«ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐԸ ՁՄՌԱՆ ՆՄԱՆ…»

«Մեր օրերի խրոնիկան» շարքից


Այս տեսարանի ականատեսը եղանք Աղիտու-Նորավան ճանապարհահատվածում: Տպավորիչ էր: Լրագրողական աչքն ու լուսանկարչական ապարատն արագ որսացին պահը: Թե հետո ինչ կլիներ, հոդված կգրվեր կամ` չէր գրվի, այդ պահին էական չէր: Այդ պահին էականը  տպավորիչ պատկերն էր` իր ողջ բովանդակությամբ, տարողունակությամբ, իմաստով ու խորքով:

Պատանյակն, իհարկե, սկզբում հրաժարվեց նկարվել: Անակնկալ պահից կաշկանդվեց, շփոթվեց գուցե: Խնդրեցինք: Նրանից ընդամենը մեկ տարով մեծ եղբայրը, այնուամենայնիվ, թաքցրեց դեմքը: Ինչի՞ց ամաչեց: Չհացկացված լինելու մտավախությունից թերեւս: Իսկ երբ համոզեցինք նկարվել, հավատարիմ մնալով լրագրողական ազնվությանը` հեռանալու պահին ասացինք. «Եթե որեւէ տեղ ձեր լուսանկարը տպագրված տեսնեք, չզարմանաք»:
Պահի թողած տպավորությունը երկար ժամանակ զբաղեցնում էր  միտքս, մինչեւ որ վերհիշեցի` «Մի անգամ ձմռան ճքճքան ցրտին, անտառից ելած` սառ-սառնամանիք…»: Նման է, ճի՞շտ է: Ժամանակներն են տարբեր, տարածությունը, երկրները: Նույնն է, թերեւս, միայն մտածողությունն ու հոգեբանությունը:
Մի ակնթարթ` լուսանկարչական ապարատում, եւ այն դառնում է մեր կյանքի տարեգրությունը, մեր օրերի խրոնիկան, մեր ժամանակների հայելին:
Դե արի ու այս պատանյակին համոզիր, որ մեր երկրի տնտեսական աճը հնգանիշ, վեցանիշ, աստղանիշ թվերով է, դե արի ու այս պատանյակին համոզիր, որ …«տիեզերական թռիչքների մեր դարում»… էշն ու սայլն են մեր «առաջընթացի» վկայությունները: Նրանց համար այդ պահին բնավ էլ էականն այդ չէր, էականն այն էր, որ այս տարիքից` արդեն տուն են պահում: Այդ օրը նրանց տունը տաք եղավ, վառարանում` կրակ, այդ օրը եւ նախորդ բոլոր միանման օրերին նրանց ծնողները հաստատ ասացին` դարդին` դարման, լուծին` ընկեր, սայլին` հենարան զավակներս:
Իսկ իմ սիրտը այս պատկերը տեսնելիս ուրի՛շ թինդ ներխուժեց. էս ժողովրդին հաղթել չկա՛, էս մարդկանց մեջ հայրենիքի, պետության նկատմամբ ատելություն չկա՛: Կա` սեր: Կա ապրելու եւ ապրեցնելու մեծ կամք, անգամ` «էշությունով» եւ էշին ընկեր դառնալով` երկիրը, տուն ու տեղը, հողն ու բնակավայրը, ծննդավայրն ու հայրենիքը պահելու, էս երկիրը իրենցով երկիր դարձնելու գենետիկ հզոր ուժ:
Էս երկիրը երկիր է` նրանցով, հողին, տանը, օջախին նվիրված,  հոգսն ու դժվարությունը սեփական քրտինքով հաղթահարելու կամքով պնդացած մարդկանցով:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
Լուսանկարը` «Որոտանի»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *