«ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԾՆՈՂ Է, ԾՆՈՂԸ` ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»

ՀՀ ՊՆ N զորամասից Ավետիք եւ Մարինե Հայրապետյանների հասցեով իրենց որդու` Նարեկ Հայրապետյանի գերազանց ծառայության մասին ստացած շնորհակալական նամակը թերթում տպագրելուն կողմ է եղել եւ դրան մղել է միայն Նարեկի քույրը` Լիլիթը: Թե Նարեկը, թե ծնողները խուսափել են, մտածելով, որ յուրաքանչյուր տղայի սրբազան պարտքն է ոչ միայն ծառայելը, այլեւ` ծառայության ընթացքում բարի համբավ ու հեղինակություն ձեռք բերելը, ինչը եւ արել ու պարտավոր էր անել Նարեկը, քանի որ այդպես էր դաստիարակվել ընտանիքում, այդպիսին է նա ոգով, էությամբ ու մարզիկի իր հոգեբանությամբ:
Նամակում մասնավորաբար գրված է` «Հարգելի Հայրապետյաններ, Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակ, ով ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայել իր ժողովրդին, պաշտպանել հայրենիքը, անսասան կերպով` զինվորական ծառայության բոլոր դժվարությունները, որը ցույց տվեց Ձեր որդին` մարտական հերթապահության ժամանակ ծառայողական պարտականությունների հստակ կատարման եւ բարձր կարգապահության համար»:
Հետաքրքիրն այն է, որ Հայրապետյանների համար երկու հաճելի իրադարձություն կհաջորդեն իրար` շնորհակալական այս նամակը թերթում տպագրելուց օրեր անց Նարեկը կավարտի զինվորական ծառայությունը եւ տուն կվերադառնա: Բարի վերադարձ:
«Որոտանը», որ հատուկ անկյուն ունի այսօրինակ շնորհակալական նամակների համար, համոզված է, որ այս փոքրիկ հրապարակումները նույնպես հայրենասիրության վառ դաս են եւ ուսանելի օրինակ:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *