«ՀՐԱՊԱՐԱԿԱՊԵՏ» ՈՒՆԵՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը քաղաքի հրապարակի սահմաններից դուրս գալու մտքից անգամ սարսափում է. որտե՞ղ պիտի ոտքը դնի, որ չխրվի ցեխի մեջ, ո՞նց պիտի շրջանցի համատարած ջրափոսերը, որ չցատկոտի… Դե, քաղաքապետ է, հո մեզ նման հասարակ մահկանացու չէ, որ օրեկան 70 անգամ կոշիկ լվանա: Համ էլ` համ քաղաքապետ չի լինելու, համ` ցեխերի մեջ քայլի: Նրանը հրապարակն է ու … հրապարակը:

Եվ հինգերրորդ տարին է, որ քաղաքապետի նրա ողջ «գործունեությունը» սկսվում եւ ավարտվում է հրապարակով, կամ… հրապարակում` անսասան պահելով «հրապարակապետի» մենաշնորհը:
Իր այդ տիտղոսին  նոր «ադամանդեղեն ու ակնեղեն» ավելացնելու համար (ընտանեկան ալբոմին եւ փառքը լուսաբանող տեսախցիկներին պետք կլինի) Տիառնընդառաջի եւ նորապսակների ու երիտասարդների օրհնության եկեղեցական տոնն էլ հրապարակում կազմակերպեց. ստաժը հ՞ո չէր ընդհատելու:01
Եկեղեցական տոնը աշխարիկացնելու եւ «իրենց ամենայն քաղաքապետի» «տիեզերական» փառքը «տարածքի» սահմաններից դուրս բերելու` աշխատակիցների անմնացորդ ջանք ու եռանդը չհաջողվեց. եւ  Աղասը  շարունակեց մնալ «ամենայն հրապարակապետի» մակարդակի վրա: «Հրապարակապետ» ունենք` աշխարհը չունի…
Ու տեսնելով, որ ոչ տոնն է տոնի նման, ոչ` միջոցառումը` միջոցառման, նրա մերձավորներից մեկը «ամենայն անկեղծությամբ» նեղսրտեց, ասելով` «էս սիսիանցիները էնքա˜ն սառած են»: (մրսելը նկատի չուներ):
«03Սառած» տոնը այդպես էլ «չտաքացավ»: Ի փառս «իրենց ամենայն հրապարակապետի եւ ի տես` յուրային տեսախցիկների» տոնի առթիվ հրապարակում «բացված» սեղանն էլ չօգնեց շեֆի համար տոն սարքելու: Գինին անգամ անզոր էր:
Ոչ տրնդեզի կրակը տոնական մթնոլորտ ստեղծեց,, ոչ` «տաշի-տուշին»:
«Տոնին» մի քիչ տեսք տվեցին նույն ժամին ավագ դպրոցից տուն գնացող երեխաները, որոնց ամենօրյա ճանապարհը անցնում է նույն հրապարակով:
Քաղաքապետը շուտ լքեց իր «կայացման» միակ վայրը` հրապարակը: Անելիք չուներ, ու… իմաստ չկար:
Սեղան փռողներն էլ արագ-արագ տուփերի մեջ դասավորեցին սեղանի պարունակությունը:
«Գոնե` էս էրէխեքին տային, նրանց համար տոն լիներ»,- ակնարկեց ներկաներից մեկը:
Ում համար` տո˜ն, ում համար…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
14.02.2013

Մեկ Արձագանքման «ՀՐԱՊԱՐԱԿԱՊԵՏ» ՈՒՆԵՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ համար

  1. Բալյան Իսկուհի says:

    Սիսիանցիներին սառած անվանող մերձավորը շուտով ժպտացող դիմակ կհագնի ու ձայներ կխնդրի սիսիանցուց:Սիսիանցին սառած չի, պարզապես բախտը դեռ նրան չի ժպտացել:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *