«ԿՈՒԶԵՆԱՅԻ 30 ՏԱՐԵԿԱՆ ԼԻՆԵԼ, ΄ԱՅՑ…

ՆՐԱՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ


…Հրապարակի աջ կողմում տեսա հին ու համեստ կոշկակարանոցը: Շուջբոլորը շատ բան է փոխվել, բայց հին ժամանակների կոշկարանոցը հնի բեռն ու հին փառքը շալակած` դեռ իր տեղում է եւ … աշխատում է: Շատ շատերի պես ես էլ թե՛ նախկինում, թե՛ հիմա իմ կոշիկները վարպետ Յուրիկի մոտ եմ վերանորոգել ու միշտ գոհ եմ մնացել: Կոշկակարանոցի մյուս վարպետներն էլ լավ տպավորություն են թողել, բայց թե ինչու եմ նախընտրել վարպետ Յուրիկին, չեմ կարող ասել: Գուցե` բարյացկամ ու պատրաստակամ վերաբերմունքը, գուցե` դռան մոտ ավելի տեսանելի նրա` կոշկակարի սեղանը, գուցե` իր սեղանին ներդաշնակորեն ձուլված լինելու զգացումը, չգիտեմ, գուցե` բոլորը միասին: Ու մտքովս անցավ, թե ինչու մինչեւ հիմա որեւէ հոդված, ակնարկ կամ հրապարակում չեմ գրել նրա մասին, եւ մտա կոշկակարանոց: Մթնոլորտն այնտեղ աշխատանքային էր, միաժամակնակ` հանգիստ ու խաղաղ: Առանց նախաբանի զրույց եմ սկսում 75 ամյա Էդվարդ Սարգսյանի հետ, որին բոլորս ճանաչում ենք վարպետ Յուրիկ անունով: ……
Թե ինչպես եւ ինչու է ընտրել հատկապես կոշկակարի մասնագիտությունը, դժվար չէ կռահել ու ենթադրել. ֆիզիկական սամանափակ հնարավորությունների պարագան  պիտի որ խոչընդոտ ու արգելք չդառնային նրա համար` հատկապես այդ աշխատանքում ու արգելք չէ ահա արդեն 54 տարի: Մի քիչ «պարտադրված» մասնագիտությունը հետո դարձավ սիրված, հետո դարձավ կյանքի ուղեկից, հետո դարձավ իրեն ճանաչում ու վաստակ բերող, հետո` առանձնաշնորհ` կոշկակար Յուրիկ, ում այսպես Սիսիանում ճանաչում են ահա արդեն 54 տարի: Իմ` նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն լինելու դեպքում ինչ մասնագիտություն կընտրեիր հարցին վարպետ Յուրիկը միանշանակորեն պատասխանում է. «Նույն մասնագիտությունը: Սա հենց այն է, ինչ ինձ պետք է»: Կոշկակար Յուրիկն ապրել ու աշխատել է երկու հասարակարգերում էլ, շփվել սոցիալական տարբեր շերտերի մարդկանց հետ: Ասում է, որ կոշիկը նույնպես սոցիալական դիրքի մասին ամեն ինչ ասում է, բայց իր պարտականությունը միայն հաճախորդների պատվերները կատարելն է: «Ինչպես իրենք պատվիրում են, այնպես էլ վերանորոգում կամ սարքում եմ կոշիկը: Ես տարբերություն չեմ դնում մարդկանց միջեւ, նրանց դիրքով եւ ունեցվածքով չեմ առաջնորդվում իմ պատվերը կատարելիս, ես իմ գործն եմ անում, եւ չի պատահել, որ որեւէ մեկը դժգոհի իմ աշխատանքի որակից»: Մեր իրականության մեջ լավատեսորեն միայն դրականը նկատող փորձառու կոշկակարը, սակայն, մտահոգ է սոցիալական մի շերտի համար. «Մարդիկ ցամաք հացի փող չունեն: Լավ կլինի, որ աշխատատեղեր ստեղծվեն, ու մարդիկ աշխատեն»: Թեեւ մեր իրականության մեջ շատ ու շատ բաներ դուր չեն գալիս վարպետ Յուրիկին, հասարակությանը նա նրբանկատորեն է վերաբերվում, ասելով`«Ինչ իրավունք ունեմ կոպիտ վերաբերվել: Ես էլ եմ այս հասարակության մեջ ապրում, իմ ընտանիքն էլ, իմ ընկերներն էլ, բա որ շուռ գան ու իրենք էլ ինձ կոպիտ պատասխանե՞ն: Կյանքն ու ապրելը կդառնանան, առանց այն էլ` դառնությունն այնքան շատացել է»:
54 տարի վարպետ Յուրիկի հետ կողք կողքի աշխատող 71 ամյա Գուրգեն Կարապետյանը, երբեմն-երբեմն խառնվելով ընդհանուր զրույցին, ասաց, որ հեշտ է Յուրիկի հետ աշխատելը, այլապես այդքան տարի հնարավոր չէր լինի միասին աշխատելը ու հավելեց. «Յուրիկը լավ ընկեր է, լավ մարդ, լավ վարպետ: Պատահում է, որ աշխատանքից հետո էլ ենք միասին անցկացնում մեր ժամանակը: Շատ ենք իրար սովորել ու առանց իրար չենք էլ պատկերացնում»: Աստված չանի` նրանցից մեկն ու մեկը հիվանդանա. մյուսն առանց մեկի իրեն կիսատ է զգում: Կարեւորը հոգու առողջությունն ու ներդաշնակությունն է. ֆիզիկական թերությունը շատ ժամանակ չես էլ նկատում: Քի՞չ կան ֆիզիկապես առողջ, ուժեղ, բայց հոգով աղքատ ու տկար, աշխատանիքի համար` անպիտանի մարդիկ:
Վարպետ Յուրիկը հասցրել է կյանքում ամեն ինչ ժամանակին ստեղծել եւ ունենալ: Իր ամենամեծ հաջողությունը եւ հարստությունը, սակայն, համարում է իր ընտանիքը: Տիկին Զաբելան նրա կյանքի ուղեկիցն է ահա արդեն 49 տարի: Միասին են աշխատել նաեւ նախկինում, Զաբելան կենցաղսպասարկման կոմբինատում կար ու ձեւ էր անում, գորգագործություն, Յուրիկը նաեւ կոշիկ էր կարում: Տիկին Զաբելան չի դժգոհում ամուսնուց, ասում է, որ լավ ամուսին է, լավ հայր, առավելապես` լավ պապիկ, բարի է, համեստ, աշխատասեր:
Սկեսրայրի մասին մի առանձին հարգանքով է խոսում հարսը` Լուիզան. «Նույնիսկ անարժաններին կարող է լավություն անել հայրիկը ու չփոշմանել: Չի սպասում` պատասխանի: Զարմանում եմ նաեւ, որ հայրիկն այդքան բարի ու նվիրված է մնացել: Կյանքը նրան չի փոխել, դժվարությունները նրան չեն կոպտացրել: Թոռնիկների համար հոգին էլ կտա: Չի դադարում աշխատել, չի ասում` թոշակառու եմ, նստեմ տանը եւ վայելեմ իմ հանգիստը, աշխատում է եւ անգամ այս տարիքում օգտակար լինում ընտանիքին, մարդկանց»:
Երբ դուրս եկա Սարգսյանների բնակարանից, քայլեցի, իմ կարծիքով, ոչ մարդաշատ մի փողոցով: Բայց փողոցը մարդաշատ էր արեւածաղկի սերմեր չրթող, ծխախոտի մնացորդը գետնին նետող, եկող-գնացող աղջիկների արտաքին տեսքը անբարեկիրթ ու աննրբանկատորեն քննարկող, ծամածռվող երիտասարդներով: Պարապ-սարապ երիտասարդներով: Ափսոսեցի, որ մեր օրերում մարդկային այս ահռելի ներուժը այսպես անիմաստ ու աննպատակ վատնվում, սպառվում է` անիմաստ սպառելով իր ամենամեծ հարստությունը` երիտասարդությունն ու ժամանակը: Հիշեցի վարպեը Յուրիկի ափսոսանքը. «Կուզենայի 30 տարեկան լինել, բայց` այս մտածելակերպով»: Մտածեցի, որ վարպետ Յուրիկն անտեղի է ափսոսում, որովհետեւ 30 տարեկանում էլ նա արդեն շատ բաների էր հասել, ինչի չեն հասել այսօրվա 30 տարեկան շատ երիտասարդներ` առողջ, ոտ ու ձեռով: Բա որ հանկարծ, աստված չանի, նաեւ ֆիզիկական խնդիրներ ունենային…
Վարպետ Յուրիկը դժգոհ չէ իր ճակատագրից ու իր բախտից, իր շնորհաշատ զավակներից, իր ունեցածից, ապրում է արժանավայել կյանքավ, հանգիստ խղճով ու …ճիշտ, եւ ապրում է մեր կողքին…

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *