«ՆԱՀԱՆՋԻ ՏԱՐ΄ԵՐԱԿԸ ΄ԱՑԱՌՎՈՒՄ Է»

Ռուսաստանի  Դաշնությունում հայտնի «Արխետիպ» դիզայներական կենտրոնը գլխավորում է մեր հայրենակից Հրաչ Արմենակյանը:
 Կենտրոնն զբաղվում է տների, առանձնատների, ժամանցի եւ հանգստի կենտրոնների, գրասենյակների արտաքին եւ ներքին ինտերիերի ձեւավորմամբ:
Կենտրոնը կարճ ժամանակամիջոցում, շնորհիվ Հրաչ Արմենակյանի յուրահատուկ եւ ինքնատիպ աշխատանքների, կարողացել է ինքնահաստատվել եւ դառնալ առաջիններից մեկը:

Հրաչ Արմենակյան մարդու եւ արվեստագետի ձեւավորման հարցում մեծ է եղել ընտանիքի դերն ու ազդեցությունը:
Արմենակյանների ընտանիքում, ինչպես գրեթե բոլոր հայկական ընտանիքներում, առաջնայինը եղել է երեխաների ճիշտ դաստիարակությունը: Հայրը տղաների մոտ ձեւավորել է  աշխարհայացքը: Մայրը` երեխաների զգայական, մարդասիրական նուրբ հոգին: «Մայրս մեզ մոտ զարգացրել է գեղագիտական ճաշակը, սերը դեպի արվեստը, գեղեցիկը».- հիշում է Հրաչը:
Մոր շուրթերից հնչած հեքիաթները մանուկ Հրաչի համար ստեղծել էին մի երեւակայական աշխարհ, ուր ամեն ինչ այնքա՜ն պատկերավոր էր ու խորհրդավոր. ասպետներ ու դյուցազուններ, սիրելի հերոսներ` իրենց սխրանքներով, կերպարներ, որոնք հետո մեկ առ մեկ շունչ էին առնելու Հրաչի կտավներում ու աշխատանքներում` մղելով նրան դեպի գեղեցիկն ու վեհը` անհասանելիին հասնելու օրինակ ծառայելով:
«Հայկական ընտանիքներում քիչ է պատահում, որ ծնողները երեխայի մեջ արվեստագետ են զարգացնում.- ասում է Հրաչը,- փոքր էի, անցնում էինք նկարչական դպրոցի մոտով, մայրս ցույց տվեց եւ ասաց` երբ մեծանաս, այստեղ ես սովորելու»:
Դպրոցական տարիները զուգորդվեցին նկարչական դպրոց հաճախումների հետ. արվեստը Հրաչի համար դարձավ աշխարհընկալման յուրահատուկ եղանակ: «Ես տարբերվում էի իմ հասակակիցներից.-հիշում է Հրաչը,- իմ ընկերների մեջ  չկային այնպիսի երեխաներ, որոնցից ես սովորելու բան չունենայի: Միօրինակությունը ինձ ձանձրացնում էր, սիրում էի միջավայրի փոփոխություն, կտրուկ տարբերություն, համեմատություններ. քաղաքի եռուզեռ-գյուղական անդորր, քաղքենի ճոխություն եւ հակադիր` պարզ ու հասարակ գյուղական միջավայր»:
Նկարիչ-արվեստագետի ստեղծագործական աշխարհընկալման առաջին սաղմերը ձեւավորվեցին Սիսիանի գեղարվեստի դպրոցում, ծլարձակեցին ու զարգացան Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետեւ` Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Այնպիսի ազատ մտածողության տեր մարդու համար, ինչպիսին Հրաչն է, բնականաբար հոգեհարազատ պետք է դառնար ժամանակակից արվեստը, բայց… 90-ականներն էին… ժամանակներն այլ էին… մարդիկ արվեստի համար ժամանակ չունեին…
Ինքնհաստատման շեմին կանգնած երիտասարդ նկարչի համար ժամանակն էր կողմնորոշվելու, ընտրելու մի ուղի, որը կտաներ առաջ եւ ոչ` հակառակը: «Ապրելու խնդիր կար,-ասում է Հրաչը,- հասարակությանը արվեստը, կոպիտ ասած, պետք չէր, եւ ես չկարողացա զոհել իմ իդեալները, իմ երազանքներն ու ձգտումները»:
Կանգնելով դժվարին ընտրության առջեւ` Հրաչը մի պահ կասկածեց. ծնողները միգուցե սխալվե՞լ էին իր համար կանխորոշելով արվեստի ուղին, բայց ժամանակը հակառակն ապացուցեց:
Ռուսաստանի Դաշնությունում սկսվեց Հրաչի կյանքի կայացման փուլը` իր դժվարություններով ու ձեռքբերումներով. «Շատ դժվար ճանապարհ եմ անցել,-պատմում է Հրաչը,-միշտ երազել եմ, որ պաստառներին ու ամսագրերում տեսնեմ Հրաչ Արմենակյան նկարչին, բայց ստացվեց այնպես, որ ճանաչվեցի որպես դիզայներ»: Թեպետ Հրաչի մոտ ժամանակակից ազատ մտածողությունը վերափոխվեց պայմանական արվեստի, այնուամենայնիվ, իրեն հատուկ պատասխանատվությամբ սկսեց լրջորեն  զբաղվել եւ զարգանալ որպես դիզայներ: Ստեղծվեց «Արխետիպ» դիզայներական կենտրոնը, գործի դրվեցին գիտելիքների ողջ պաշարը.«Օտար հողում հաստատվելու հարցում ինձ օգնեց այն հարուստ գիտելիքների պաշարը, որ տարել էի ինձ հետ,-նշում է Հրաչը,-եթե լինեի «մերկ», անկասկած, առանց «կաշի» կմնայի»:
Կարճ ժամանակում դիզայների աշխատանքը հոգեհարազատ դարձավ.«Մարդիկ դիմում են իրենց տունը, միջավայրը գեղեցիկ դարձնելու հստակ երազանքով,-ասում է Հրաչը,-  ինչը դիզայները պարտավոր  է հղկել, իրական տեսք տալ: Շատ հաճախ պատվիրատուն երազում է ավելին, քան` կարող է պատկերացնել: Ես այդ երազանքներն իրականացնող կախարդական փայտիկը գտել եմ»: Հրաչի արվեստը սնվում է հասարակության կարծիքից, յուրաքանչյուր անձ իր մտքերով հետաքրքիր է նրա համար, մտքեր, որ հղկում եւ որպես ադամանդ ետ է վերադարձնում:
Ռուսաստանը դարձավ Հրաչ արվեստագետի ինքնազարգացման, նորի ձգտման, կայացման հայրենիքը, իսկ Հայաստանը այն իրական հայրենիքն էր, որին ձուլված եւ որից սնվում էին նրա արմատները, երբ դա հասկացավ, ընտանիքը` կինը եւ երկու երեխաները, բնականաբար, վերադարձան հայրենիք.«Ես նույնպես ժամանակավոր եմ այնտեղ,-վստահեցնում է Հրաչը,- վերադառնալու եմ, անխո՛ս, վերադառնալու եմ: Նպատակ ունեմ ստեղծել այնպիսի արվեստի դպրոց, ուր կկարողանամ իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել եկող սերնդին»:
Հրաչ դիզայների աշխատանքները նման են պատմվածքի, ուր ամեն մի բառ իր տեղը ունի: Հագեցած է, բայց ոչ` ավելորդ: Հրաչի պատվիրատուները մարդիկ են, որոնք ոչինչ չեն խնայում գեղեցկացնելու եւ ճոխությամբ պարուրելու իրենց կենցաղը, առօրյա նիստուկացը: Հրաչը պատմում է, նկարագրում ու երազում, որ մեր միջավայրում եւս ձեւավորվի նման մոտեցում, մենք եւս կարողանանք վեր կանգնել առօրյա կենցաղային հոգսերից, ստեղծենք մեզ արժանի կենսաձեւ.«Ցավով եմ նշում,-ասում է Հրաչը,- հատկապես մեր սիսիանցին իրեն ոչ արժանի պայմաններում է ապրում: Կասեք` մայրաքաղաքից հեռու ենք, կտրված ենք, բայց չէ՞ որ աշխարհում բանուկ ճանապարհներից հեռու այնքա՜ն գեղեցիկ ու հեքիաթային քաղաքներ կան: Սիսիանը ոչնչով պակաս չէ: Այս հողը բեղուն հող է, պետք է միշտ պարարտ պահել: Այս հողի վրա հենված «իշխանավորները» պետք է այն միշտ ամուր պահեն, թուլացնելով ժողովրդին, նրանք թուլացնում են իրենց ոտքերը, կանգնելը դժվար կլինի»:
Ասում է, ցավում, լռում, աչքերում այնքա՜ն կարոտ ու սեր կար, չասված խոսքեր, բառեր չգտնող մտքեր ու անելիքնե՜ր, անելիքնե՛ր: «Ես չեմ գտնում, որ ինչ-որ բարձունքի եմ հասել,- մեր զրույցը համեստորեն եզրափակեց Հրաչը,-ինձ միշտ  առաջ է մղում ներքին պայքարը, դեռ  գագաթներ շատ կան. նահանջի տարբերակը բացառված է»:

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *