«ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ. ՌՈՒ »-Ն ԱՇԽԱՐՀԻ 8-ՐԴ ՀՐԱՇԱԼԻՔԸ ՉԷ

200 եւ ավելի «համադասարանցինե՞ր»… Դա հնարավոր է միայն «Համադասարանցիներ. ռու» ինտերնետային սայթում: Այսօր մարդկության մեծամասնությունը գիտի, թե ինչպես է դա արվում: Պարզապես գրանցում են անուն-ազգանունը, ծննդյան ամիս-ամսաթիվ-տարեթիվը, բնակավայրի անունը, տեղադրում սեփական ֆոտոն, կամ այդ բոլորի փոխարեն աղավաղված, նույնիսկ` հումորային տվյալներ եւ կեղծ կամ սիմվոլիկ ինչ-որ ֆոտո: Հետո ունենում են «հյուրեր», ստանում «գնահատականներ», «նվերներ», «նամակներ», դառնում «ընկերներ» և այդպես` շարունակ: Սակայն անտրամաբանական է, որ մարդը, նույնիսկ ողջ օրը եւ օրեր շարունակ սայթում «գտնվելու» դեպքում ի վիճակի լինի և կարողանա հաղորդակցվել իր բոլոր 200 «ընկերներ»ի հետ: Իսկ թե ինչի՞ համար են նրանք ապահովում այդ քանակական աճը, և ի՞նչ է նրանց տալիս դա, հնարավոր է, որ իրենք էլ չեն կարող որևէ որոշակի պատասխան տալ:
Ու մինչ միլիոնավոր մարդիկ սայթում նորանոր բացահայտումներ են կատարում, ես կփորձեմ բացահայտել «Համադասարանցիներ.ռու»-ի դրական և բացասական կողմերը: Այն հանգամանքը, որ համայն մարդկությունը, ինչպես նաև` աշխարհասփյուռ հայությունը սայթի միջոցով կարող է դյուրին ձևով հաղորդակցվել, լիովին դրական է: Սայթը նաև հնարավորություն է ընձեռում` «փնտրել» եւ «գտնել» հեռավոր բարեկամներին, վաղեմի ընկերներին, համադասարանցիներին: Բայց չմոռանանք, որ «չկա բարիք առանց չարիք»: «Համադասարանցիներ. ռու»-ում գրանցվում են տարբեր տարիքի, սեռի, ազգության, կրոնական խմբերի, բնավորության եւ խառնվածքի տեր մարդիկ, ովքեր ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած այդ հնարավորությունը կարող են ի չարս օգտագործել` վտանգելով ինչպես անհատների, այնպես էլ` զույգերի, ընտանիքների անդորրը, սերն ու երջանկությունը: Քանի որ մեր օրերում արդեն սովորական երեւույթ է ինտերնետային ծանոթությունների վրա հիմնված ամուսնությունները, չի բացառվում, որ այդ միությունները կարող են կայանալ կեղծ տվյալներով ծանոթացած մարդկանց միջև և ունենալ անհաջող, դժբախտ, նույնիսկ` ողբերգական ավարտ: Քիչ չեն այն դպրոցականները, ուսանողները, տնային տնտեսուհիները, ովքեր, մոռանալով իրենց հիմնական զբաղմունքի մասին, դառնում են ինտերնետամոլներ: Նրանց մոտ առաջանում է վիրտուալ կախվածություն, որը հիվանդության մի տեսակ է, երբ մարդիկ մոռանում են իրենց շրջապատող աշխարհն ու կյանքը` կտրվելով այդ ամենից:
Հիշեցնելուց հետո, որ «Համադասարանցիներ. ռու»-ն աշխարհի 8-րդ հրաշալիքը չէ, այլ` ընդամենը միջոց է, ես կգնեմ իրական ծաղիկներ, իրական շոկոլադներ եւ իրական նվեր ու կայցելեմ մեր այսքա՜ն իրական քաղաքում բնակվող իմ իրական ընկերուհուն…

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *