«Զորաց քարերում» հետաքրքիր գտածոներ են պեղվել

img10_20141221203506

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով կազմված արշավախումբը ծառայության գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ օգոստոսի 16-ից վերսկսել է պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում:

Ծառայության տնօրենի տեղակալ, արշավախմբի ղեկավարի տեղակալ Կարեն Փահլևանյանի փոխանցմամբ, հնագետներն այս օրերին պեղումներ են իրականացնում հուշարձանի մի քանի հատվածներում: Բնակատեղիի հյուսիսից-հարավ ձգվող պարսպի ճարտարապետական կառուցվածքն ամբողջությամբ հասկանալու համար պեղվել է նրա մի հատվածը: Պարզվել է, որ այն թույլ գտածոներ-Զորաց-քարերումհիմքերի վրա է եղել կառուցված, շատ արագ և, ըստ երևույթին, պաշտպանական նպատակ է ունեցել: Փահլևանյանի խոսքով, պարսպի հատվածում ընթացող պեղումները հնարավորություն կտան որակական առումով է′լ ավելի լավ լուսաբանելու կառույցի պատմական նշանակությունը, առանձնահատկությունը:

Պեղվել է նաև հուշարձանի տարածքում առկա 30 դամբարաններից մեկը, որը մինչև ՊՈԱԿ-ի պահպանությանը հանձնելը, բազմիցս «արժանացել» է գանձագողերի, հովիվների, որսորդների ուշադրությանը:

«Սկզբում կարծում էինք, թե հետաքրքիր նյութ չենք կարողանա գտնել, սակայն երբ սկսեցինք պեղել դամբարանի կենտրոնական հատվածը, կավե անոթներ, դանակի ու նիզակի մասեր հայտնաբերեցինք: Ըստ երևույթին դամբարանում թաղված անձը հասարակության մեջ բարձր դիրք է զբաղեցրել», – ասաց Փահլևանյանը:

Հնագետները նույն հատվածում կենդանիների ոսկրեր, ատամներ են հայտնաբերել, նաև` ժանիքներ: Փահլևանյանի խոսքով, ամբողջական պատկերացում կարելի է կազմել միայն նյութի մշակումից, համադրումից և լաբորատոր ուսումնասիրությունից հետո: Այս օրերին արշավախումբը նաև օձի գլխով ապարանջան, բրոնզե ուլունքներ և այլ գտածոներ է հայտնաբերել:

Առաջիկայում հնագիտական արշավախմբին կմիանան նաև լեհ մասնագետները:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

աղբյուրը՝ magaghat.am

 

 

258 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *