«Ես հպարտանում եմ իմ համայնքի յուրաքանչյուր բնակչով»

35-ամյա Սաշա Ստեփանյանը շուրջ 6 ամիս ղեկավարում է Շամբ եւ Դարբաս գյուղերն ընդգրկող Դարբաս համայնքը: Երիտասարդ համայնքապետի հետ մեր առաջին հարցազրույցով անդրադարձանք  համայնքի խնդիրներին և ոչ միայն…

-Պարոն Ստեփանյան, Դարբաս համայնքի նախորդ ղեկավարը՝ ազատամարտիկ, արցախյան քառօրյա պատերազմի նահատակ Մայիս Միրզոյանը, հարուստ ճանապարհ անցած, մեծ վաստակով, սիրված ու հարգված մարդ  էր: Դա Ձեզ  չի՞ ճնշում:

-Ինչու՞ պետք է ճնշի: Ինձ ավելի է ոգեշնչում եւ ուժ տալիս, որ նախորդ գյուղապետը մեծ ճանաչում ունեցող հզոր մարդ էր, ով զոհվեց հայրենիքի համար:

Թեպետ այս պաշտոնում նոր եմ, բայց պետք է հիշեցնեմ, որ 12 տարի մեր համայնքում ավագանու անդամ եմ եղել: Ուստի ծանոթ եմ բոլոր խնդիրներին եւ հարցերի լուծման եղանակներին: Ավելին՝ ունեմ խնդիրների լուծման սեփական մոտեցումներս:

-Դարբասն ընդգրկում է միմյանցից հեռու գտնվող երկու գյուղեր: Դա չի՞ խոչընդոտում Ձեր աշխատանքին, հատկապես որ բնակվում եք ավելի փոքրաթիվ բնակչություն ունեցող Շամբ գյուղում:

-Շամբն ու Դարբասը իրարից հեռու են, բայց այս համայնքի ժողովուրդը միասին է ապրել, այստեղ մարդիկ մեկը մյուսին լավ ճանաչում են: Նրանց հետ աշխատելն ավելի հեշտ է, քան թվում էր առաջին հայացքից: Նրանք բոլորն իմ հայրենակիցներն են: Ես բոլորին սիրում եմ, իսկ նրանք, ինչպես հարկն է, ինձ ընդունում են որպես համայնքի ղեկավար: Դա ինձ ոգեշնչում է, որպեսզի ես ուժեղ լինեմ իմ գործունեության մեջ:

Շամբ գյուղի մասին կասեմ, որ այն փոքր չէ. Սյունիքի մարզում միակ բնակավայրն է, որտեղ դատարկ բնակարաններ չկան: Շամբը երիտասարդ ու աշխույժ առօրյայով բնակավայր է: Շատ համայնքի ղեկավարներ կերազեն, որ ունենան այսպիսի համախմբված, բանիմաց ու գիտակից բնակիչներ: Ես հպարտանում եմ իմ համայնքի յուրաքանչյուր բնակչով:

-Որո՞նք են Դարբաս համայնքի հիմնական խնդիրները, և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում: Ի՞նչ  ծրագրեր ունեք:

-Դարբաս գյուղի հիմնական խնդիրը խմելու ջրի հարցն է: Խմելու ջրի ներքին ցանցի սպասարկման բավարար պայմանների բացակայության պատճառով գյուղը չունի խմելու մաքուր ջուր: Շուրջ 2 ամիս է, որ զբաղվում ենք խմելու ջրի վիճակի բարելավմամբ: Գործընթացը ուժի մեջ է, եւ համայնքը շուտով կունենա խմելու մաքուր ջուր:

Երկրորդ խնդիրը ոռոգման ջրի հարցն է. ոռոգման ջրի խողովակները հին են ու մաշված: Համայնքի զարգացման ծրագրում ներառել ենք շուրջ 2 կմ խողովակաշարի վերանորոգում՝ ինչ-որ չափով լուծելու ոռոգման ջրի խնդիրը:

Շամբում եւ Դարբասում խնդրահարույց է համայնքապետարանի շենքը: Այս տարի Դարբասում կվերանորոգվի եւ կկահավորվի նոր շենքը: Շամբում կառուցելու ենք Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշահամալիր: Բացումը նախատեսված է սույն թվականի մայիսի 9-ին: Ունենք ուրիշ շատ ծրագրեր, որոնք ուղղված են համայնքում տարբեր խնդիրների լուծմանը: Սակայն նախընտրում ենք չբարձրաձայնել: Դրանք կյանքի կկոչվեն, և բոլորս կնկատենք արդյունքները:

-Ձորերի կենտրոն, երբեմնի աշխույժ, շեն ու հզոր տնտեսությամբ Դարբասն այսօր դժվար ապրող բնակավայր է

-Նույնիսկ երկրի այսօրվա դժվարին պայմաններում Դարբասը պահպանել է իր բարի համբավը թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ հոգևոր ոլորտներում:

Շամբ գյուղում գործում են «Տատնի» հանքային ջրերի եւ «Շամբ բիզնես» պահածոների գործարանները: Դարբաս համայնքի բնակչության շուրջ 65%-ն ապահովված է աշխատանքով, իսկ մնացած մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ:

2010 թ.-ի մայիսից Դարբաս գյուղում գործում է Սուրբ Ստեփանոս եկեղեցին՝ սպասարկելով նաեւ Ձորերի տարաշարջանի մյուս բնակավայրերի բնակիչներին: Եկեղեցում ամեն օր առավոտյան կատարվում է ժամերգություն, կիրակի եւ տոնական օրերին մատուցվում է Սուրբ Պատարագ:

Եկեղեցու հարեւանությամբ գործում է թանգարան, որտեղ պահվում են համայնքի անցյալը ներկայացնող հետաքրքիր հնություններ: Եկեղեցուն կից գործող արվեստի դպրոցն ունի պարի, երգի, կավագործության, նկարչության, ուլունքագործության խմբեր, որտեղ սովորում են մոտ 40 սաներ:

Դարբասի՝ 16-րդ դարում կառուցված Արզվանի կամուրջը, որտեղով ժամանակին անցել է Անդրանիկ Զորավարը, 2012 թ.-ին դարբասցի բարերարների ներդրած միջոցներով բարեկարգվել է, եւ այսօր իր տեսքով նորովի է ներկայանում զբոսաշրջիկներին:

Այս ամենը շնորհիվ դարբասցի բարերարներ Արամ և Արմեն Ստեփանյանների, ովքեր համայնքում կանխեցին արտագաղթը: Շամբում ունենք նորակառույց, հարմարավետ ու գեղեցիկ դպրոց: Բարեկարգվել է դեպի Շամբի լճի վրա կառուցված մարգարտածաղիկ տանող ճանապարհը, որը զբոսաշրջիկների առաջ բացում է Որոտանի կիրճ տանող ուղին: Նախատեսվում է մարտ-ապրիլ ամիսներին ասֆալտապատել Շամբի խաչմերուկից մինչև Գետաթաղ ընկած ճանապարհը:

-Դուք երիտասարդ եք, նոր սերնդի ներկայացուցիչ: Դա խորհրդանշականորեն համարե՞նք գյուղի վերակենդանացման, վերաշենացման սկիզբ:

-Միևնույն է, մենք դատապարտված ենք սերնդափոխության: Ավագ սերունդը իր տեղը պետք է զիջի նորին: Բայց նոր սերունդն էլ իր հերթին չպետք է անտեսի նախորդ սերնդի ավանդույթները եւ բարի գործերը: Որպես նոր սերնդի ներկայացուցիչ՝ սկսել եւ շարունակում եմ տարբեր ոլորտներում իրագործել բարեփոխումներ:

Մեր համայնքի ապագան դեպի լավը փոխելու եւ ամուր հիմքերի վրա կերտելու համար կարևորում եմ բոլոր բարեփոխումները սկսել երկու բնակավայրերի մանկապարտեզներից: Մեծ ուշադրություն եմ դարձնում դրանց աշխատանքին: Շուրջ 25 տարի Շամբի մանկապարտեզը չի ունեցել ջրամատակարարում: Այժմ այն ապահովված է շուրջօրյա ջրով, բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմանները:

Համագործակցում ենք 2 գյուղերի դպրոցների հետ: Համայնքում կազմակերպում ենք ամենամսյա հանրային լսումներ, ինչը նախկինում չի եղել: Կուզենայի, որ մեր համայնքի բնակիչները եւ մեր հայրենակիցները հետեւեին մեր գործունեությանը, հանդես գային նախաձեռնություններով, առաջարկություններով, որի համար միայն շնորհակալ կլինենք: Սիրով կհամագործակցենք նաև հարեւան համայնքների հետ՝ ի նպաստ բնակչության բարօրության: Համոզված եմ, որ ցանկացած համագործակցություն կտա իր պտուղները:

Կարճ ժամանակահատված է, ինչ ղեկավարում եմ համայնքը, իմ ողջ ժամանակը տրամադրում եմ համայնքում նոր, դրական փոփոխություններ մտցնելուն:

Զրուցեց Դիանա ԲԱԽՇՅԱՆԸ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *