«Մեր իշխանավորները ոչ Աստծուց են վախենում, ոչ մարդկանցից են ամաչում»

«Կամք, արդարություն, միասնություն, քաջություն» երիտասարդական ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, «Սիսիանը սիսիանցիների համար» ֆեյսբուքյան խմբի համակարգող, Սիսիանի պետական քոլեջի դասախոս, 27-ամյա Մարիամ Թորոսյանի հետ զրուցեցինք Սիսիանում առկա խնդիրների շուրջ:
-Որո՞նք են Սիսիանի մերօրյա խնդիրները:
-Ես ինձ շրջապատող խնդիրներին նայում եմ 2 տեսանկյունից. նախ` որպես երիտասարդ, հետո՝ որպես Սիսիանի քաղաքացի: Կարող եմ թվել խնդիրների անվերջ շարք` գործազրկություն, անբարեկարգ փողոցներ, ազատ ժամանցի կազմակերպման սահմանափակություն…
Եթե մենք անընդհատ կենտրոնանանք խնդիրների վրա, առանց պատճառը վերացնելու՝ փորձելով լուծել դրանք, ապա հաջողության չենք հասնի, կամ ձեռք բերած արդյունքները կարճաժամկետ կլինեն:
Ես բոլոր խնդիրների հիմքում տեսնում եմ կրթական համակարգի բացերը: Սկսած մանկապարտեզից` պետք է աճող սերնդի մեջ ներդնել տեր, պահանջատեր լինելու ձգտումը: Դեռ դպրոցում աշակերտները պետք է սովորեն ինքնակազմակերպվել, համախմբված լինել, իսկ դպրոցում այսօր տալիս են գրեթե ամեն ինչ, բացի նման հմտություններից: Ցանկացած խնդիր կարող ենք լուծել, եթե լինենք միասնական, իսկ այսօր միասնականության բացակայությունը հիմնախնդիր է: Բոլորն առանձին բողոքում են, սակայն երբ գալիս է պահը, որ պետք է գնան ու միասնական կերպով պայքարեն, ընդհանուր հայտարարի չեն գալիս: Պատճառները տարբեր են. ոմանք  վախենում են, ոմանք չեն ցանկանում «վատամարդ» լինել, ոմանք պարզապես ցանկություն չունեն, իսկ որոշներն էլ չեն հավատում, թե կարող են որեւէ բան փոխել, ինչի հիմքերն ավելի խորն են:
-Եղածներից հատկապես որո՞նք եք համարում ամենաառաջնային ու ամենահրատապ խնդիրները:mariam-torosyan-1
-Սիսիանը, լինելով սահմանամերձ շրջան, արտագաղթը կանխելու շատ հրատապ խնդիր ունի, քանի որ դատարկված գյուղերն իրենք իրենց չեն պաշտպանի: Այնինչ՝ այսօր բոլոր տեսակի ապրանքների, ծառայությունների գները բարձրացել են, իսկ գյուղատնտեսական մթերքների գները՝ իջել: Էլ ինչպե՞ս գոյատեւի գյուղատնտեսական շրջանը, եթե տվյալ տարածքում գրեթե չկան արդյունաբերական ձեռնարկություններ: Եղածների մեծամասնությունում էլ աշխատողների 90%-ն ստանում են նվազագույն աշխատավարձ: Եթե հույսերս դնենք, որ կառավարությունը երբեւէ կորոշի խոշոր պետական ներդրումներ իրականացնել եւ քաղաքում բացել մի քանի ընկերություններ, ապա երկար սպասելուց մի օր հուսախաբ կլինենք եւ, ամենայն հավանականությամբ, կհեռանանք Սիսիանից, գուցե նաեւ Հայաստանից:
Ամեն օր մի նոր օրենք են ընդունում, մի նոր արտոնություն են սահմանում ձեռներեցներին, իսկ երբ օրենքը մտնում է կիրառության մեջ, չգիտես ինչու, այդ արտոնությունից կարող են օգտվել միայն առանց այն էլ խոշոր եւ աջակցության կարիք չունեցող իրենց ընկերությունները: Էլ ինչպե՞ս փոքր ընկերությունները դիմակայեն այդ մրցակցությանը, էլ ինչպե՞ս որեւէ երիտասարդի համոզես ինչ-որ գործ ձեռնարկել:
Ի՞նչ է պետք անել. պետք է պայքարել:  Իսկ ո՞ւմ  դեմ, կամ՝ ինչպե՞ս: Չէ՞ որ մեր իշխանավորները «Ոչ Աստծուց են վախենում, ոչ մարդկանցից են ամաչում»:
Մի քանի տարի կլինի, որ երբեմն բողոքում եմ, երբեմն համբերում եւ լուռ սպասում՝ երբեք չդադարելով լողալ հոսանքին հակառակ:
-Ի՞նչը քեզ դրդեց ստեղծել «Սիսիանը սիսիանցիների համար» ֆեյսբուքյան խումբը:
-Կյանքը պայքար է, եւ կյանքում պետք է ամեն օրդ կառուցես այնպես, որ յուրաքանչյուր քայլդ քեզ ավելի մոտեցնի նպատակներիդ: Իսկ դրա համար պետք է ունենաս հստակ նպատակներ:
«Սիսիանը սիսիանցիների համար» ֆեյսբուքյան խումբն ինձ համար պայքարի մի ձեւ է: Խմբի ստեղծման միտքն առաջացավ, երբ ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ Սիսիանի բոլոր ռազմավարական կառույցները պատկանում են ոչ սիսիանցիների, բոլոր շահութաբեր ճյուղերը տնօրինում են նույնիսկ Սիսիանում երբեւէ չեղած մարդիկ: Դա ինձ մոտ առաջացնում էր զայրույթ, իսկ համբերությանս բաժակը լցվեց 2012թ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ցավով հասկացա, որ սիսիանցու սեփական ձայնը՝ քվեն էլ իրեն չի պատկանում: Հենց այդ ժամանակ էլ հասունացավ գաղափարը, որ մենք կարիք ունենք մի հարթակի, որտեղ կարող ենք ազատ քննարկել ցանկացած հարց, վեր հանել Սիսիանի հետ կապված խնդիրներ, առաջարկել լուծումներ: Տարիներ անց խումբը սիսիանցիների համար դարձավ տեղեկատվության առաջին աղբյուր. Սիսիանում տեղի ունեցած ցանկացած իրադարձության մասին խմբի միջոցով տեղեկանում են բոլորը: Եւ վերջապես, եթե ցանկանում ես գտնել որեւէ սիսիանցու՝ առաջինը փնտրում ես այս խմբում, քանի որ այն արդեն համախմբել է ավելի քան 1300 սիսիանցիների: Խումբը մի մեծ հարթակ է, որտեղ արտահայտվելու հնարավորություն է տրված բոլորին:
-Ի՞նչ խորհուրդ կտաս քո տարեկից երիտասարդներին:
-Ես մեր երիտասարդությանը կոչ եմ անում լինել միասնական, նպատակասլաց, հավատալ սեփական ուժերին ու կարողություններին, անընդհատ ինքնակրթվել, քանի որ կրթված, իր իրավունքներն իմացող հասարակությանը կառավարելն ավելի դժվար է, եւ անօրեն իշխանությունները չեն կարող ամեն ինչ  փաթաթել ժողովրդի պարանոցին:
Իմացեք, որ դուք եք հասարակության շարժիչ ուժը եւ պետք է ամեն գնով պաշտպանեք այն, ինչ պատկանում է ձեզ:
Զրուցեց Դիանա Բախշյանը

http://www.asparez.am/news-hy/mariam_torosyan-hy/#more-71876

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *