«ԵՐԳԸ` ԿԱՄՈՒՐՋ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ»

Ռուսաց լեզվի մեկամսյակի շրջանակներում Սիսիանի ավագ դպրոցում անցկացված միջոցառումները եզրափակվեցին «Երգը` կամուրջ բարեկամության» ցերեկույթի ուրախ եւ խանդավառ ակորդներով: Այն ռուսերեն լեզվով հնչող երգի եւ ասմունքի  տոնակատարություն լինելուց բացի վերածվել էր հայ-ռուսական բարեկամության փառաբանման` երկու ժողովուրդների եւ նրանց հարուստ մշակույթի առնչությունների ներկայացմամբ: Բարեկամության կամուրջ դարձած երգը, հիրավի, հաճելի պահեր պարգեւեց ցերեկույթի մասնակիցներին, իսկ կատարողների շուրթերից հնչող ռուսերենը ոչ միայն ճիշտ էր արտաբերվեւմ, այլեւ` գրագետ էր ու ականջ շոյող:2010_122
Մեր` օտար լեզվի լավ իմացության համար պարտադի՞ր է թեքումով դպրոց ունենալը հարցին ի պատասխան դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանն ասաց, որ ցանկացած առարկայի` լավ դրվածքով է պայմանավորված նրա լավ յուրացումն ու տիրապետումը: Ինչ վերաբերում է դպրոցում ռուսաց լեզվի դրվածքին, հավելեց, որ վերջին տարիներին, պայմանավորված ռուսերենով ինտերնետ հաղորդակցմամբ, նրա վարկանիշը բարձրացել է դպրոցականների մոտ, եւ այն մյուս օտար լեզուների շարքում դարձել է ոչ պակաս մրցունակ:
Դպրոցում ռուսերենի լավ դրվածքը տնօրենը պայմանավորեց ռուսաց լեզվի ուսուցիչների աշխատանքով, մասնավորաբար այն կարեւորելով տարրական դասարաններից, ինչն ապահովում են Սեդա Սահակյանն ու Ջուլիետա Հակոբջանյանը: Իսկ միջոցառման գրագետ անցկացմանն օգնել եւ լեզվական առոգանությունը հղկել էին ավագ դպրոցի ուսուցիչներ Քրիստինե Աղաբեկյանը, Լիլիաննա Սահակյանը, Նարինե Ասլանյանը:
Շատ գեղեցիկ եւ տպավորիչ ելույթ ունեցան բոլոր մասնակիցները, իսկ Անուշի, Աստղիկի, փոքրիկ ու սքանչելի Սուսաննայի, Հակոբի կատարումներն ուղեկցվում էին դահլիճի համահունչ եւ խանդավառ ձայնակցմամբ:
Եվ հարկ է, որ Եսենինի, Դոստոեւսկու, Տոլստոյի, Լերմոնտովի, Պուշկինի, Մենդելեեւի լայնահունչ ու լուսածիր լեզուն պահպանի իր հարգը նոր սերնդի մեջ` դառնալով շփման եւ հաղորդակցման եւս մեկ կամուրջ երկու ժողովուրդների եւ նրանց հարուստ մշակույթների միջեւ:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *