«Ժառանգությունը եւ բնությունը». ՍԻՍԻԱՆՑԻՆ ՀԱՑՈՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է…

22119204_1175560762588524_88139279_n

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում «Ժառանգությունը եւ բնությունը» խորագրով միջոցառումներին Սիսիանի պատմության թանգարանը միացավ ավանդական` «Հացի տոնով»:

«Ժառանգությունը եւ բնությունը» խորագիրը նպատակ ունի հանրությանը առավել ընկալելի դարձնել մշակութային ժառանգության եւ այն հանգրվանող բնության ներդաշնակությունը, ընդգծել ժառանգության կենսունակությունը` շոշափելով բնության զարկերակը:

Սիսիանի` Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի հերթական` 13-րդ հացի տոնը կրում էր «Աշխարհը գութանի մոտ կլիանա…» խորագիրը:

Թանգարանի` Հացի սրահում Դարբասի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր-Ընծա Միրզոյանը  կատարեց հացի օրհնության կարգ:

Պատմության թանգարանի տնօրեն Լյուդմիլա Գրգորյանը նշեց, որ սկսած 2005 թվականից` թանգարանը նշում է Հացի տոնը, որի նպատակը հացի հետ կապված սովորույթի վերականգնումն ու տոնի միջոցով փոխանցելն է, ապա երախտագիտություն հայտնեց թանգարանի առաջին տնօրեն Ծ. Պետրոսյանին, ով տարիների ընթացքում մեկիկ-մեկիկ հավաքել է բազմաթիվ պատմություններ, սովորություններ` կապված հացի հետ, որի արդյունքնում ծնվել եւ ավանդույթի ուժ է ստացել այս տոնը: «Սյունիքում մարդն ու հացը տարեկիցներ են, եւ բազմաթիվ վկայություններ կան, սկսած Ք.Ա. 9-7 հազարամյակներին թվագրվող իծագիր ժայռապատկերներից, ավելի ուշ թվագրվող տապանաքարերից, որոնք պատկերում են հերկի տեսարաններ, մինչեւ մեր անհանգիստ ժաDSC06942մանակները»,- ողջույնի խոսքում նշեց թանգարանի տնօրենը, ապա բնությունը եւ ժառանգությունը համատեքստում նշեց, որ մեր ժառանգությունը հացն է, մեր ժողովրդի հարստությունը հացն է: Բոլոր ժամանակներում, ինչպիսի իրավիճակում էլ եղել են սիսիանցիները, միշտ իրենց հացից բաժին են հանել կարիքավորին, տվել են ոչ թե ավելը, այլ` մեծ դժվարությամբ ստեղծածը:

Անդրադառնալով «Աշխարհը գութանի մոտ կլիանա» խորագրի ընտրությանը, թանգարանի տնօրենը նշեց, որ դա Սասունցի Դավթին ուղղված` հայ շինականի, ռանչպարի խոսքն է, որն ըստ էության աշխատանքի, գութանի, արարելու, ստեղծելու, աշխատող ձեռքի, քարից հաց քամողի, մշակի եւ հողի փառաբանումն է` աշխարհը գութանի մոտ կուշտ կլինի մշտանորոգ պատվիրանով…

Հացի, ցորենի մասին ծավալուն խոսք ասաց իր ամենօրյա աշխատանքը հացի եւ ցորենի հետ կապած մասնագետը` Գագիկ Խաչատրյանը: Հետաքրքիր էր նրա խոսքը ու հարուստ` սկսկած արմատական բառարանում հաց բառի բացատրություններից մինչեւ նրա փոխաբերական ու դարձվածքային իմաստներով գործածությունները: «Ցորենը բազմիմաստ արտահայտություն է. բուսաբանի համար այն հացաբույս է, քիմիկոսի համար` օրգանական միացությունների կոմպլեքս, գենետիկի համար` հանելուկային օրգանիզմ: Մելիորատորն օգտագործում է որպես հողապաշտպան մշակաբույս: Կրոնում ցորենն ընդունվում է որպես խորհրդանիշ: Գեղանկարիչը եւ լուսանկարիչը այն դիտում են որպես նմուշօրինակ: Աշխարհի միլիարդավոր բնակչության համար այն անհրաժեշտ սննդամթերք է, իսկ շատ շատեDSC06965րի համար` գոյության միջոց»,-նշեց Գ. Խաչատրյանը` իր խոսքը, բնականաբար, ամփոփելով եւ եզրափակելով Համո Սահյանով, ում համար հացն ու ցորենը Աստված են` Հացի գովքը սահման չունի, Թե խոնարհվել պետք է մեկին, Նախ` մայրիկին, ապա` հացին…

Ողջունելով հացի տոնի մասնակիցներին, կազմակերպիչներին` Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նշեց, որ սիսիանցին հացով ժողովուրդ է, ու հիշեց պատմությունից բոլորին հայտնի այն իրողությունը, որ սովի տարիներին սիսիանցիներն են հացով պահել հարեւան` Վայոց ձորի շրջանի մարդկանց, եւ սիսիանցին իր մի կտոր հացը կիսել է բոլորի հետ, բաժին հանել նաեւ Սիսիան եկած Անդրանիկի զորքին: Համայնքի ղեկավարը նշեց, որ Հացի տոնը, առաջինը լինելով մեզանում, միակը չէ, քանի որ արդեն ավանդական են դառնում նաեւ ազնվամորու եւ մեղրի փառատոները, որով ներկայացնում ենք մեր մշակույթն ու պատմությունը:

Բաժանվեց մատաղ եւ հարիսա, ներկաները եւ տոնի մասնակիցները ճաշակեցին հալվա եւ գաթա: Որպես բարեբերության եւ առատության խորհրդանիշ` ներկաների գլխին շաղ տրվեց ցորեն: Քաղաքային մշակույթի տան ժողգործիքների համույթի գեղեցիկ կատարումները ապահովեցին տոնական տրամաբրությունը:

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցում «Ժառանգությունը եւ բնությունը» խորագրի ներքո կազմակերպվել է էտյուդների ցուցահանդես:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

985 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *