«Է՛Ս Ի՞ՆՉ ԲԱՐԲԱԴ Ի, ՄԵ ԿԱՖԵ ԷԼ ՉԿԱ»

Հրապարակում ինձ մոտեցան երկու երիտասարդ աղջիկ: Բացօթյա սրճարանի տեղ հարցրեցին: Մի պահ շվարեցի, հետո արագ մտավ ածեցի ողջ Սիսիան քաղաքը, եւ միակ տեղը, որ հնարավոր եղավ առաջարկել դրսից Սիսիան եկած անծանոթ աղջիկներին, «Սուր եւ Սամի» «մատնոցաչափ» սրճարանն էր: Իմացա նաեւ, որ նրանք ուսանող էին, մշակութաբան եւ Սիսիանից հետո պիտի Գորիս գնային:
Մշակութաբան աղջիկները քաղաքից (Երեւան) քաղաք էին եկել ու քաղաք (Գորիս) էին գնալու:
«Սիսիանախենթ» մի սիսիանցի` Տիգրան Պապիկյան անուն-ազգանունով, արդեն թեւավոր դարձած մի խոսք ունի. «Որ Մոսկվայից գաս Սիսիան ու հիասթավես, հասկանալի է, որ Երեւանից գաս Սիսիան ու հիասթափվես, հասկանալի է, որ Գորիսից գաս Սիսիան ու հիասթափվես, մի կերպ հասկանալի է, բայց որ Վայքից գաս Սիսիան ու… հիասթափվես…»:
Սրճարանների «գծով» չի ասել, ընդհանրապես է ասել:
Բայց մի քաղաքում, որտեղ նույնիսկ բացօթյա սրճարան չկա…
Ընդամենը մի քանի տարի առաջ քաղաքի հրապարակում բացօթյա ժամանակավոր սրճարան դրվեց: Նորություն էր, ու «սովետիզմի» հոգեբանությանը դեռեւս գերի հանրությունը այն ժամանակ դժվար ընկալեց այդ նորություն-երեւույթը: Հասկացավ ավելի ուշ, որ դրանով հրապարակի սրճարանում նստող սիսիանցուն քաղաքի եւ քաղաքային իշխանության մի մասնիկը զգալու հնարավորություն  էր տրվել:
Նույն այդ ժամանակ բացօթյա սրճարաններ էին գործում Երեւանյան զբոսայգում, ուր անգամ… շատրվաններն էին աշխատում, Մանկական զբոսայգում, փոստի շենքի հարեւանությամբ, եւ էական չէ անգամ, թե ովքեր էին տերերը…
Այդ ժամանակ կյանքն ավելի դժվար էր, բիզնես հասկացությունը նոր էր, փող ամբողջ երկրում չկար, բայց Սիսիանը աշխույժ քաղաք էր ու… քաղաք էր:
Ու սրճարաններով էր նաեւ քաղաքից «քաղաքի համ ու հոտ գալիս», քաղաքը տեսք ու տպավորություն թողնում, քաղաքաբնակի տրամադրություն ու մտածողություն ստեղծում: Դրանցով էր նաեւ քաղաքային միջավայր, քաղաքային մշակույթ, քաղաքաբնակի մենթալիտետ, կուլտուրա, համակեցություն ձեւավորվում, հղկվում, ամբողջանում:  Գլխավորը… մեկ բաժակ սուրճը չէր…  Այն փոխհարաբերություն էր, բարեկիրթ ժամանց էր, գեղագիտություն էր, իրականության եւ բնական միջավայրի հետ շփում ու ներդաշնակություն էր: Եվ քաղաքը քաղաք էր, ուր քաղաքային միջավայր ու զգացողություն կար…
Բացօթյա սրճարանը սեզոնային երեւույթ է: Իսկ Սիսիանում (կլիմայով պայմանավորված) այդ սեզոնը տեւում է  2-3 ամիս: Սակայն նույնիսկ այդ 2-3 ամիսը  նպաստում էր քաղաքային միջավայրի կայացմանը, կայունացմանը, հարստացմանը, փոխանցմանը:
Սրճարանն ինքնին համահնչում է երիտասարդության, մտավորականության vorotan22062013-1(սոցիալական շերտի մասին չէ խոսքը), մշակութային ընկալումների հետ, ինչպես` «Պապլավոկն» էր Երեւանում, ինչպես` առաջին սրճարան-բառն էր Սիսիանի շրջանային մշակույթի կենտրոնում: Մինչդեռ` դրանց բացակայությունը ինքնին եւ բնականաբար ենթադրում է նաեւ վերոնշյալ ընկալումների բացակայություն եւ դրանց արժեքը գիտակցելու բացակայություն:
Սիսիանում քաղաքային միջավայրի փոխանցման «պորտալարը» հատվեց-կտրվեց սկսած այն ժամանակվանից, երբ Սիսիանը դադարեց ընկալվել ոչ թե որպես արժեքային համակարգ, ոչ թե որպես հոգեբանական միջավայր, այլ` բոստան բառի բուն եւ փոխաբերական իմաստներով: Եվ այդ ընկալմամբ էր, որ Սիսիանի` երբեմնի քաղաքային միջավայրը, քաղաքային կոլորիտը, հեղինակությունը, համբավը, դերը, նշանակությունը, իմաստը հասան «բոստանի եւ բոստանայինի» նշաձողին ու շարունակվում են առ այսօր…
Թե հետո ինչու փակվեցին, վերացան սրճարանները, երբ կյանքն ավելի էր բարելավվել, իսկ բիզնես-միջավայրը` ավելի ամրապնդվել, երեւույթը տեղավորեք «բոստանային մտածողության» մեր` վերը նշածի համատեքստում եւ ինքներդ կհամոզվեք, թե ինչու Սիսիանում այսօր անգամ բացօթյա սրճարան չկա, էլ չենք ասում` զբոսայգի չկա, հանգստյան գոտի չկա, խաղահրապարակ չկա, ավտոդրոմ չկա, ատրակցիոն չկա, խաղարան չկա, սահարան չկա (դեռ լավ է` կարուսելը պահպանվել է):
Գործկոմի շենքի դիմացի այգիում մի երկու տարի գործած սրճարանի` այսօր  կենդանության  նշաններ չցուցաբերելու հանգամանքն անգամ այդ նույն համատեքստում փորձեք գտնել:
Ասել, թե բացօթյա սրճարանը շահութաբեր է, կամ` շահութաբեր չէ, եւ նոր սրճարաններ չբացելը պայմանավորել դրանով, առնվազը մանկամտություն է:
Ասել, թե սիսիանցիները վճարունակ չեն եւ չեն սիրում սրճարան գնալ, դարձյալ համոզիչ չէ: Սրճարան հաճախելու գեղեցիկ ավանդույթն է անգամ մոռացվում Սիսիանում:
Մնում է փաստել, որ քաղաք համարվող Սիսիանում նոր սերունդը ինքնստինքյան անհաղորդ ու անմասն է մնում այն զգացողությունից ու զգացումից, որ ինքը… քաղաքի բնակիչ է` քաղաքաբնակին յուրահատուկ մտածելակերպով: Մյուս կողմից` նրա ամենօրյա տեսածը քարուքանդ, կեղտոտ, ցեխոտ, ջրափոսերով «զարդարուն» փողոցներն են, անխնամ, անբարեկարգ, «պարապությունից մեռնող» այգիները, ավերակված, «կմաղքացած» խաղահրապարակները, «գերեզմանված» շատրվանները, ի փոխհատուցումն տրված ընտրաձայնի` օրեցօր «ծլող-ծաղկող» գարաժները, խանութները, մոյկաները:
Իսկ այս միջավայրում` ի՞նչ քաղաքացի, ի՞նչ` քաղաքաբնակ, ի՞նչ` քաղաքացիական դիրքորոշում…«Բոստան», որտեղ իշխողը «սողան-սխտորի», «խոտի-խոտհարքի» հոգեբանությունն է…
Տարին մեկ-երկու, այն էլ` ուսանող երիտասարդության համար կազմակերպվող «տաշի-տուշին» ի զորու չէ ոչ միայն քաղաքային կոլորիտ ձեւավորել ու պահպանել, այլեւ` միայն սպառողական ու շահադիտական, միտումնավոր ու հաշվարկային հոգեբանություն է սերմանում, քանի որ դարձյալ «խոտի-խոտհարքի» «բանջարա-բոստանայինի» հոգեբանության տիրույթներում է:
«Մեռած քաղաք»: Իզուր չէ, որ հիմա բոլորը Սիսիանին այդպես են վերաբերվում եւ այդպես են ընկալում Սիսիանը: Այնքան «մեռած», ուր անգամ բացօթյա մի սրճարան չկա… գոնե քաղաք մտած հյուրի համար…

Հ.Գ. Տարիներ առաջ սիսիանցիներին քաջածանոթ Վարգուհին խմբագրություն էր եկել: Մտածելով, որ կուլտուրական տեղ է մտել, սկզբում «մե մանեթ» ուզեց: «Չկա՛»,- կոպտորեն պատասխանել էր այն ժամանակվա խմբագիրը: «Դե որ չկա, մե բոթուլ տուր»,- միայն դրանից հետո էր իր «փեշակին» անցել Վարգուհին: «Չկա՛, չկա՛»,- այս անգամ արդեն ահաբեկված տոնով կոպտել էր խմբագիրը: «Է՛ս ի՞նչ բարբադ ի, մե բոթուլ էլ չկա»,- ասել էր վիրավորված Վարգուհին ու հեռացել:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
22.06.2013

Մեկ Արձագանքման «Է՛Ս Ի՞ՆՉ ԲԱՐԲԱԴ Ի, ՄԵ ԿԱՖԵ ԷԼ ՉԿԱ» համար

  1. Լուսինե Ազոյան says:

    Այո, շատ ցավալի է, եւ հենց դա էր պատճառը, որ ես եւ իմ ընտանիքը որոշել էինք հաճելի մի անկյուն ստեղծել. Գարնանը պետք է սկսեինք աշխատանքները, եթե չլիներ այն վայրագությունը, որ արեցին այդ այգու հետ, ու ես, քանի ամիս է, գործս թողած զբաղվում եմ նամակ գրելով այս նախարարությունից այն նախարարություն, Սիսիանի քաղաքապետարանից Սյունիքի մարզպետարան: Ու մարզպետարանից ստանում եմ ծիծաղելի պատասխան` կցված Սիսիանի քաղաքապետարանի սուտ նամակների, թերի որոշումների եւ բնակիչների` ծիծաղ հարուցող դիմում-նամակների հետ, ըստ որի այդ այգին բացարձակ կապ չուներ ծառերը էտելու կամ ոչնչացնելու հետ: Ու թող ամաչեն այն 4 ավագանիները, ովքեր քվեարկել են Սիսիանում այդ բարբարոսությունը կատարելու օգտին:
    Թող ինձ ների Արեւհատը, որ իր հոդվածները մեկնաբանելիս շեղվում եմ նյութից, բայց ըստ էության այնքան էլ շեղում չէ եւ ընդհանրացնում է գրված հոդվածը:
    Բողոք-նամակ էի գրել Սյունիքի մարզպետարան Հիդրոշինարարների այգու ծառերը փրթելու եւ ցանկապատը ջարդելու վերաբերյալ, ու ստացել պատասխան, որ ոչ միայն վերականգնողական աշխատանքներն են արված-ավարտած են, նույնիսկ` ավել աշխատանք է կատարվել` ներկվել է ցանկապատը: Պատկերացնում եք` ներկել են միայն վերականգնված ցանկապատը, այն էլ` 2 տարի առաջ տոննաներով Սիսիանի քաղաքապետարանին բարեգործական նպատակներով շենքերի մուտքերը նեկելու համար տված ներկով: Տեսնես տոննաներով տված ներկից քանի մուտք են վերանորոգել, որ խնայել են անգամ ցանկապատի մնացած հատվածների վրա օգտագործել: Ասում եք` այգու ծառերը ձերն են, դե ուրեմն ցանկապատն էլ ձերը, դա էլ ներկեիք: Իսկ մինչ օրս չեն վերացրել այդ այլանդակության հետքերը: Կոմունալ, բա ասում էիր` կանենք: Մարդիկ են գալիս այգի, քայլում են, նստում, երեխաներ են խաղում, դե մաքրեք, որ լուսավորությունը միացնենք: Ամոթ է, իսկապես` ամոթ է: Ինչ ենք տանելու էս կյանքից: Հաշիվ տվեք ամենքդ ձեզ, ու ամենքս` մեզ:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *