«Կորցնելու ենք թե՛ քաղաքացուն, թե՛ պետությունը»

Սիսիանի «Ո՛չ թալանին» նախաձեռնության խումբն` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հունիսի 19-ին անցկացվելու է բողոքի ակցիա: Զրուցել ենք նախաձեռնության անդամ, ակտիվիստ, 32-ամյա Արսեն Ավագյանի հետ:

– Սիսիանում ինչպե՞ս ստեղծվեց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նախաձեռնությունը եւ սկիզբ առան բողոքի ակցիաները:

-Սիսիանի «Ո՛չ թալանին» նախաձեռնության խումբը ձեւավորվել է էլեկտրաէներգիայի թանկացման խնդիրն առաջանալուց հետո: Մենք սկզբում տեղեկացանք, որ «Ո՛չ թալանին» անվանումով նախաձեռնության խմբեր կան թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում, եւ որոշեցինք, որ մեր խումբն էլ այդպես կոչվի, քանի որ մեր նպատակներն իրականում չեն տարբերվում: «Ո՛չ թալանին» անվանումն ինքնին շատ բան է հուշում. դա վերաբերում է ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլեւ գազի թանկացմանը ու այն բոլոր միջոցներին, որոնցով կեղեքում են հայ ժողովրդին: Սկզբում ձեւավորված նախաձեռնության կորիզը բաղկացած է եղել 3-4 հոգուց: Առաջին ակցիան, որ եղել է մայիսի 12-ին, սկսվել է ինքնաբուխ, զուտ մտահոգության հենքի վրա եւ անցել է քննարկման ձեւով: Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել են խումբ-խումբ քննարկումներ, մարդիկ մոտեցել ու առաջարկություններ են արել, թե ինչ կարելի է ձեռնարկել, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա:
Հիմա մեզ շատ մարդիկ են միացել, եւ մեր թիվն օրեցօր մեծանում է: Մեզ միացած բոլոր մարդիկ առանց տրտնջալու աշխատում են: Այժմ մեր շուրջ համախմբվել են լուրջ տնտեսագետներ, մանկավարժներ, իրավաբաններ:
Սկսել ենք ուսումնասիրել ՀԷՑ-ի հայտը, որով նա դիմել էր հանրային հարցերը կարգավորող հանձնաժողով, եւ ոչ մի լուրջ հիմնավորում չենք գտել այդ հայտում: Իրենց հիմնավորումներն ավելի շատ ծիծաղելի են, եւ մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ էլեկտրաէներգիայի սակագինը դեռ իջնելու եւ մինչեւ 25 դրամ հասնելու տեղ ունի:
Երկրորդ բողոքի ակցիան, որը երթի տեսքով էր, եղել է մայիսի 27-ին: Մենք ցուցանակներով ու դրոշներով դուրս էինք եկել փողոց:
Օրենքի շրջանակներում խնդրի լուծմանը տանող ցանկացած քայլի դիմելու ենք, լինի բոյկոտների, թե անհնազանդության տեսքով: Մեր ընդհանուր պահանջն ուղղված է ՀՀ վարչապետին եւ նախագահին, որովհետեւ գիտենք` նման խնդիրները լուծել կարողացող ուրիշ մարդիկ չկան: Փորձում ենք ընդգրկել նաեւ տարածաշրջանի գյուղերը, ինչն այնքան էլ դյուրին չէ. ճանապարհները վատ են, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված ոչ բոլորն են կարող ներկա գտնվել բողոքի ակցիաններին, բայց ստորագրությունների միջոցով մարդիկ միացել են մեզ: Մենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ստորագրահավաք ենք կազմակերպել եւ ստորագրություններն ուղարկել ենք հանրային հարցերը կարգավորող հանձնաժողով:
Սիսիանում գործող հասարակական կազմակերպությունների մեծամասնությունը միացել է մեզ, եւ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում աջակցում է: Իրականում մեզ պետք է արդյունք, եւ ոչ թե մտահոգ ձեւացող մարդիկ, քանի որ ինքներս ամեն ինչ հասցնում ենք: Հիմա` այս պահին, մինչ ես հարցազրույց եմ տալիս,  իմ ընկերները փողոցում թռուցիկներ են բաժանում:

-Մի քիչ կպատմե՞ք նախատեսվող երրորդ բողոքի ակցիայի մասին:

-Հունիսի 19-ին նախատեսում ենք շատ մեծ հավաք, որովհետեւ ժողովուրդը շատ զայրացած ու վիրավորված է: Բայց չենք հուսահատվելու եւ տեղի չենք տալու. համախմբված դուրս ենք գալու փողոց: Ժամը 18:00-ին հավաքվելու ենք Սիսակ Նահապետի անվան հրապարակում: Երթուղին անցնելու է Սիսական, Նիկողայոս Ադոնց, Իսրայելյան, Արամ Մանուկյան փողոցներով ու հասնելու է նորից Սիսակ Նահապետի անվան հրապարակ: Հավաքների մասին օրենքի համաձայն, տեղեկացրել ենք Սիսիանի քաղաքապետարանին, եւ դա ընդունվել է ի գիտություն: «Ո՛չ թալանին», «Ձեռքներդ դու՛րս մեր գրպանից», «Չենք պատրաստվում վճարել ուրիշի փոխարեն» եւ այլ կոչերով պաստառներով, ինչպես նաեւ դրոշներով ու թմբուկներով երթ է լինելու: Մեզ ուղեկցելու է հայրենասիրական ոգով երաժշտությունը:
Հիմա արդեն սկսել են ամառային արձակուրդները եւ ուսանողները վերադառնում են Երեւանից, Արցախից, Գորիսից, Կապանից: Նախօրոք իրազեկում ենք նաեւ իրենց ու գիտենք, որ միանալու են մեզ: Տուն առ տուն մտնում եւ մարդկանց իրազեկում ենք, թռուցիկներ ենք բաժանում, նաեւ փողոցների պատերին ենք փակցնում թռուցիկները: Ու այդ ամենն անում ենք օրենքի սահմաններում:
Մեր կողքին կանգնած են անգամ սիսիանցի ազատամարտիկներ, ովքեր հոգեբանորեն սատարում են մեզ եւ հունիսի 19-ի ակցիայի ժամանակ ելույթ են ունենալու:
Ցանկալի է, որ այդ օրը ԶԼՄ ներկայացուցիչները ներկա լինեն: Չեմ ուզում բացել փակագծերը, բայց շատ հետաքրքիր ու բազմամարդ հավաք է լինելու, որ անկասկած կհետաքրքրի թե՛ իրենց, եւ թե՛ իրենց լսարանին:

– Հունիսի 19-ի ակցիայի հետ կապված ի՞նչ հույսեր եւ ակնկալիքներ ունեք:

– Մեր հույսը ՀՀ քաղաքացիներն են, ու եթե քաղաքացին դուրս չգա փողոց` ոչ մի արդյունք էլ չի լինի: Խնդիրն իրենց միջոցով պետք է լուծվի. ինչպես ժողովուրդն ասում է՝ «Գյուղ կանգնի` գերան կկոտրի»: Ակնկալիքը մեկն է, որ նախ չբարձրացնեն էլեկտրաէներգիայի սակագինը եւ երկրորդ՝ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնեն ու դարձնեն 25 դրամ, որովհետեւ դրա համար տեղ կա:
Կարող ենք Հայաստանի բոլոր քաղաքներով միասնական դուրս գալ ակցիայի, որպեսզի արդյունքի հասնենք: Նման ակցիա Կապան քաղաքում էլ է լինելու: Շփման արդյունքում տեղեկացել ենք, որ մտահոգված մարդիկ ինքնաբուխ դուրս են գալու փողոց: Այնտեղ իրազեկում եւ կազմակերպում այնպես, ինչպես մեզ մոտ է, չի լինելու:
Մենք բոլորս առաջին հերթին քաղաքացիներ ենք, հետո նոր բնակիչներ: Մենք պետք է մեր հողի վրա ամուր կանգնած զգանք եւ ոչ թե կռացած շարունակենք: Այսպես էլ հնարավոր չէ: Եթե «վերեւներում» պարտքեր են գոյացել, դա դեռ չի նշանակում, որ մեր գրպաններից պետք է վճարեն իրենց պարտքերը:

-Հիմնախնդրի լուծման հետ կապված ի՞նչ կոչ կանեք հայաստանաբնակ Ձեր տարեկից երիտասարդներին:

-Սիսիանի «Ո՛չ թալանին» նախաձեռնության խմբի անունից կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, հատկապես` ուսանողությանը միանալ ակցիային իրենց քաղաքներում: Մենք շատ լավ գիտենք, որ այդ տարիքի երիտասարդները ո՛չ էլեկտրաէներգայի եւ ո՛չ էլ գազի վարձ չեն վճարում. իրենց ծնողներն են վճարում` պարտքեր անելով, եւ ուսանողը գործնականում պատկերացում չունի, թե դա ինչ հոգս է: Հիմա պետք է գիտակցել, որ եթե այսպես շարունակվի, ապա վաղն իրենք են հայտնվելու իրենց ծնողների կացության մեջ: Դրա համար էլ պետք է բոլորը գիտակցեն, ոտքի կանգնեն, ինքնակազմակերպվեն: Հիմա դա պետք է անեն իրենց ծնողների, իրենց ապագա ընտանիքների ու երեխաների համար: Տան պատերի ներսում բողոքներն արդյունք չեն տա: Եւ խոսքերը, թե իշխանավորներն ինչպես ուզենան, այնպես էլ կվարվեն, հիմնականում ասում են այն մարդիկ, ովքեր օգտվում են «կերակրատաշտից»: Պետք չէ այդպես… Մենք` ժողովուրդս ենք երկրի տերը, եւ, պետք է այնպես անենք, որ մեզ ծառայելու համար կոչված իշխանությունը ծառայի մեզ հավուր պատշաճի` ըստ սահմանադրության: Սրանք պահանջատիրական ակցիաներ են: Մենք պահանջում ենք, որ խնդիրը լուծվի, քանի որ այն, ինչ ուզում են թույլ տալ ժողովրդի նկատմամբ` անօրինական է: Եթե կառավարությունը, իշխանությունը, նախագահը հաշվի չեն առնի, ապա… մենք նախորդ հավաքի ժամանակ հայտարարել ենք, որ մեզ չդրդեն ծայրահեղ քայլերի, քանզի հիմա հացի խնդիր է: 

Եւ այսպես շարունակվելու պարագայում կորցնելու ենք թե՛ քաղաքացուն, թե՛ պետությունը:

Զրուցեց Դիանա Բախշյանը

աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/arsen_avagyan-hy/#.VYRMkkhIgjc.facebook

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *