«ԵՍ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՍԻՍԻԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ»

Մեզ զանգահարեց Խանջյան փողոցի թիվ 1/ 22 բնակարանի բնակիչ, զոհված ազատամարտիկի այրի Մարինե Հարությունյանը եւ բնակիչների անունից խնդրեց հանդիպել իրենց, տեսնել, թե ինչ անպատկերացնելի եւ  անմարդկային վիճակ է տիրում իրենց շենքի մուտքում, եւ ինչ ահավոր պայմաններում են ապրում բնակիչները:

Եղանք նշված հասցեում: Մեր տեսածը, սակայն, ավելի քան ահավոր էր նրա նկարագրածից:
Անհնար է մտնել շենքի մուտք, գարշահոտություն է, իսկ կոյուղաջրերը ողողելով շենքի նկուղը՝ արդեն բարձրացել են 1,5 մետր:
Ինչպես նշեցին բնակիչները՝ այս խնդիրը առկա է 2000 թվականից, բայց վերջին 3 տարում դարձել է կատարյալ աղետ բնակիչների համար եւ համաճարակի օջախ, քանի որ կոյուղաջրերը արդեն խառնվում են խմելու ջրին, իսկ վթարված, ծակված խողովակներից ֆշշացող ջրի ձայնը տեղատարափ անձրեւի  նման  լսվում է մի քանի մետրից:
Կեղտաջուրը հասել էր արդեն շենքը սնուցող հոսանքի գծերին:
Նույն մուտքի 23 տան բնակիչ ժամկետային զինծառայող Սուրիկ Գրիգորյանն ասաց, որ ահազանգել են բոլորին՝ քաղաքապետարան, ջրմուղ, կոմունալ, փրկարարական ծառայություն, բոլորը տեղյակ են խնդրին, բայց 3 տարի որեւէ մեկը որեւէ միջոց չի ձեռնարկում  այս վտանգավոր վիճակից բնակիչներին հանելու համար:vorotan15012014-2
«Ահազանգել եմ թեժ գիծ, ձայնս արդեն ճանաչում են եւ հենց տեղեկանում են, որ զանգը Սիսիանից է, Խանջյան հասցեից, արագ ասում են՝ շենքի նկուղ լցված կեղտաջրերի համա՞ր եք զանգահարել: Ասացին՝ դիմեք քաղաքապետին, ասել եմ՝ որ քաղաքապետ ունենայինք, ձեզ չէի զանգահարի: Ես գնում եմ սահման եմ պահում, որ Սիսիանը ապահով լինի, բայց իմ երեխաները, իմ ընտանիքը վտանգի մեջ է: Մեր մուտքում  10 անչափահաս երեխա կա, նրանց համար եմ վախենում, երեխա են, իրար կհրեն, կբրդեն-կգցեն կեղտաջրի մեջ, խայտառակ կլինենք», – ասաց նա:
Ցույց տալով արդեն աստիճանահարթակ հասնող vorotan15012014-3կեղտաջրերը, ասաց, որ ինքն է  պոլիէթիլենով փակել նկուղային հատվածը  ուսուչուհի Անժիկ Մնացականյանի հուղարկավորության ժամանակ, որ մարդիկ կարողանային, գոնե, ելումուտ անել: Պատմեց, որ նույն այդ ժամանակ դիմել են նաեւ հուղարկավորությանը մասնակցելու եկած Սիսիանի քաղաքապետին, ով գարշահոտությունից է միայն իմացել, թե ինչ է կատարվում, եւ խոստացել է «համապատասխան հանձնարարականներ տալ»: Բայց՝ գնացել է ու մոռացել…
Սուրիկ Գրիգորյանը, ցույց տալով շքամուտքի բաց պատուհանները, ասաց, որ ինքն է  պոկել ապակու տեղ ծառայող պոլիէթիլենի թաղանթը, որ գարշահոտը մի քիչ դուրս գա շենքի մուտքից:
«Մենակ ընտրաձայն ուզելուց են բնակչին հիշում: Որեւէ պաշտոնյայի չի մտահոգում, թե ոնց է ապրում բնակիչը, ինչ սանիտարական պայմաններում, իրենք ապահով լինեն, աթոռի կռիվ է, մենք էլ ենք ուզում ապրել մարդավարի: Ձայն ես խնդրում, բնակչիդ մասին մտածիր»,-ավելի քան վրդովված ասաց թիվ 21 բնակարանի բնակիչ Լիդա Հակոբյանը եւ տարակուսանք հայտնեց, որ՝ «Կոմունալ վարձավճարները հավաքելու համար մի օր էլ ժամանակ չեն կորցնում, անգամ՝ դատարան են տալիս, սակայն բոլորովին չեն անհանգստանում, թե ինչ պայմաններում է ապրում բնակիչը, ում քվեով իշխանության են հասնում: Օրը հարյուր անգամ դուռը ծեծում են՝ ջրի փողը, աղբի փողը, տարածքի փողը, իսկ էդ փող ուզող ղեկավարները չեն ասում՝ բնակչի պայմանները ապահավո՞ւմ ենք, որ փող ենք ուզում: Նորմալ սպասարկեն, արքով էլ սպասարկման գումար ուզեն…:
Դիմել ենք քաղաքապետարան՝ ասում են դա մեր խնդիր չի,  դիմել ենք կոմունալին, ասում են՝ մեր խնդիրը չի, դիմել ենք պաժարնուն, ասում են՝ մեր խնդիրը չի, դիմել ենք ջրմուղին, ասում են՝ մեր խնդիրը չի, գումար հավաքեք՝ գանք ջուրը քաշենք:
vorotan15012014-1Ամեն անգամ գումար ենք հավաքում, գալիս են կանալիզացան բզբզում- գնում, մեկ ամիս հետո նույն իրավիճակը: Շենքի խոնավությունը հասել է երրորդ հարկի բնակարաններ անգամ:
Խանջյան 1/ա-ի ողջ կոյուղաջրերը լցվում են մեր շենքի նկուղ, որովհետեւ այդ շենքի կոյուղաջրերը գնում-հասնում են Բռնակոթի խաչմերուկի կանալիզացիա, այնտեղից ետ տալիս դեպի մեր շենք:
Դեկտեմբերի 29-ից մենք խմելու ջուր բացարձակ չունենք, մեր լվածքը, մեր հիգենայի հարցերը հոգում ենք բարեկամների տներում: Ինչքա՞ն կարող ենք հարեւանից, կողքի մուտքից ջուր ուզել:
Ես միայն ապշում եմ, թե ինչ է մտածում մեր քաղաքապետը, ինչով է զբաղվում, իր փողոցն ասֆալտի, իրա շենքը կամերաներով, ամեն ինչով ապահովի, ինքն ապահով ապրի, իսկ իր քաղաքի բնակիչները ո՞նց ապրեն էս կարգավիճակով: Վարակի բույն է, մեր երեխաները գարշահոտ են շնչում, քթներս բռնած ենք ելումուտ անում, գարշահոտը լցվում է տները: Շենքում կան հղիներ, կան փոքր երեխաներ, կան՝ տարեց մարդիկ: Այսպես երկար շարունակվել չի կարող: Մեղք ենք: Խմելու ջրի խողովակը ծակ է, եթե կանալիզացիայի ջուրը խառնվեց խմելու ջրին, բնակիչները կթունավորվեն, իսկ եթե մեկին էլ հիվանդանոց տանենք, կասեն՝ պատահաբար էր…
Բոլորը փախան Սիսիանից, ինչի՞ համար մնան: Էս մուտքում 3 ընտանիք է հիմնական բնակիչ, մյուսները փախել-գնացել են, նրանց տներում կենվորներ են ապրում, մենք էլ ենք գնալու, ինչի՞ մնանք Սիսիանում: Կա՞ մի հիմք, որ հիմնվենք դրա վրա ու մտածենք Սիսիանում մնալու մասին: Կա՞…»:

Հ.Գ. Մեզ մնում էր միայն արձանագրել բնակիչների մտահոգությունը, լուսանկարել, իսկապես, անմարդկային եւ սարսափելի պայմանները եւ ակնկալել, որ մարդկային գութ կարթնանա այն պատասխանատու կառույցների ղեկավարների սրտում, ովքեր կոչված են իրենց քաղաքի բնակիչների սպասարկման կարեւոր եւ պատասխանատու գործին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
15.01.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *