«ՀԱՑԸ ՊԱՐՔՈՎ ՉԻ ՏՐՎՈՒՄ. ՆԵՂԱՆԱԼ ՉԿԱ»

Վերջերս բակային փոքրիկ կրպակներից մեկում  պատահաբար ականատես եղա, թե ինչպես էր վաճառողուհին մերժում հաճախորդին` «Հացը պարտքով չի տրվում: Նեղանալ չկա»: Ճնշող էր: Հուսահատ էին թե վաճառողը, թե` հաճախորդը: Ես ակամա մտաբերեցի, որ 90-ականների կեսերին մեր քաղաքական գործիչներից մեկը ժողովրդին խորհուրդ տվեց ստեղծված սոցիալական բարդ վիճակից դուրս գալու համար հարեւան- բարեկամներից պարտք անել` «յոլա գնալ»: «Խորհուրդն» այն տարիների համար զավեշտալի էր, այսօր` մարգարեական: Պարտքով ապրուստը «դարձավ» մեր կենցաղի անբաժանելի մասը:
Պարտքով առեւտուր երեւույթը սնող արմատները գտնել փորձելը գրեթե անհնար է, այն սոցիալական բացասական փոփոխությունների ծնունդ է, որ մեծացել ու արդեն հասուն չարիք է դարձել. ծնվեց աննկատ, տարածվեց անհասկանալի արագությամբ, հարմարավետ տեղավորվեց մեր տներում, խճճվեց մեր կենցաղին, միաձուլվեց մեզ ու դարձավ… ՍՈՎՈՐԱԿԱՆ:
Պարտքի սարդոստայնում ժամանակ առ ժամանակ հայտնվում են բոլորը, միայն թե` դրդապատճառներն են տարբեր ու անհատական: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ աչքդ տեսնում, սիրտդ ուզում է ավելին, քան` ներում է գրպանիդ պարունակությունը: Ահա այստեղ է, որ նորից ու նորից կարելի է վիճել. պարտք տվողները սկզբում հայտնվեցի՞ն, թե` պարտք վերցնողները: Այնուամենայնիվ, պարտք ենք բոլորս.  պարտք ենք միմյանց, պարտք ենք բանկերին, հագուստի խանութներին, գրախանութներին, ինչու չէ, նաեւ` դեղատներին ու հատկապես` պարենային խանութներին:
Պարտքով առեւտուր կատարելը թերեւս նման է բացասական կախվածության, սկզբում հեշտ է ու գրավիչ, այնուհետեւ` սովորական, իսկ որոշ ժամանակ անց` տհաճ, բայցեւ` անդառնալի: Եւ եթե նկատել եք, արդեն բոլորս դարձել ենք պարտքամոլ:
Սկզբում «տոկոսով» գումար տվողներն էին, նրանց կոչեցինք վաշխառուներ, հետո եկան բանկերը, որոնց առաջարկած գրավիչ վարկերը կախարդական ուժ ունեն եւ այնպես են գերում ու հիպնոզացնում, որ վերցնելուց հետո ես միայն հասկանում. դու արդեն մեկ , երկու կամ մի քանի տարով վարկառու ես դարձել, այսինքն` ապրելու ես պարտքով: Դրական է, որ վերցրածդ վարկով ինչ-որ նպատակ ես իրականացնում, բացասականը  բարձր տոկոսներն են, սպասարկման անհասկանալի վարձերն ու ուշացման դեպքում տույժ-տուգանքների չափերը:
Առանձին ու անվերջանալի քննարկման թեմա է պարենային խանութներց պարտքով առեւտուր կատարելը: Եվ պարտքով տալն ու պարտքով առեւտուր կատարելն ունեն իրենց փոխկապակցված պայմաններն ու չգրված օրենքները: Որպեսզի քո անունը հայտնվի վաճառասեղանի պատվավոր անկյունում դրված պարտքի տետրերից որեւիցե մի «հատորում», նախ պետք է լինես այդ խանութի մշտական հաճախորդը, հետո որեւէ պայմանով պարտքով գնումներ կատարես ու այն վերադարձնես ժամանակին, եւ ահա դու կախման մեջ ես, վաճառողուհին` հանգիստ: Ու շատանում են պարտքիդ զրոները, անբերեխիղճ վաճառողների դեպքում դրանք ավելի արագ են աճում, քան` կարող ես նկատել: Հայտնվում ես անբացատրելի հոգեբանական վիճակում, մտնելով խանութ, ինքդ քեզ համոզում ես, որ ընդամենը այսինչ բանն ես վերցնելու, ավելի` ոչինչ, զուր  տանջանքներ են, միեւնույն է, վերցնելու ես թե՛ պետքակա եւ թե՛ ոչ պետքական ապրանքներ, մտածելով` հո ամեն օր չես գալու վիզդ ծռես, քանի եկել ես, մի քանի օրվա առեւտուր կատարես: Քեզ անպաշտպան ես զգում հատկապես այն պահին, երբ ընդհանուր գումարը հաշվարկելիս` հաշվիչի էկրանին հայտնվում է քո պատկերացրած թվից բավականին մեծ թիվ: Ու թեեւ տուն ես մտնում անհրաժեշտ պարենով, այնուամենայնիվ, անբացատրելիորեն ընկճված ու վերջնական որոշած` այլեւս պարտքով առեւտուր չես կատարելու: Բայց…
Այս երեույթը, ցավոք,  սոցիալական բոլոր շերտերն է ախտահարել, պարտքացուցակներում կարելի է հանդիպել թե՛ վճարունակ, թե՛ խիստ կարիքավոր, թե՛ պարզապես անպարտաճանաչ ու «մոռացկոտ» մարդկանց անուններ: Այս երեւույթի մեջ էլ, թերեւս, կան եւ ընդունելի եւ անընդունելի պահեր: Ընդունելի է, որ այդ չարիքի թակարդն ես ընկնում ընտանիքիդ օրվա հացի խնդիրը լուծելու համար, անընդունելի է, երբ ընտանիքի տղամարդը օղի կամ գարեջուր վայելելու համար է ավելացնում արդեն կուտակված պարտքի չափը: Ընդունելի է, երբ վաճառողը սոսկ կարեկցանքից ելնելով է օգնում մարդկանց, անընդունելի է խաբելն ու անպիտան ապրանքը իրացնելը: Ընդունելի է, երբ պարտք վերցնելիս համոզված ես, որ կկարողանաս այն վերադարձնել, անընդունելի է կուտակելն ու անելանելի վիճակի մեջ հայտնվելը: Անընդունելի է նաեւ, երբ մեծերի փոխարեն երեխաներն են գնումներ կատարում ու սովորում, որ կարելի է ինչ-որ բան գնել ու չվճարել, էլ չենք ասում, որ այս դեպքում նրանք էլ իրենց կողմից են ավելացնում պարտքը` չինական տարատեսակ գունավոր, բայց` թունավոր սնունդ գնելով:
Պարտքով առեւտուրը սովորական է նաեւ հագուստի խանութներում, այ այս դեպքում վստահորեն կարելի է ասել, որ պարտքով տալը գլխավոր միջոցն է ապրանքն իրացնելու համար: Մեծամասամբ հագուստ գնում ենք, երբ` կամ արդեն ստիպված ենք, հագնելու ոչինչ չունենք, կամ` որեւէ միջոցառման պետք է մասնակցենք, կամ` արդեն ձյուն է եկել, իսկ ձմեռային հագուստ չունենք: Հազվադեպ ենք այդ քայլին գնում պարզապես մեզ հաճույք պատճառելու համար: Ի՞նչ հաճույք, եթե այս ամենին նաեւ ավելացնենք, որ, մարդ ես, հյուր պետք է գնաս, կամ` հյուր ընդունես, ծնունդ կա, կնունք կա … Արդյունքում փրկության միակ օղակը նորից մնում է… էլի պարտքը…
Որքան էլ վերլուծենք ու քննադատենք, անհերքելի են նաեւ երեւույթի դրական կողմերը, այն օգնել եւ օգնում է, որ շատ ընտանիքների երեխաներ փրկվեն դպրոց չգնալու վտանգից, թեկուզ` պարտքով, բայց ունենան համապատասխան հագուստ,  գրենական պիտույքներ, առավոտյան քաղցր թեյ: Շատ շատերի կյանքն է փրկվել, դեղերը, թեկուզ պարտքով, բայց ժամանակին են հասել:
Այս ամենից հետո չենք կարող չասել, այս երեւույթը թեպետ բացասական է, չարիք է, բայց հիմքում ընկած են մարդկային ամենավեհ հատկանիշները` կարեկցանքն ու փոխվստահությունը, որն էլ օգնում է վերջնականապես չթեւաթափվել, ապրել ու պայքարել այն հույսով, որ մի օր մեր հանճարեղ նախնյաց պես սերունդներին կասենք. «Ապրեք երեխե՛ք, բայց մեզ պես չապրե՛ք…»:

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *