«ՃԱՆԱՊԱՐՀ» ԴԵՊԻ ՄԵԾԵՐԻ ԱՇԽԱՐՀ

Ժամանակակից աշխարհը` իր անբացատրելի գաղտնիությամբ ու թափանցիկ գաղտնիքնե- րով, տեղեկատվության աննախադեպ ազատությամբ ասես մագնիսական սարդոստայն է գործել` իր մեջ խճճելով մարդուն, առավել եւս` անչափահասին, ում համար թվացյալ եվրոպամետ ազատությունը ինքնահաստատման ճանապարհ է եւ ընտրության ուղի, ցավոք` ոչ միշտ դրական երանգներով: Այդ ուղին շատ հաճախ դեռահասին տանում է մերժելի արարքների, որը, ինչքան էլ խուսափենք, պետք է կոչենք հանցագործություն:

Դեռահասներից յուրաքանչյուրը յուրատիպ «ճանապարհ» է ընտրում դեպի մեծերի աշխարհ, երբեմն` սահուն, անցավ, իսկ շատ հաճախ` սխալ ու խորդուբորդ:
Որոնք են անչափահասին հանցագործության մղող դրդապատճառները, ինչպես կանխարգելել, ովքեր են «մեղավորներն» ու «պատասխանատուները». այս հարցերի պատասխաններն ենք փորձելու գտնել ու քննարկել:
Վերոնշյալ հարցադրումներով դիմեցինք համացանցում տարբեր ֆորումների մասնակցածների, որոնք, ի դեպ, հիմնականում դեռահասներ են: Պատասխաններից բխող եզրակացությունը հետեւյալն էր. դեռահասների կողմից կատարվող հանցագործությունների, վատ շրջապատի ազդեցության տակ ընկնելու հիմնական եւ գլխավոր պատճառը ընտանեկան սխալ դաստիարակությունն է, ծնողների թերացումը:
Ընտանեկան դաստիարակության` միակ մեղավորության փաստը մեզ հետ ունեցած զրույցում ժխտեց ոստիկանության` Սիսիանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ Լիլիթ Ջհանգիրյանը. «Երբ հանդիպում եմ խնդիր ունեցող երեխաների, մտածում եմ, որ դրա մեղավորը ես եմ, որ պետության կողմից լիազորվել եմ կրել ուսադիրներ, մեղավոր է ծնողը, որ նրան լույս աշխարհ է բերել եւ պարտավորվել խնամել ու դաստիարակել, մեղավոր են ուսուցիչը, շրջապատը: Այս օղակներից յուրաքանչյուրը եթե ամուր լինի, կունենանք բանիմաց, դաստիարակված անչափահասներ»:
Որքան էլ քննարկենք այլ տարբերակներ, այնուամենայնիվ, դեռահասների անմիջական դաստիարակը, իսկապես, ընտանիքն է, իսկ նրանց` հանցավոր ուղին «ընտրելու» գլխավոր սկզբնապատճառներից է ընտանեկան սխալ դաստիարակությունը, ընտանիքի աղճատված պատկերը: Շատ դեպքերում ծնողների կամ ընտանիքի ավագ անդամների իրավախախտ վարքագիծը, ընտանիքում տիրող անառողջ մթնոլորտը, անգործությունը կարող են  «վարակիչ» օրինակ դառնալ երեխայի համար եւ` հանցածին երեւույթների խթան: «Կտրուկ ասել, որ ընտանիքի ավագ անդամը կամ ծնողը իր հանցավոր արարքով միանշանակ օրինակ է հանդիսանում դեռահասի համար, սխալ է,- ասում է Լ. Ջհանգիրյանը,- կան դեպքեր, երբ մեծանալով ընտանիքում տիրող դաժանության մթնոլորտում կամ` ականատես լինելով հարազատի հանցավոր վարքի հետեւանքներին, երեխան իր կյանքում նման դեպքերի կրկնողությունը բացառում է, թեեւ դիտարկվում են նաեւ այնպիսի օրինակներ, երբ երեխայի համար մեծերի նման վարքագիծը հեղինակություն է` առաջացնելով նմանվելու ցանկություն»:
Անչափահասների կողմկց կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների պատճառ-պայմաններն ուսումնասիրելիս, բացի տանը, դպրոցում, շրջապատում ստացած լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ դաստիարակությունից, նրա սոցիալական կարգավիճակից, պետք է հաշվի առնել անբարենպաստ պայմանները, կողմնակի` երբեմն ոչ ակնհայտ երեւույթները, որ բացասաբար են ներազդում եւ բարդացնում դեռահասի վարքի զարգացումը: Մոլախաղերի, հարբեցողության, դաժանության, անարդարության ոչ ուղղակի քարոզչությունը հեռուստատեսությամբ, համացանցի, ֆիլմերի միջոցով դեռահասի մոտ արմատավորում են իրական արժեքների, օրենքի, հանցագործ աշխարհի մասին խեղաթյուրված պատկերացումներ` նրանց հոգում սերմանելով հետագա հանցագործ արարքների ծիլեր:
Հանցածին դրդապատճառ չէ, արդյո՞ք, մեր տարածաշրջանում ժամանցի վայրերի սղության պատճառով անչափահասի` ժամանցը անկանոն ու աննպատակ անցկացնելը, համատարած անգործության պատճառով սոցիալական անմխիթար վիճակում հայտնված ընտանիքների շատացումը, պատճառներ, որ դեռահասին տանում են դեպի բացասական ուղու վրա կանգնած խմբավորումներ, ալկոհոլի, թմրանյութի օգտագործման եւ այլն: «Միանշանակ` ամեն ինչ կապված է սոցիալական վիճակի հետ,- նշում է Լ. Ջհանգիրյանը,- դա, թերեւս, գլխավոր պատճառն է, շատացել են ոչ լիարժեք ընտանիքները, տղա երեխաներից շատերը զրկված են հայրական դաստիարակությունից, այդ ամենին գումարած` դպրոցներում տղամարդ ուսուցիչներ գրեթե չեն մնացել»:
Իմ զրուցակիցներից շատերը փաստում են, որ լուրջ անհանգստության տեղիք է տալիս նաեւ բարեկեցիկ ընտանիքների երեխաների վարքագիծը, որտեղ ծնողների համար երեխաների հանդեպ «հոգատարությունը» սկսվում եւ ավարտվում է նրանց գրպանների պարունակության մշտական ապահովմամբ: Նման դեռահասների մոտ ձեւավորված է անպատժելիության հստակ համոզմունք, հնարավորությունների չափազանցում, թվում է, թե իրենց ամեն ինչ կարելի է, իրենց ոչ ոք չի կարող պատժել:
Լիլիթ Ջհանգիրյանը պատճառ-պայմանների շարքին է դասում նաեւ այսօրվա դեռահասի անտարբեր վերաբերմունքը իր եւ իր շրջապատի հանդեպ: «Արդի անչափահասին հուզող խնդիրները, նրա պատկերացումները, նկարագիրը պարզելու նպատակով կազմվեց հարցաշար, արդյունքում պարզ դարձավ, որ այսօրվա անչափահասը անտարբերություն է ցուցաբերում իր պետության, հասարակության, շրջապատի հանդեպ,- ասում է Լ. Ջհանգիրյանը,-սա են փաստում նաեւ այն զրույց-զեկույցների արդյունքները, որ կազմակերպվում են դպրոցներում: Քննարկվում են այսպիսի հարցեր` «եթե շրջապատում կռիվ լինի, ինչ կանեք», «եթե ձեր ընկերը պատրաստվում է հանցանք կատարել, ձեր վերաբերմունքը», գրեթե բոլոր պատասխանները բերում են նրան, որ անտարբերությունը գերակայում է դեռահասի աշխարհընկալման մեջ»:
Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների խնդիրը մտահոգիչ եւ առաջնահերթ լուծում պահանջող հարց է ոչ միայն ընտանիքների, այլեւ` համապատասխան գերատեսչությունների, գործող ՀԿ-ների, դպրոցների ու, առհասարակ, շրջապատի համար: Գյուղերում դեռահասների դաստիարակության հարցում հատկապես կարեւոր ու գլխավոր դերը դպրոցինն է: Տոլորսի միջն. դպրոցի տնօրեն Երանուհի Բադալյանն իր անցած մանկավարժական երկար տարիների ընթացքում եկել է այն համոզման, որ մանկավարժի խնդիրը ոչ միայն երեխային առարկան ուսուցանելն է, այլեւ` բարոյական արժեքներ սերմանելը, նրան որպես քաղաքացի դաստիարակելը: «Ունեցել ենք աշակերտներ, որոնք, առանձնապես հետաքրքրություն չցուցաբերելով դասերի հանդեպ, այնուամենայնիվ, կանոնավոր հաճախել են դպրոց,- ասում է Ե. Բադալյանը,- իմ ուշադրության կենտրոնում են հատկապես նման երեխաները: Ունեցել ենք երեխաներ, որոնց ընտանեկան վիճակից ելնելով, դաստիարակության ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել մանկավարժական կազմը, եւ ասեմ, որ մեր հոգատարության շնորհիվ շատ շատերն են զերծ մնացել հանցավոր ուղին բռնելու վտանգից ու դարձել են օրինավոր ընտանիքների հայրեր»:2010_129
Այս կարծիքին է նաեւ Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը: Երկար տարիներ աշխատելով երեխաների հետ` նա տվեց հանցածին պատճառների յուրովի մեկնաբանություն. «Դեռահասների մոտ վարքի դրսեւորումները, սխալ ուղի բռնելու դրդապատճառները խիստ անհատական են` կապված նրանց ընդունակություններից, մտածողությունից: Արդի դեռահասներին կարելի է բաժանել 2 խմբի. նրանք, որ անտարբեր չեն ուսման նկատմամբ, բանիմաց են, խելացի, տիրապետում են նորագույն տեխնոլագիաներին, նպատակասլաց են, մտահոգված իրենց բարեկեցիկ ապագայով, եւ` նրանք, որ ունեն մակերեսային մտածողություն, հետաքրքրությունների նեղ շրջանակ, ինչի հետեւանքով հեշտությամբ տարվում եւ առաջնորդվում են սխալ բարոյական արժեքներով: Ցուցադրվող հաղորդումները, ֆիլմերը չափազանց բացասաբար են ազդում անչափահասների զարգացման վրա, դեռահասի մոտ զարգանում է մակերեսային ընկալում, իրական արժեքների աղճատում»:
Հաճախ  ընտանիքներում, ուսումնական հաստատություններում դեռահասների կողմից կատարվող մանր խուլիգանությունները, իրավախախտումները, վատ վարքագծի դրսեւորումները կոծկվում են, չեն իրազեկում իրավապահ մարմիններին, ինչն էլ գրեթե միշտ տանում է դեպի մեծ հանցագործությունների եւ ստեղծում օրենքի, պատժի մասին թյուր կարծիք: Արդյունքում ծնողը կամ ուսուցիչը ակամայից դառնում են օժանդակող, խթան, որ իր դաստիարակած երեխան հանցանք կատարի: Լիլիթ Ջհանգիրյանը, չբացառելով նաեւ մնան դեպքերը, այնուամենայնիվ, վստահեցնում է, որ իրենք հնարավորինս տեղեկացված են ու աչալուրջ: «Այն, որ մեր տարածաշրջանում վերջին 2 տարում դեռահասների կողմից հանցագործություններ եւ իրավախախտումներ որպես այդպիսիք չեն գրանցվել ( միայն գողության 1 դեպք` 2009-ին), չի նշանակում, որ ոստիկանության` Սիսիանի անչափահասների գործերով խումբը վատ է աշխատում: Ճիշտ հակառակը: Բոլոր դպրոցներում մեզ ճանաչում են, աշակերտների հետ ակտիվ աշխատանքներ են տարվում: Եղել են դեպքեր, որ, առանց նախազգուշացնելու, այցելել ենք դպրոցներ, ստուգել բացակայությունների թիվը, ընդհանուր կարգ ու կանոնը, արդյուքներն ավելի քան գոհացուցիչ եւ ուրախալի են, ի տարբերություն այլ շրջանների, առավել եւս` մայրաքաղաքի դպրոցների, մեզ մոտ ուսումնական կայուն վիճակ է, վատ բարքերը, կարող եմ ասել, շրջանցել են մեր դպրոցները,-ասում է Լ. Ջհանգիրյանը եւ համոզմունք հայտնում, որ պետք է կոտրել այն կարծրատիպը, թե` ոստիկանություն դիմելը ամոթ է եւ հավելում է,- ունեցել ենք դեպք, երբ երեխաներին միայնակ մեծացնող մայրը դեռահաս տղայի դաստիարակության հարցում խնդրել է մեր աջակցությունը: Խնդրով զբաղվեցին խմբի տղաները` Սուրեն Վարդանյանը եւ Սեւակ Վարդանյանը: Արդյունքը դրական էր»:
Անշուշտ, հանցագործություն-պատիժ ճանապարհին էականը դրա կանխարգելումն է, ինչը եւ հաստատեց Սիսիանի թիվ 4 դպրոցի տնօրեն Նաիրա Ստեփանյանը. «Մինչ պատժելը պետք է անել ամեն ինչ, որ վատ արարքը, զանցանքը չծնվի: Պետք է կոնկրետ դպրոցում դասաժամը հետաքրքիր անցկացվի, միջոցառումներ կազմակերպվեն, դասղեկի ժամերը պարբերական բնույթ կրեն, ծնողները պետք է ուղղորդեն դեռահասներին հատկապես հեռուստատեսության խրթին աշխարհում, թե որ հաղորդաշարը, որ ֆիլմը արժե նայել, որը` ոչ, այսպես կարելի է կանխարգելել վատ արարքը»:
Այս ուղղությամբ մեծ է նաեւ ոստիկանության Սիսիանի բաժնի անչափահասների գործերով խմբի աշխատանքը: «Անչափահասների հետ ունեցած մեր հանդիպումներում չեմ դադարում կրկնել, որ յուրաքանչյուր հակաօրինական արարք վաղ թե ուշ պատժվում է,- ասում է Լ. Ջհանգիրյանը,- բայց նախ եւ առաջ միտված ենք դրանք կանխարգելելուն: Կարծում եմ` իրավական գիտելիքների բավարար մակարդակը եւս կանխարգելիչ կարեւոր գործոն է: Երբ երեխայի հետ խոսում ես հավասարը հավասարի հետ սկզբունքով, փորձում ես հասկանալ նրանց հետաքրքրությունները, քեզ հավատում են, վստահում: Տեսուչ-երեխա վստահության դաշտում ուսադիրները երեխաներին չեն կաշկանդում,- վստահեցնում է նա, բացառելով նաեւ այն մտածողությունը, որ ոստիկանը պատժիչ ուժ է,- ժամանակն է, որ հասարակությունը ոչ թե վախենա ոստիկանից, այլ` վստահի նրան, նրա մեջ տեսնելով իր պաշտպանին»:
Ամփոփենք մեր ասելիքը մեր իսկ զրուցակիցների խոսքերով.
Լիլիթ Ջհանգիրյան. «Ուրախ կլինենք տեսնել համագործակցության եզրեր: Մենք աջակցում եւ ընդառաջում ենք յուրաքանչյուր դիմողի, ընթացք ենք տալիս յուրաքանչյուր խնդրի եւ առաջարկի»:
Նաիրա Ստեփանյան. «Կրթությունը հավերժական եւ մնայուն արժեք է: Ինչ սովորեցիր, քոնն է, ոչ ոք չի կարող այն խլել: Կրթված, գիտակից անչափահասն է երկրի, պետության հիմքն ու հենասյունը»:

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *