնորհակալությունն հայտնեց սիսիանցիներին` առանց վախի զգացողության հանդիպմանը ներկա գտնվելու համար, քանի որ, ըստ նրա, Նժդեհի ոգին պահպանած Սյունիքի այլեւայլ բնակավայրերում, իշխանությունների ահից, շատերը վախեցել են մասնակցել «Ժառանգություն» կուսակցության անդամների հետ հանդիպումներին:
Երկրում տիրող այսօրվա սոցիալ-տնտեսական, բարոյական, քաղաքական, ներքին ու արտաքին խնդիրներից խոսեցին ոչ միայն ԱԺ-ում, այլեւ` հանրային կյանքում բավականին ակտիվ գործունեություն իրականացնող ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Առկա խնդիրներն ու մտահոգությունները նրանք համարեցին ոչ թե վերջին 3-4 տարվա արդյունք, այլ` հետեւանք դեռեւս 20 տարի առաջ կեղծված առաջին ընտրությունների, երբ իշխանությունը գողացավ ժողովրդի ձայնը:
Բանախոսները միաժամանակ կարեւորեցին ստեղծված իրավիճակի նկատմանբ անհաշտ եւ անհանդուրժող վերաբերմունքը` հորդորելով քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ եւ գիտակցությամբ քայլեր ձեռնարկել բարելավելու ոչ միայն սեփական, այլեւ` երկրի հանրային կյանքը:
Ներկաների կողմից առավել հետաքրքրությամբ լսվեց կուսակցության հիմնադիր եւ նախագահ, նորանկախ երկրի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ջերմ ու անկեղծ, բայց նաեւ` մտահոգ խոսքը, ինչը հենց ինքը` բանախոսը համարեց անկեղծ ու հոգուց բխած պահանջ` մարդկանց հետ հանդիպելու եւ հաղորդակցվելու:
Ինչպես իրենք` կուսակից ընկերները նշեցին, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՛ «Ժառանգություն» կուսակցության` հայրենի քաղաքական դաշտ մուտքով է, որ քաղաքական նոր մշակույթ ու նոր որակ է բերվել մեր երկրի քաղաքական կյանք:
Խոսելով երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներից, Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորաբար անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում ստորագրված հաշտեցման պայմանագրին` այն համարելով ահավոր հակապետական, հակահայկական գործընթաց, որը, ըստ էության, պետական ստորագրությամբ վավերացնում է Կարսի եւ Մոսկվայի հակահայկական պայմանագրերը: Մադրիդյան սկզբունքների մասին էլ խոսելիս նշեց, որ դրանով, փաստորեն, ի չիք է դառնում մեր արյամբ վաստակած մեր նվաճումը` մեր հաղթանակը, կասկածի տակ դնելով նաեւ հանուն երկրի կյանքը զոհաբերելու հայրենասիրությունն ու դրա իմաստը:
Նա անդրադարձավ երկրում առկա անհավասար հնարավորությունների, իշխանությունների` շարքային քաղաքացու նկատմամբ արհամարհանքի, կեղծված ընտրությունների, անհիմն սեփականազրկումների եւ այլ խնդիրների, ինչի հետեւանքով, ըստ նրա դիտարկման, երկրում ահավոր չափերի է հասել անվստահությունն ու արտագաղթը:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ բուհական, առողջապահական, կրթական ոլորտները, հանրային սեկտորը, տեղական ինքնակառավարման համակարգը ապակուսակցականացնելու խնդրի կարեւորությանը, քանի որ խիստ կուսակցականացման հետեւանքով ու դրա արդյունքում բաժան-բաժան է արվում մեր ժողովուրդը` «մեր մինուճար մնացած փոքր հայրենիքում»: «Որեւէ կուսկցություն ավելի բարձր չի կարող լինել ժողովրդից եւ պետությունից»,- ասաց նա` այս խորապատկերի վրա կարեւորելով առավելապես սեփական երկրում սեփական ժողովրդի ազատագրումը, ազատ հայ տեսնելու ցանկությունը, օտարվածության զգացողության հաղթահարումը, քանի որ «Եթե Հայաստանում չկա ազատ քաղաքացի, չկա եռագույն դրոշի բովանդակություն»:
Մտահոգ լինելով երկրի առկա վիճակով` Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ նշեց, որ դա ամենեւին էլ անլուծելի խնդիր չէ, իսկ խնդիրները լուծելու մեխանիզմը ժողովրդինն է` օրենքի եւ սահմանադրության համաձայն: Անցած 20 տարիները այլեւս համարելով պատմություն, նա մասնավորաբար նշեց, որ «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր հասկացել են, որ մեր անկախության 20 ամյակը տոնելուց հետո այլեւս պետությունը պետք է վերադարձնել ժողովրդին` գնալով ոչ թե դեպի անցյալը, այլ` ընտրելով նոր` չորրորդ իշխանության ճանապարհը, քանի որ նախորդ 3 իշխանությունները պատմական այս ժամանակահատվածում կատարել-սպառել են իրենց դերը, եւ չի կարելի իշխանությունն անընդհատ վերարտադրել: Կողմ եւ նախանձախնդիր լինելով երկրում կառավարման նոր համակարգի` պառլամենտական կամ վարչապետական ղեկավարման ձեւին, Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց նախընտրել երկրի զարգացման նոր ճանապարհը, ինչը միայն հնարավորություն կտա դուրս գալ անվստահության այս վիճակից: Կարեւորեց նաեւ սեփական ձայնին տեր լինելու եւ մինչեւ վերջ նրա համար պայքարելու վճռականությունը: Հույս հայտնեց, որ առաջիկա նախընտրական շրջանում դեռեւս նոր հանդիպումներ կունենան սիսիանցիների հետ` ապավինելով նրանց ոգուն, սկզբունքայնությանը, հավատին:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *