«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՊՈՒՐԱԿԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է

Նիկողայոս Ադոնցի արձանի շրջակայքը հավակնում է դառնալ Սիսիանի կանաչապատ ու գեղեցիկ մի անկյուն, եւ հավակնությունները բնավ էլ անտեղի չեն:
Հակամարտող երկրների կանանց հիմնախնդիրներով զբաղվող սիսիանյան նախաձեռնող խմբի կանանց ջանքերով, մասնավորաբար` Գայանե Սիմոնյանի նախաձեռնությամբ, արդեն մաքրվել է արձանի շրջակայքը, հանվել-տեղափոխվել աղբը, հարթեցվել տարածքը եւ ցանվել սիզախոտի սերմ: Տարածքում տեղադրվել են քարե 4 նստարան` բնության 4 տարերքի խորհրդանիշերով եւ համաստեղությունների նշաններով: Ինչպես հավաստիացնում է Գայանե Սիմոնյանը, գարնանը կտնկվեն վարդի թփեր, եւ «Խաղաղության» անունը կրող պուրակը կդառնա սիրո, խաղաղության պուրակ, որովհետեւ այդ հասկացությունները պայմանավորված են միմյանցով եւ անբաժան իրարից:
Նման ծրագրեր կյանքի կոչելուն աջակցում, օգնում եւ խրախուսում է հակամարտող երկրների կանանց հիմնախնդիրներով զբաղվող «Քեյ-Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիան եւ այլ կառույցներ:
Ահա նախապատրաստական այս աշխատանքներից հետո էր, որ Ն. Ադոնցի արձանի տարածքում, ՀՀ անկախության եւ Խաղաղության միջազգային օրվան նվիրված, բացվեց սիսիանցի ստեղծագործող կանանց եւ տղամարդկանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, ինչը սիսիանյան նախաձեռնող խմբի` թվով 2-րդ ցուցահանդեսն էր, եւ առաջինը` բացօթյա:
Որպես համագործակցության, միմյանց խնդիրները հասկանալու եւ կիսելու վկայություն` ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ պատվիրակություններ հակամարտության մեջ գտնվող այլ տարածաշրջաններից` Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից, Գորիսից, Կոռնիձորից, ում հետ ծրագրեր են իրականացնում վերը նշված միջազգային կազմակերպությունները:
Ողջունելով ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը` Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի նախագահ Նատալյա Մրտիրոսյանը նշեց, որ այս հողի վրա ապրողն այս հողի աղն է, հողի շինարարը, հողը գեղեցկացնողը, իսկ այդ հողի վրա ապրող կանայք հրաշալի ներուժ են, ինչը թե մեր պետությունը, թե մեր հասարակությունը իրավունք չունեն չօգտագործել:
Մասնավորաբար անդրադառնալով կանանց հիմնախնդիրներով զբաղվող կառույցների գործունեությանը, նա նշեց, որ չարդարացված ու չհիմնավորված տպավորություն կա, որ կանանց կողմից կամ կանանց համար իրականացվող ծրագրերը ուղղված են տղամարդկանց դեմ: «Բնավ այդպես չէ,-ասաց նա,- մեր ծրագրերը ցանկություն ունեն ավելի շատ ներդաշնակություն մտցնել մեր ընտանիքներում, մեր հասարակության 2 զանգվածների մեջ, քանի որ տղամարդն ու կինը լրացնում են միմյանց, ոչ թե` խանգարում»:2011_89
«Քեյ-Ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար Էնթնին, որ երկրորդ անգամն է Սիսիանում մասնակցում կանանց նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված ցուցահանդեսի, նշեց, որ յուրաքանչյուր համայնք, հասարակություն ունի իր շարժիչ ուժը, եւ այդ ուժը համարեց էներգիայով, գիտելիքներով, մտահղացումներով լի այն կանանց, ովքեր իրենց ուսերին տանելով կյանքի դժվարություններն ու հակամարտությունները, ջանք չեն խնայում դրանց վերացման ուղղությամբ` ապացույցը համարելով այսօրինակ ցուցահանդեսները:
Ցուցահանդեսին մասնակցող նկարիչ Պայքար Գալստյանը չթաքցրեց ուրախությունը նախ` իր մասնակցության, ապա` ներկայացված աշխատանքների ոճերի, ձեւերի բազմազանության առումով: Ասաց, որ հպարտանում է Սիսիանում այսքան շատ ստեղծագործողներ լինելու համար, միաժամանակ ցանկություն հայտնեց, որ նմանօրինակ ցուցադրությունները դառնան ավանդական, որովհետեւ Սիսիանը ցուցադրելու շատ բան ունի: Իր երկար տարիներ վրձինը թողած նկարչի համար այն նոր խթան կդառնա` կտավին հանձնելու հատկապես հայկական գյուղական կենցաղը, ինչը, ցավոք, այլեւս կորցնում է իր նախնական իմաստն ու դերը, ինչը, գոնե, կկարողանա պահպանել կտավներում:
Ցուցահանդեսին մասնակցած Սաթենիկ Սարգսյանը, Աննա Բաբաջանյանը, Արգինե Սահակյանը, Լիլիթ Նավասարդյանը, Ավագ Ավագյանը, Վարդան Գալստյանը, առաջին անգամ նման ցուցահանդես-վաճառքի մասնակցող Ժիրայր Ավանեսյանը գոհունակություն հայտնեցին այսպիսի ցուցահանդեսներ կազմակերպելու համար եւ նշեցին, որ ստեղծագործող Սիսիանն իրեն բացահայտելու թաքնված շերտեր դեռ շատ ունի, ու դրանց բացահայտմանը շատ բանով կնպաստեն այսպիսի ցուցահանդեսները:
Իր տպավորությունը կիսելով մեզ հետ` «Քեյ-Ինթերնեյշնլ»  կազմակերպության անդամ Խաթուն Ատիկյանը նշեց, որ նախորդ ցուցահանդեսից հիմք դրված ավանդույթը շարունակվում է, կանայք էլ, տեսնելով իրենց աշխատանքի արդյունքը, ոգեւորվում են, զգում, որ ընտանիքին օգտակար լինելով հանդերձ, իրենք ավելի ինքնուրույն ու ստեղծագործ են դառնում: Նա կարեւորեց ոչ միայն նախաձեռնող խմբի, այլեւ համայնքի մյուս անդամների ընդգրկվածությունն ու աջակցությունը «Խաղաղության» պուրակը իրականություն դարձնելու մեջ:
Այս առումով հարկ է նշել Մհեր ու Վարդիկ Սիմոնյաններին, Դավիթ Այվազյանին, Սլավիկ Խաչատրյանին, Մարտիկ Բաղդասարյանին, կոմունալ բարեկարգման գրասենյանի պետ Պողոս Ղազարյանին, արձանի հարակից շենքի բնակիչ Լեռնիկ Մկրտչյանին եւ այլոց:
Ցուցահանդեսն իրենց կատարումներով գեղեցկացրեցին ՄՊՍկ-ի եւ արվեստի դպրոցի պարի խմբերի սաները:
Հույս հայտնվեց, որ ավանդական դարձող այս միջոցառումը նոր շունչ ու թարմություն կմտցնի Սիսիանի հանրային կյանքում:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *