«ԵՍ ՑԱՆԿԱՑԱ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԱՐԳԵՎԵԼ ՄԻ ՕՐ, ՈՐԸ ԼԻՆԻ ԳԵՂԵՑԻԿ»

Սիսիանից դուրս գալու կամ` Սիսիան մտնելու ճանապարհին հայացքիդ առջեւ «բացվում է» մի տարածք` «Կանթեղ» խորհրդանշական անունով: Մերթ միջնադարյան ամրոց-պարիսպ է թվում` իր ատամնավոր աշտարակներով, մերթ` արեւի գույներով ու լույսով ողողված պարտեզ, մերթ` գիշերային երկնքից պոկված մի պատառիկ` խորհուրդներով ու հմայքներով լի:
«Կանթեղ» հանգստի գոտին է, որ ստեղծվել է բնության անթերի «թերությունը» ծածկել-քողարկելու համար, որ կառուցվել է` Որոտանի չքնաղ մի ափը իրենով ավելի հմայիչ ու գեղեցիկ դարձնելու համար: Եվ այդ «հրաշքը», ինչպես շատերն են որակում հանգստյան գոտին, կյանքի է կոչվել Աշոտ Մինասյանի գաղափարով` որպես պատանության, երիտասարդության տարիներից եկող երազի ու երազանքի իրականացում:
Ի՞նչ է «Կանթեղը» նրա համար, ինչո՞ւ է կառուցվել եւ ինչո՞ւ այդքան երկար տեւեց նրա ծնունդը:
Այս ու շատ այլ թեմաների շուրջ է մեր զրույցը Աշոտ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, երբ եւ ինչպես ծնվեց «Կանթեղն» ունենալու գաղափարը:
-Վաղու՛ց: Դեռեւս 1986-87 թ.թ.-ին, երբ սկսվել էր կոոպերատիվ շարժումը, մտածել եմ ունենալ սեփական սրճարան, թեյարան, գեղարվեստի սալոն: Ժամանակները թույլ չտվեցին ունենալ, համակարգը կարծրացած էր, հետո` պատերազմ էր… Պատերազմից հետո փորձեցի իրականություն դարձնել այն, ու կամաց-կամաց այն իրականություն դարձավ:
Առաջին քարը դրել եմ 1996 թ.-ին, 23 եղեւնին, որպես իմ զոհված եղբոր` Աղվանի երկրային կյանքի ու ապրած տարիների խորհրդանիշ, տնկել եմ հենց այդ ժամանակ: Մնացած ամեն ինչը կառուցվել ու ձեւավորվել է դրա շուրջ ու դրա խորհրդով:
-Երբ երազանքն իրականություն է դառնում, կարծես դադարում է երազանքին բնորոշ իր հմայքից: «Կանթեղի» դեպքում այդպե՞ս է:
-Չե՛մ ասի, թե այստեղ ամեն ինչ ավարտուն է: Մտքիս մեջ դեռ նոր գաղափարներ եմ մշակում, որը պիտի ձգտեմ ավարտին հասցնել: Չե՛մ ասի նաեւ, թե սա կատարելություն է: «Կանթեղը» ես դեռեւս չեմ ավարտել: Ես կավարտեմ այն ժամանակ, երբ ավարտվեմ: Իսկ ինչ որ չկարողանամ հասցնել, հույս ունեմ, որ իմ զավակները կանեն:
-Ինչո՞ւ` «Կանթեղ»: Արագած լեռան Լուսավորչի կանթեղի իմաստի հետ առնչություն ունի՞:
-«Կանթեղի» գաղափարը 15-16 տարվա պատմություն ունի, այն իմ ընտանիքի սիմվոլն է:
Կանթեղը մաքրության խորհրդանիշ է, կանթեղը լույս է, կանթեղը ջերմություն է, սեր է: Չե՛մ համարձակվի կապ տեսնել Լուսավորչի կանթեղի հետ, բայց կանթեղի խորհուրդը դա է` լույսի, գեղեցիկի, բարու սիմվոլը:
-«Կանթեղն» իրականություն դառնալու ի՞նչ ճանապարհ անցավ, ի՞նչ խոչընդոտներ հաղթահարվեցին:
-Ինձ հեշտությամբ ոչինչ չի տրվել կյանքում: Միշտ հասել եմ իմ նպատակին, բայց` դժվարությամբ: Վստահ եմ, որ միշտ էլ աստված ինձ օգնել է, բարի մարդիկ օգնել են` իմ նպատակին հասնելու ճանապարհին: Ու ես շնորհակալ եմ նրանց: Շնորհակալ եմ Սյունիքի մարզպետին` օգնելու համար, Սիսիանի քաղաքապետին` աջակցելու համար, իմ զինակից ընկերներին, իմ ընկերներին, իմ Սյունիք աշխարհին, որ օգնել են ինձ եւ ուրախ են իմ կատարածով:
Ինչ վերաբերում է խոչընդոտներին. դրանք լիքն են, եւ դրանց մասին չարժե խոսել: Բայց, փառք աստծո, բարի կամեցողներն ավելի շատ են: Ով որ ուրիշի ուրախությամբ կարողանում է ուրախանալ, աստված նրան ավելի մեծ պարգեւներ է տալիս: Երբ թեքվում ենք չարի կողմը, չարն է հաղթում, ուրեմն` պիտի միշտ թեքվել բարու կողմը:2011_80
-Հանգստի գոտու բացումը, որ կրում էր «Արեւի եւ լույսի տոն», իսկապես արեւի եւ լույսի տոն էր, եւ նշանավորվեց նաեւ չափազանց ճոխ, գեղեցիկ, անակնկալներով լի հանդիսությամբ, գինեձոնը դարձավ մեզանում դեռեւս չտեսնված շքեղ մի իրադարձություն: Ո՞րն էր նման ճոխությամբ գինեձոն կազմակերպելու նպատակը:
-Մինչեւ հիմա ամենատարբեր վայրերից ինձ զանգահարում եւ շնորհավորում են նման հանդիսություն կազմակերպելու համար: Գիտեմ նաեւ, որ շատերն են նեղացել, որ չեմ կարողացել իրենց էլ հրավիրել, թող ինձ ներեն բոլորը, որովհետեւ սիսիանյան տոն չէի կատարում, այլ` համասյունիքյան, գուցե նաեւ` հանրապետական: Ստացվեց թե` ոչ, չեմ կարող ասել: Պարզապես ես ցանկացա իմ ժողովրդին պարգեւել մի օր, որը լինի գեղեցիկ: Եվ շնորհակալ եմ բոլոր այն լավ խոսքերի համար, որ հնչել են: Յուրաքանչյուր քաղաքի տեր պիտի հպարտ լինի, որ իր քաղաքում նման միջոցառում է կազմակերպվում:
-Դուք ընկալվել, հասկացվել եք այնպես, ինչպես կցանկանայի՞ք:
-Ես չգիտեմ` ով որքանով է հասկացել իմ արածը, բայց ինձ սփոփում եմ աստծո խոսքով, որն ասում է` եթե 100-ի մեջ անգամ 3 հոգի է քեզ հասկացել, ուրեմն` հաղթել ես: Իհարկե, միայն շնորհավորանքներ չէ, որ ստանում եմ: Տեղում նաեւ այլ երանգներ են տալիս ասելով` ինչքա՞ն փող ես դրել եւ ի՞նչ եկամուտ ես սպասում: Պատասխանեմ, որ եկամուտ չեմ ակնկալում: Իսկ թե որքան գումար է ծախսվել, դա էլ էական չէ ոչ թե նրա համար, որ, ինչպես շատերն են ասում, էնքան փող ունեմ, չգիտեմ` որտեղ մսխեմ, այլ` պիտի արվեր այնպես, ինչպես նախատեսված էր, եւ դա պիտի արվեր բարձր որակով: Իսկ գեղեցիկի համար, մտածում եմ, ինչ էլ որ կատարում ես, արժե: Ստեղծողը ես եմ, բայց ինձ համար չէ, որ արել եմ: Այն, ինչ արել եմ, արել եմ իմ ժողովրդի համար եւ իմ հոգու հանգստության համար: Իսկ եթե կան մարդիկ, որ կարող են ավելի լավը անել, թող անեն:
-Հանգստի գոտու բացման տոնը տպավորիչ էր նաեւ իր անակնկալներով, գիշերային երկինք բարձրացող վառվող կանթեղներով, լուսա-գունային էֆեկտներով, գեղարվեստական կատարումներով: Ինչպե՞ս էր այն իրականություն դարձել:  
-Նման միջոցառումներ իրականացնելու` մեր նախատեսած ոճի մեջ մեր մարզում կարող ուժեր չկան, եւ մենք բոլորին հրավիրել էինք Երեւանից: Գինեձոնին մասնակցեցին «Միմ ստուդիոյի» դերասանները, ջութակահարների` «Նոր կվինտետ» համույթը (ղեկավար` Մանան Գարուկյան) ջութակահար Վարազդատ Խաչումյանը, լուսային ձեւավորումը կատարել էր «Օվացիա» պրոդյուսորական կենտրոնը, գեղարվեստական մասը մշակել էր Սամվել Մեսրոպյանը, դիզայներական աշխատանքները` նկարիչ-դիզայներ Արտյոմ Ղազարյանը, տեսահոլովակները պատրաստել էր կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանը: Գինեձոնն էլ վարեց սիրված դերասան Ազատ Գասպարյանը:
-Հանգստի գոտում առկա է հնագիտական, ազգագրական շատ հարուստ հավաքածու` թանգարան բաց երկնքի տակ` հնի ու նորի համադրությամբ:
-30 տարի շարունակ հավաքել եմ այն ամենը, ինչ ընկել է ձեռքս, ինչ հանդիպել է, եւ ինչը ես արժեք եմ համարել: Երբ առաջին իրը ձեռք բերեցի, արդեն տեսնում էի այս մտահղացումը:
-Ի՞նչ եք կարծում, հանգստի գոտու` Սիսիանից հեռու լինելը չի՞ խանգարի` այն բոլորին հասանելի լինել:
-Գեղեցիկը տեսնելու համար Լուվր էլ ենք գնում, Սթոուն Հենջ էլ, Էրմիտաժ էլ, Երեւանի պատկերասրահ էլ: Եթե Կապանից, Գորիսից, այլ վայրերից գալիս են այս գեղեցկությամբ հիանալու, չեմ կարծում, թե սիսիանցիների համար դժվար կլինի այս 1 կմ-ը հաղթահարելը:
-Այստեղ, կարծես, ոչինչ պատահական չէ, եւ ամեն ինչ ինչ-որ խորհուրդ ունի: Մինչեւ բացատրություն չտրվի այդ խորհրդանիշների մասին, մարդիկ կհասկանա՞ն, թե ինչ եք ցանկացել ասել, տվյալ իրը, առարկան ինչո՞ւ է այդպես դրված եւ` ինչո՞ւ հատկապես տվյալ տեղում:
-Ապստրակտ նկարիչը ամեն մեկի համար բացատրո՞ւմ է իր նկարը: Ով գեղագիտական ճաշակ ունի եւ զգացողություն, կհասկանա` ինչ եմ ուզել ասել:
-Օրինակ, հանգստյան գոտու մուտքը սկսվում է կշեռքով: Ի՞նչ է այն խորհրդանշում եւ` ինչո՞ւ մուտքի մոտ:
-Այո՛, կշեռք, որի իմաստն է` ամեն ինչ չափել համաչափության մեջ` մտքի, խելքի, արդարության, ֆինանսի իմաստով: Ամեն ինչի մեջ կա ներդաշնակություն, եւ հարկավոր է ամեն ինչ ներդաշնակության մեջ ընկալել:
Պղնձյա 2 կաթսաները երկրագնդի խորհրդանիշն է, երկրագունդը կենդանի մարմին է, եւ բոլորս նպաստում ենք նրա խաթարմանը, վրայի «Ծառատունկ» քանդակը խորհրդանշում է, որ պիտի ծառ տնկենք եւ պահպանենք այն: Ես ինձ համարում եմ երկրագնդի մասնիկներից մեկը եւ ապրում Պ. Սեւակի խոսքերով ասեմ` «Որ մայր հողը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»:
Անիվը հավերժական շարժման եւ հավերժական ընթացքի, կյանքի, աշխարհի խորհրդանիշն է: 23 եղեւնիները Աղվանի` երկրային կյանքի 23 տարիների խորհրդանիշը: Եղբայրս զոհվել է բարու համար, գեղեցիկի համար, մեր երեխաների համար, մեր պետության համար, հայրենիքի համար: Այստեղ տեղադրված է նաեւ մանկական խաղահրապարակ, որով ուզել եմ ասել, որ Աղվանն իր կյանքը զոհաբերել է նաեւ այսօրվա խաղաղ մանկության համար:
-Ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք հանգստյան գոտու հետ կապված:
-Գինեձոնին մենք միայն մի տոն նշեցինք` Արեւի եւ լույսի տոնը: Սակայն մտածում եմ նշել նաեւ քարի տոն, մետաղի տոն, ծաղկի տոն, երգի տոն, քանդակի տոն, հացի տոն, կազմակերպել մարզի ու հրավիրված նկարիչների ցուցահանդեսներ եւ այլն:
-Ի՞նչ կասեք տարածքը պահպանելու մասին. այստեղ ամեն ծաղիկ անգամ խնամված-մշակված է:
-Իհարկե, աշխատողներ ունեմ, որ ծաղիկը ջրելու են, խնամելու-քաղհանելու են, բայց այն պահպանելու խնդիրը միայն իմը չէ: Այն բոլորինս է: Դա նույնն է, որ եթե Արարիչը ստեղծել է երկրագունդը, ի՞նքը պիտի պահպանի, թե` մենք: Գեղեցիկը, հինը, նորը պահպանելը բոլորիս խնդիրն է: Հաֆեզն ասում է, չէ` Թող վարդը իր թփին, եթե քաղես, նա կմեռնի, եւ դու չես տեսնի նրա գեղեցկությունն ու հոտը չես առնի…
-Ինչպե՞ս կամփոփեք մեր զրույցի եւ տոնի զգացողությունը:
-Ուզում եմ հավատալ, որ կարողացա իմ Սիսիանին, իմ Սյունիքին, իմ ժողովրդին պարգեւել մի լուսավոր օր ու մատուցել գեղեցիկ եւ չամաչել գեղեցիկը գեղեցիկ մատուցելու համար:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *