«ՄԻԱՍԻՆ ՇԱՏ ԲԱՆ ԿՓՈԽԵՆՔ»

Հայկ Հովհաննեսի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1984 թ.-ի փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
2002 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Գորիսի` Սերո Խանզադյանի անվան թիվ 6 միջն. դպրոցը, 2006-ին` Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը` մաթեմատիկայի ուսուցչի որակավորմամբ:
2006-2008 թ.թ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո 2009 թ.-ին աշխատանքի է ընդունվել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում որպես օտար լեզվի ուսուցիչ:
2006 թ.-ից ՀՀԿ անդամ է: Ամուսնացած է:

-Պարո՛ն Գրիգորյան, մեր ավանդական հարցը Ձեզ. ինչո՞ւ եք ուզում դառնալ ԱԺ պատգամավոր:
-Ցանկացած մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ ինքը, վստահ լինելով իր ուժերին, զգում է, որ շատ բան կարող է անել իր հայրենիքի համար: Այսպիսի զգացում ունեմ նաեւ ես, եւ երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկեց առաջադրել իմ թեկնածությունը թիվ 37 ընտրատարածքում, երկար մտածելուց, ծանր ու թեթեւ անելուց հետո, տվեցի իմ համաձայնությունը:
-Դուք շատ երիտասարդ եք ԱԺ պատգամավորի ծանր բեռը կրելու համար, կենսափորձի պակասը Ձեզ չի՞ խանգարի:
-Իհարկե, ո՛չ: Երիտասարդությունն արդեն ինքնին առավելություն է, որովհետեւ նա է կրում նոր գաղափարներ, մտածում նոր ծրագրեր, հանդուգն է (բառի լավ իմաստով), համարձակ, վճռական:
-Պարո՛ն Գրիգորյան, շատ է շահարկվում թեկնածուների սիսիանցի-գորիսեցի լինելը, ինչպե՞ս եք հաղթահարում այդ անջրպետը:
-Ընտրողների հետ իմ բոլոր հանդիպումներում սիրում եմ ասել, հիմա էլ կասեմ. աստված չանի, եթե վաղը պատերազմ լինի, դարձյա՞լ ասելու ենք` սիսիանցի-գորիսեցի: Սիսիանն էլ է Սյունիք, Գորիսն էլ է Սյունիք: Իսկ մենք բոլորս սյունեցի ենք, ապրում ենք Սյունիքում:
Թե ով կհաղթի մայիսի 6-ի քաղաքական մրցապայքարում, ինձ համար շատ էական է, էական է եւ այն, որ բոլորս համախմբվենք հաղթողի շուրջ, օգնենք` մեր ընտրատարածքը ներկայացնել ԱԺ-ում եւ այդպես օգտակար լինել Սյունիքին:
-Թիվ 37 ընտրատարածքում Դուք իշխող` Հանրապետական կուսակցության մեծամասնական թեկնածուն եք: Պատասխանատվության ի՞նչ զգացում է դա Ձեզ համար:
-Շա՛տ մեծ, որովհետեւ իշխող կուսակցությանն անդամակցելն արդեն ինքնին մեծ պատասխանատվություն է: Ես չեմ հավատում, որ այսօր Հայաստանում մեկ այլ քաղաքական ուժ կարող է երկրի միջազգային հեղինակությունն այնպես բարձրացնել, ինչպես մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայրենասիրությամբ եմ չափում կուսակցության անդամի հայրենասիրությունը: Նա առաջիններից էր, որ արձագանքեց երկրի նախագահի այն գաղափարին, որ պետք է երիտասարդացնել Հանրապետականի կազմը նաեւ ԱԺ-ում, եւ առաջարկել է առաջադրել մանկավարժի թեկնածություն:
Շատ շնորհակալ եմ պարոն Խաչատրյանից, իշխող` Հանրապետական կուսակցությունից` իմ ուսերին այդպիսի մեծ պատասխանատվություն դնելու համար եւ գիտակցում եմ այն պարտավորվածությունը նաեւ, որ պետք է արդարացնեմ այդ հույսերը:
Այն մարդը, ով ուզում է աշխատել, կարող է նաեւ մի լավ բան փոխել, դրա համար կուսակցության` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին ավելացրել եմ` «Միասին շատ բան կփոխենք»:
-Ընտրվելուց հետո Ձեր հաջորդ քայլը:
-Շուրջ 60 գյուղական եւ 3 քաղաքային բնակավայր է ընդգրկում թիվ 37 ընտրատարածքը` 81 հազար բնակչությամբ: ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո չեմ հեռանալու նրանից, որ նա էլ ինձ չմոռանա: Երկու քաղաքներում կբացեմ պատգամավորական գրասենյակներ, շփումը բնակչության հետ կլինի մշտապես: Ես չեմ հեռանա նաեւ դպրոցից, կպահպանեմ ինձ տրված` մանկավարժությամբ զբաղվելու իրավունքը` դպրոցի խնդիրներին, նորություններին, փոփոխություններին մոտ լինելու եւ այդ խնդիրները անմիջականորեն ԱԺ ներկայացնելու համար:
Այս ընտրությունից կախված է երկրի ապագան: Այսօր այլընտրանք չկա: Երկիրը պիտի զարգանա: «Հավատանք, որ փոխենք»: «Միասին շատ բան կփոխենք»:

Համարի նյութերը եւ լուսանկարները
նախապատրաստվել են ՀՀԿ Սիսիանի
նախընտրական շտաբում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *