«ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի եւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Սիսիանի տարածաշրջանի բնակչության հետ:
Հանդիպման առաջին կանգառը Շամբի պահածոների, բնական հյութերի եւ հանքային ջրերի գործարանն էր, որտեղ նրան ծափողջույններով դիմավորեցին ինչպես գործարանների աշխատողները, այնպես էլ` բնակիչները:

Նախագահը եղավ գործարանների արտադրամասերում, ծանոթացավ նրանց հզորությանը: Գործարանի բակում տնկեց իր այցը խորհրդանշող եղեւնի: Բնակչության հետ անկեղծ ու անկաշկանդ շփման տպավորությամբ` շարունակեց իր հանդիպումը Սիսիանի կենտրոնական հրապարակում հավաքված հազարավոր սիսիանցիրների հետ:
Նշելով տարածաշրջանի բնակչության հետ հանդիպման նպատակը, Սերժ Սարգսյանը շեշտեց, որ նախորդ տարիների բավարար ձեռքբերումները պետականաշինության կայացման գործում եւ երկրի պաշտպանական կարողությունների ու հասարակական հարաբերությունների կազմակերպման հարցերում այլեւս թույլ են տալիս ողջ ուշադրությունը եւ նախատեսվող բոլոր ծրագրերն ուղղել դեպի մարդը, դեպի երկրի յուրաքանչյուր քաղաքացին, որը հետայսու լինելու է պետական քաղաքականության հիմնական ուղղվածությունը: «Այժմ կարող ենք առավելապես կենտրոնանալ յուրաքանչյուր քաղաքացու հոգսերի թեթեւացման եւ կյանքի պայմանների բարելավման ոչ պակաս կարեւոր հարցերի շուրջ»,-մասնավորապես ընդգծեց նա, հավելելով, որ այսուհետ տնտեսական զարգացումը դառնալու է կոնկրետ աշխատանք կոնկրետ մարդու համար, իսկ աշխատանքով եւ արժանապատիվ վարձատրությամբ ապահովելը` առաջնային նպատակ:
Կարեւորելով երկրում սոցիալական արդարությունը` Սերժ Սարգսյանը վճռականություն հայտնեց, որ այն հավասարապես ընկալելի եւ կիրառելի է լինելու հանրային բոլոր շերտերի համար, ասելով` «…արդարություն` յուրաքանչյուրի համար, հարկային համակարգ եւ գործարար միջավայր` յուրաքանչյուրի համար, բարձրակարգ առողջապահություն` յուրաքանչյուրի համար»:
Հաշվի առնելով այսօրվա գյուղի եւ գյուղատնտեսության վիճակը եւ այն զարգացման նոր ուղիով տանելու ժամանակի հրամայականը` ՀՀԿ նախագահը գյուղատնտեսության զարգացման նպատակը կապեց հարմարավետ գյուղի գաղափարի հետ:
Դիմելով հրապարակում հավաքվածներին, երկրի նախագահը, այնուամենայնիվ, ցանկացած զարգացում եւ առաջընթաց պայմանավորեց յուրաքանչյուրի գիտակցության մեջ պետության եւ պետականության գաղափարի ամրապնդմամբ, առանց որի երբեք լավ պետություն չենք ունենա: «Մեզանից յուրաքանչյուրը մեր պետությունն է,- ասաց նա` հավելելով, որ միայն ու միայն այդ գիտակցությամբ կարող ենք մեր պետությունը զարգացնել,- այլ ճանապարհ չկա, մնացած ճանապարհները շատ վտանգավոր են»,- ամողջացրեց նախագահը:
Կարեւորելով միասնության եւ միասնականության գաղափարը, նախագահը դեմ արտահայտվեց երկիրը պառակտելու ցանկացած դրսեւորմանը, ասելով, որ ջրբաժաններ գծելու շռայլություն մեզ թույլ տալու իրավունքը չունենք, Սարոյան եղբայրներ խաղալու իրավունքը չունենք, հայերի դեմ հայերի շարքեր հանելու իրավունքը չունենք, քանի որ արդի իրականությունն այնպիսին է, որ արտաքին աշխարհում մեր հանդեպ թշնամանք տածողների պակաս չունենք: Եվ հենց նման պահերին պիտի շարքեր կազմենք ոչ թե միմյանց դեմ, այլ` միայն բանակում, որպեսզի հարկ եղած դեպքում մեր զինվորները դուրս գան միայն թշնամու դեմ:2012_43
Խոսելով երկրում իրականացվող սոցիալական քաղաքականության մասին`  Սերժ Սարգսյանը մասնավորաբար նշեց, որ անցյալ տարիների ընթացքում կառավարությունը բազմապատկել է սոցիալական ծախսերը կենսաթոշակների եւ նպաստների գծով, 7 անգամ ավելացել է երեխայի խնամքի համար նախատեսվող նպաստը, ավելի քան` 12 անգամ երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան նպաստը, ինչը, սակայն, շարունակական գործընթաց է, եւ երկրում տնտեսական հնարավորությունները զարգացնելուն զուգընթաց` այդ միտումները պահպանվելու են, իսկ ավելացող հնարավորություններն առաջին հերթին ուղղվելու են սոցիալապես անապահով խավերին. «Սոցիալական քաղաքականության հիմնական խնդիրն այսօր դարձնելու ենք անհավասարությունը ծնող պատճառների վերացումը»,-հավաստիացրեց նախագահը: Այս առումով կարեւորեց նաեւ կրթական, վերապատրաստման ծրագրերը` վկայակոչելով` ոչ թե ձուկ տալու, այլ` այն սեփական ուռկանով բռնել սովորեցնելու  հայտնի օրինակը, ինչը հնարավորություն կտա մարդկանց արժանապատիվ վաստակելու իրենց ընտանիքի ապրուստը. «Մենք արժանապատիվ ապրելու հնարավորություն ենք ստեղծելու յուրաքանչյուր մարդու եւ յուրաքանչյուր ընտանիքի համար: Աշխատասեր հայ մարդը պետք է հնարավորություն ունենա իր ազնիվ աշխատանքով վաստակել իր ապրուստի միջոցները»,- շեշտեց նա:
Անհնար է լինել Համո Սահյանի ծննդավայրում եւ առիթը չօգտագործել մեկ անգամ եւս խոսելու նրա մեծության, նրա իմաստության, նրա պոեզիայի խորքի ու նրանից դասեր առնելու մասին: Անհնար էր, անշուշտ, նաեւ այս դեպքում, քանի որ, ինչպես նշեց նաեւ ՀՀԿ նախագահը, շուտով նշելու ենք արդեն իր կենդանության օրոք ժողովրդի կողմից Վարպետի կոչումը վաստակած պոետի ծննդյան 100 ամյակը, ինչը եւս մեկ անգամ առիթ է տալիս ապրելու եւ գործելու նրա բանաձեւած իմաստությամբ` բարձր կանգնելով օրվա մանր ու անցողիկ քաղաքական վեճերից ու պիտակավորումներից, հիշելով, որ ինչ որ անում ենք` մեր երկրի եւ մեր ժողովրդի համար է:
Երկրի նախագահը վստահություն հայտնեց, որ սիսիանցիները երկրի կյանքում կարեւորագույն` ԱԺ ընտրություններում իրենց ձայնը կտան Հանրապետական կուսակցությանը: Հորդորեց պաշտպանել նաեւ թիվ 37 ընտրատարածքում  մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանին:
Շնորհակալություն հայտնելով սիսիանցիներին` հրաժեշտից առաջ ասաց. «Հավատանք, որ կարողանանք փոխել եւ ստեղծել ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրիս համար»:
Սյունիք կատարած այցը եզրափակվեց Գորայքի բնակչության եւ ընտրողների հետ հանդիպմամբ:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *