«Հավելյալ սնուցումը միջանկյալ քայլ է…»

Հիրավի յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենաերջանիկ իրողությունը մայրանալն է: Սակայն չպետք է երջանկությունից «գլուխը կորցնել» ու մոռանալ նույն երջանկությունից բխող հաճելի պարտականությունների կատարման մասին: Երեխաները մեր ապագան են: Մնում է, որ մենք նրանց ապահովենք առողջ ապագայով` հատկապես կյանքի առաջին 2 տարիների ընթացքում ճիշտ սնուցման ու խնամքի շնորհիվ:
Սյունիքի մարզի «Դարբասի առողջության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, ընտանեկան բժիշկ Անուշ Ներսիսյանի հետ զրուցեցինք երեխայի կյանքի 1-ին 2 տարիների ընթացքում անհրաժեշտ ճիշտ սնուցմանն ու խնամքին վերաբերող հարցերի շուրջ:
– Մանկիկի կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում ինչպիսի՞ն պետք է լինեն նրա եւ մոր սննդակարգերը:
– Մայրերին խորհուրդ ենք տալիս մինչեւ 6 ամսական երեխաներին կերակրել բացառապես կրծքով, որովհետեւ մայրական կաթն իր մեջ պարունակում է անհրաժեշտ բոլոր օգտակար նյութերը՝ մանկիկի աճի եւ զարգացման համար: Կերակրող մոր սննդակարգում կան որոշակի առանձնահատկություններ. ինչպեսեւ հղիության շրջանում՝ նա շարունակում է  սնվել լիարժեք, բազմազան, թարմ սննդով ու ամենակարեւորը չի ուտում 2 հոգու փոխարեն: Միեւնույն է, դրանից կրծքի կաթը չի ավելանում, աղջիկներն ավելորդ ճարպակալում են, իսկ այսօր, փառք աստծո, մեր երիտասարդները մտածում են իրենց առողջության  մասին:
-Երեխային բարուրելու, լողացնելու, տակդիր հագցնելու հետ կապված ի՞նչ նրբություններ ու սահմանափակումներ կան:
– Մայրիկների մեծ մասը ու նույնիսկ տատիկները բարուրելու մասին արդեն գիտեն: Բարուրելու ընթացքում երեխայի մոտ կարող է առաջանալ կոնքազդրային հոդախախտ, որը կհանգեցնի կոնքազդրային կաղության: Այդ իսկ պատճառով մենք այսօր խորհուրդ ենք տալիս ընդհանրապես չբարուրել երեխային: Եթե սովետական տարիներին ասում էին. «Պետք է բարուրել 7 օր ու վերջ», ապա հիմա ասում ենք. «Ծնված պահից չպետք է բարուրել»: Լողացնել անհրաժեշտ է օրվա մեջ 1-2 անգամ` կախված տարվա եղանակից: 7-10 օրը մեկ կարելի է օգտագործել հատուկ մանկական շամպուններ: Պորտը չենք մշակում. դնում ենք միայն ստերիլ անձեռոցիկներ` մինչեւ պորտի չորանալը: Տակդիրներ օգտագործում են հենց ծնված օրվանից. դրանք ամենահիգիենիկ եւ անվտանգ միջոցներն են:
-Ինչպիսի՞ն պետք է լինեն 0.5-1 տարեկան երեխաների եւ նրանց մայրերի սննդակարգերը:
-Մայրերի սննդակարգին արդեն անդրադարձանք: 6 ամսական դարձած երեխային պետք է շարունակել կերակրել կրծքով` աստիճանաբար անցնելով հավելյալ սնուցման: Երեխային հավելյալ սնուցում տալուց անհրաժեշտ է հետեւել որոշակի կանոնների`
ա) երեխան պետք է առողջ լինի. հիվանդ երեխային անծանոթ սնունդ չենք տալիս, բ) երբ նոր ենք սկսում հավելյալ սնուցումը, երեխայի սննդի մեջ պետք է օգտագործել 1 տեսակի սննդամթերք (խառը մթերքներից պատրաստված սնունդ միանգամից չենք տալիս), գ) հավելյալ սնուցումը սկսում ենք քչից շատ եւ նոսրից խիտ սկզբունքով: Մենք մայրերին տրամադրում ենք հատուկ բրոշյուրներ («Վորլդ Վիժն» ՄԲԿ-ի Սիսիանի ՏԶԾ-ն ապահովել է), որոնք հուշում են, թե երբ եւ ինչպես երեխային տալ տարատեսակ սնունդներ:
Հավելյալ սնուցումը միջանկյալ քայլ է՝ կրծքով սնուցումից դեպի ընդհանուր սեղան:
Կովի կաթը՝ որպես ըմպելիք, մինչեւ 1 տարեկան երեխային տալ չի կարելի: Խուսափում ենք աղ ավելացնել մինչեւ 1 տարեկան երեխայի սննդի մեջ: Մեղր, հատապտուղներ, պահածոյացված սնունդ, թեյ, սուրճ, գազավորված ընպելիքներ չի կարելի տալ տվյալ տարիքային խմբին պատկանող երեխային:
– Ինչպիսի՞ն պետք է լինի 1-2 տարեկան երեխաների սննդակարգը:
-Մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը պետք է շարունակել կրծքով սնուցումը: Քանզի մայրական կաթը երեխայի համար կյանքի 2-րդ տարում (1-2 տարեկանում) վիտամինների հիմնական աղբյուր է հանդիսանում (վիտամին C 95%, վիտամին A 55%, վիտամին B): Սովորաբար 1-2 տարեկան երեխան արդեն օգտվում է ընդհանուր սեղանից:
Խորհուրդ չեմ տալիս մինչեւ 3 տարեկան երեխաներին տալ գնված սնունդ` չիպսեր, թխվածքներ, թթվասեր, կաթնաշոռ, նրբերշիկներ, պատրաստի կերակրատեսակներ եւ այլն: Երեխայի ստամոքսն ու լյարդը շատ նուրբ են: Օրինակ՝ խանութից գնված թխվածքն իր մեջ պարունակում է կոնսերվանտներ, որոնք քաղցկեղածին են, մնում են օրգանիզմում, դուրս չեն գալիս եւ վնասում են լյարդը: Ստամոքսահյութի թթվայնությունը երեխաների մոտ շատ ցածր է, ուստի սննդամթերքի` աչքով ոչ տեսանելի միկրոբային աղտոտվածությունը երեխաների մոտ ավելի հաճախ է հանգեցնում սննդային թունավորման, քան մեծահասակների: Ոչինչ չի կարող փոխարինել մոր պատրաստած թարմ սննդին: Այս պարագայում էլ կարեւոր է` ինչպիսի սննդամթերք են ընտրում (առողջ, առանց թունաքիմիկատների մշակված) եւ, թե հետո ինչպես են մշակում, որպեսզի մի կողմից միկրոբային աղտոտվածություն չունենա, մյուս կողմից էլ վիտամինները չկորցնի. ոսկե միջինը պետք է պահել:
Զրուցեց Դիանա Բախշյանը
http://www.asparez.am/news-hy/havelyal_snucum_mijankyal_qayl-hy/#more-75555

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *