«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ»

Լրագրողի իմ դժվարին աշխատանքը երբեմն նաեւ վարձահատույց է լինում ինձ, ու` այնքան շռայլ, այնքան առատաձեռն, որ լրագրող դառնալու համար ճակատագրին շնորհակալ լինելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում ասել:
Ահա` լրագրողի բախտով ու պատեհությամբ է, որ երջանիկ պատահականությամբ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի երեւանյան` հոգեւոր տաճար դարձած արվեստանոցում հանդիպեցի ընդամենը մի քանի օրով Ամերիկայից Հայաստան եկած մի մարդու, ով շատ թանկ ու շատ հարազատ է ոչ միայն Գետիկին, ով վառ անհատականություն, խորը մարդ, լավ մտավորական լինելուց բացի աստծո նախախնամությամբ ու ճակատագրով ունի եւս  աստվածատուր մի մենաշնորհ ու առավելություն. նա որդին է մեծ բանաստեղծ Համո Սահյանի: Նաիրի Սահյան: Ասում է, որ չէր կարող չգալ այս սրբազան օջախը: Եկել է հոր կարոտն առնելու Գետիկից, ում հայրը իր զավակներից մեկն էր համարում եւ սիրում էր հայրաբար, որ չէր կարող չգալ այս հոգեւոր տաճար, որտեղ արարվել է հոր` իր այնքա~ն սիրած, այնքա~ն տիպական, այնքա~ն սահյանաշունչ ու սահյանակերտ, սահյանական ու սահյանաբուխ քանդակը:
Անակնկալ ու գեղեցիկ հանդիպումից ես «գողացա» լրագրողի իմ բաժինը` մեծ բանաստեղծի որդու` Նաիրի Սահյանի հետ հարցազրույց ունենալու պատեհությունը, ու այն որքան որ իմ թանկ հարստությունը դարձավ, նույն սիրով ու ակնածանքով ներկայացնում եմ մեր ընթերցողին:

-Սի՛րելի Նաիրի Սահյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար, եւ` թերեւս ամենասպասված հարցը. դու որդին ես մեծ բանաստեղծի: Ի՞նչ զգացում է դա զավակի համար:
-Սահյանն ինձ համար առաջին հերթին իմ հայրն է: Եվ ցանկացած մարդու համար, իհարկե, այն էակը, ով աշխարհ է բերել իր որդուն, հարգանքի է արժանի մինչեւ կյանքի վերջ:
Բայց երբ որ հայրդ միաժամանակ իր ժողովրդի մեծագույն զավակներից է, դա կրկնակի պատիվ է զավակի համար: Ես գիտեմ, որ դա այդպես է եւ գնահատում եմ: Ինձ համար մեծ պատիվ է նրա որդին լինելը:
-Նրա պոեզիան ինչպե՞ս է անդրադարձել քո աշխարհընկալման, քո անհատականության ձեւավորման վրա:
-Ինչպես որ` բարձր արվեստը: Ինչպես որ Միքելանջելոյի քանդակները, Կառուզոյի երգերը, Ռելիխի նկարները, այնպես էլ Սահյանի պոեզիան մեծ դեր է ունեցել իմ` մարդ կազմավորվելու ընթացքին եւ ճանապարհին:
Գուցե իմ կողմից մի քիչ անհամեստ կլինի, որ ես գնահատական տամ, որովհետեւ գնահատականը տալիս են ժամանակը, պատմությունը եւ ժողովուրդը, բայց ես էլ ասեմ, որ շատ մեծ արվեստագետ է: Գնահատականն արդեն տրված է: Ինքն իր հուշարձանը կառուցել է: Ուղղակի ասեմ, որ Սահյանի պոեզիան իմ կյանքում շատ մեծ նշանակություն է ունեցել:2011_82
-Հատկապես` ի՞նչ առումով:
-Բոլո՛ր: Այստեղ կա ե՛ւ փիլիսոփայություն, կա բարոյականություն, կա գեղեցկություն, կա տիեզերքի ընկալում, ինչը, թող մեծամիտ չթվամ, բայց երեւի մասամբ հասկացել եմ, եւ դա ինձ շատ մեծ բաներ տվեց կյանքում` իմ դաստիարակության եւ իմ կայանալու ճանապարհին:
-Թեեւ Սահյանի մասին շատ են գրում, շատ են խոսում, շատ հնչեցնում, բայց նրա գրական, գեղարվեստական մեծությունը դեռեւս ըստ արժանվույն արժեւորված ու գնահատված չէ:
-Անկասկա՛ծ: Ցանկացած մեծ արվեստ մինչեւ վերջ գնահատել հնարավոր չէ, քանի որ մենք մեր չափի մեջ, մեր որակի մեջ չենք կարող ընկալել լիովին, որովհետեւ դա աստվածատուր է, իսկ աստվածատուր արվեստը հնարավոր չէ մեկնաբանել եւ ասել` ես լիովին ընկալեցի: Մենք դրա մի մասնիկը միայն կարող ենք բացահայտել ու ընկալել, դա զարգացման ճանապարհ է, այն լիովին ընկալել մեզ տրված չէ:
-Սահյանի գրական ժառանգությունը, եւ` ժառանգությունն ընդհանրապես հավաքելու, ամբողջացնելու կարիք կա՞:
-Կան մարդիկ, որ զբաղվում են դրանով, կան մարդիկ, որ իրենց անվանում են Սահյանագետ: Ես դեմ եմ դրան: Չի՛ կարող լինել մարդ, որը լինի Թումանյանագետ կամ` Սահյանագետ, որովհետեւ դա հնարավոր չէ, ինչպես ասացի, ժամանակը միայն այն կբացահայտի:
Սահյան բացահայտելու համար պիտի լինել սահյանական զգացողության եւ սահյանական որակի մեջ:
Ինչ վերաբերում է Սահյանի պոեզիայի` ըստ արժանվույն գնահատելուն. դեռ գնահատված չէ այդ պոեզիան այնքան, ինչքան որ կա, գնահատված չէ այնքան, ինչքան որ ստեղծված է: Կան բանաստեղծություններ, որ բոլորի շուրթին են, բայց դրանք այն մեծագույն նմուշները չեն, որոնց Սահյանը ստեղծել է: Դրանք դեռ պիտի բացահայտվեն, որովհետեւ մարդը պիտի լինի այդ որակի մեջ, որ կարողանա դա գնահատել: Ցավոք, Սահյան բացահայտել փորձող շատ մարդիկ դեռ այդ որակի մեջ չեն:
-Հիմա` ո՛չ գրական, այլ` ֆիզիկական ժառանգության` որդիների մասին: Ահավասիկ` մեկը դու ես:
-Հայրս ու մայրս աշխարհ են բերել երկու որդի` ես եւ Արան: Եղբայրս շատ շիտակ տղա էր, ուղիղ, հրաշք էր: Ես ինչ որ տեղ ամաչում էի հայրիկից, Արան ուղիղ էր: Մի օր հայրս փորձել էր նրա հետ սիրուց խոսել, Արան ասել էր` կոնկրետ խոսիր, ի՞նչ է պետք, բանալիները տա՞մ, մեքենայով տանե՞մ: Հայրս ասել էր` լավ էլի, Արայի՛կ, էդքան մի կոպտացրու: Տար աստված, հայրս կենդանի լիներ, հարյուր տարի ապրեր, միլիոն սեր ունենար:
Ափսոս, Արան կյանքից շուտ հեռացավ` 2003-ին: Իր հոր եւ մոր իսկական զավակն էր, արժանի, հրաշալի մի անձնավորություն, լեցուն, հզոր մարդ էր: Համո Սահյանի մի ճյուղն էր: Բացի նրանից, որ մեր ծնողները խիղճ տվեցին, բացի նրանից, որ տվեցին աշխարհը ճիշտ հասկանալու ունակություն, մեզ գենետիկ մեծ ժառանգություն տվեցին, մեզ իրենց արյան հետ եկավ պատասխանատվության մեծ զգացումը, որ մենք պիտի մարդ լինենք, մենք պիտի կարողանանք բարի լինել, պիտի կարողանանք ամեն ինչ անել մարդկանց համար, անգամ` զոհաբերվել: Եղբայրս, ցավոք, ապրեց-գնաց, ես շարունակվում եմ, ու չգիտեմ` ինչքան է ինձ դա հաջողվում:
-Դժվա՞ր է թե՞ հեշտ Սահյանի զավակը լինելու գիտակցումը, Սահյանի գենը կրելը, շարունակելը:
-Շա՛տ դժվար է, շա՛տ: Դժվար է այդ ազգանունը պատվով կրելը, որովհետեւ միայն բարի կամեցողներով չես շրջապատված, միայն անշահախնդիր մարդկանց չես հանդիպում: Հայրս եւ մայրս ստեղծել են մի աշխարհ, որի մեջ մենք պիտի ապրենք, դրսեւորվենք, զոհաբերենք այն, ինչ տրված է մեզ աստծո կողմից, զոհաբերես քո կյանքը, քո ժամանակը, որպեսզի այդ ազգանունը միշտ վառ մնա եւ միշտ՝ բարձունքի մեջ: Դժվար է նաեւ նրա համար, որ մեծ բանաստեղծի որդին լինելու պատճառով շատ բան կորցրել ենք, որովհետեւ երբեք այդ անունը չենք շահարկել, օգտագործել` մեր ճանապարհին:
-Սահյանն ասում էր` «Իմ պապը տնկել է մեր գյուղի շիվերը…», նրա թոռնե՛րն ի՞նչ պիտի ասեն իրենց պապի մասին:
-Ցավոք սրտի, աստված մեզ ժառանգ չպարգեւեց: Սահյանի ժառանգությունն ավարտվում է ինձանով:
-Բայց Սահյանը հավերժելու է:
-Ինքը, անկասկած, կա, շարունակվում է: Սահյանը կա, կմնա միշտ, քանի հայը կա:
-Դու հիմա հայրենիքում չես բնակվում:
-Յոթ տարի է` ինչ ապրում եմ Միացյալ Նահանգներում:
-Հայրենիքում չապրելը կտրո՞ւմ է հայրենիքի զգացողությունից, հողից, սահյանական աշխարհից:
-Չէ՛, անկասկած` ո՛չ, որովհետեւ այն, ինչը կոչվում է հայրենիք, չհաշված ֆիզիկական կողմը, մնացածը քո մեջ է, քո հոգու մեջ: Ֆիզիկական կողմին գուցե եւ չշփվես, բայց հոգուդ մեջ հայ մնաս, եւ ամեն ինչ անես հոգուդ մեջ, որ հայրենիքին արժանի զավակ լինես:
-Իսկ ինչո՞վ ես զբաղվում Ամերիկայում:
-Հեռուստահաղորդումներ, հեռուստաժամեր եմ վարում:
-Հայկակա՞ն թեմաներով:
-Պարտադիր չէ2011_83: Փիլիսոփայական, հոգեբանական հաղորդաշարեր են: Ուր էլ գնանք, հայկականը միշտ մեզ հետ է, չես կարող ուրիշ ազգի ներկայացուցիչ դառնալ:
-Ինչպիսի՞ հայր էր Սահյանը:
-Ինքն արդեն իր գոյությամբ, իր ներկայությամբ հայր էր ոչ միայն իր զավակների համար, այլեւ` ազգի համար: Հրաշք մարդ էր:
-Քո կարծիքով` Սահյանի մասին, Սահյանի շուրջ ինչի՞ մասին է, որ ավելի քիչ է խոսվում:
-Որպես մարդ` ինքը գնահատված չի: Ինքը հրաշք էր, նրա ներկայությունն անգամ մեծ հարստություն էր, բայց չի գնահատվել այդպես, որովհետեւ նրա շուջը եղած շատ մարդիկ ունակ չէին գնահատելու, ցավոք, չկարողացան իմանալ` ով էր իրենց կողքին, ինչ արժեք էր: Դա էլ է ժամանակը բացահայտում:
Հայրս լռակյաց էր: Մի օր զրուցում էի հետը, զգացի` չի լսում: Ասացի` էստե՛ղ չես, ասաց` ե՞րբ եմ էստեղ, որ: Ասացի` որտե՞ղ ես, ասաց` մի բան ասեմ, չես հավատա: Ասում է` գիշերը տավար եմ տարել սարը, երեխա էի, մենակ, գելերի ձեն եկավ, սկսեցի վախենալ, երեխայի պատկեր հայտնվեց, ասաց` մի վախեցիր, ես քեզ հետ եմ: Միշտ, ասում է, երբ սկսում եմ մտքերի մեջ խորանալ, էդ պատկերն է գալիս: Ո՞վ էր, ի՞նչ պատկեր էր, չգիտեր, բայց ամբողջ կյանքում միշտ էդ պատկերը ուղեկցել է իրեն: Խմած ժամանակ էլ գայլերի ձայներ էր հանում:
-Եթե որպես մարդ չի ընկալվել, նշանակում է` նրա պոեզիան էլ չընկալված շերտեր, չբացված ծալքեր շա՞տ ունի:
-Անկասկա՛ծ: Անկասկած, որովհետեւ նրա ամեն մի տողի մեջ հրաշք աշխարհներ կան: Մի քառյակ ունի, բոլորը գիտեն, կարդացել են, բայց չեն ընկալում այնպես, ինչպես որ ինքն է ընկալել, զգացել, որովհետեւ այն նաեւ բարդ է ու խորը.

Տատնա զարթնած հովտում էլի
Ուրց եմ քաղում ես իմ ձեռքով,
Տիեզե՞րքն է ինձանով լի,
Թե` ե՞ս եմ լի… տիեզերքով:

-Իր «Կտակ» բանաստեղծության մեջ Սահյանը որդիներին կտակում է ոչ այլ ինչ, քան` «…Տոհմիս այրությունն եմ թողնում Եվ հանճարը նրա վար ու ցանքի, Խստաբարո, խռով բարությունն եմ թողնում, Եվ խորհուրդը նրա արդար կյանքի»:
-Դա էլ կտակել է: Մի անգամ ասաց` ես կգնամ այս աշխարհից, բայց դուք շնորհակալ կլինեք, որ ձեզ ոչինչ չեմ թողել, ոչ հարստություն, ոչ տներ: Եվ, իրոք, ես այսօր շնորհակալ եմ, որովհետեւ Սահյան ազգանվան հետ այսօր կապված եմ միայն իմ հոգեւոր ներաշխարհով:
-Բայց դու նաեւ արտաքնապես շատ նման ես Սահյանին` քո լռությունը, նստելու ձեւը, անգամ` ձայնը, ու քո ներկայությամբ ասես Սահյանն է ներկա այստեղ:
-Երեւի թե այդպես էլ կա, եւ դա մեծ պատիվ է ինձ համար: Նրա նման լինելը շատ բարդ է, որովհետեւ էդ բարձունքներին հասնելու համար պիտի Սահյան լինես: Իսկ արտաքինը` դէ, հայրս է, պիտի նման լինեմ: Մայրս էր լավ ասում` Համո ջան, էս բանն էլ հո չե՞ս կարող հերքել, իրենց նայի՜ր, քեզ նայիր:
-Այսօր Սահյանի հետ կապված ամեն ինչ սրբազան մասունք է մեզ համար, կներես բառի համար, բայց այն կարելի է նաեւ քեզ վերագրել: Դու էլ ես  սահյանական մասունք:
-Երեւի` վերջինը, այո՛:
-Սահյանի տուն-թանգարան չլինելը քեզ չի՞ մտահոգում:
-Ցավոք սրտի, վերջին տարիներին ծանր պայմաններում ապրեց, ցրտի մեջ, 2 սենյականոց բնակարանում: Այդ բնակարանը վաճառվել է, չկա, իրերը` նույնպես: Բնակարանից բնակարան տեղափոխվելու ժամանակ շատ բան կորել է: Շատ քիչ բան է պահպանվել: Ինձ մոտ էլ կան ձեռագրեր, որոշ անձնական իրեր, ժամացույցը, գրիչներ: Տուն-թանգարան լինելու դեպքում ես պատրաստ եմ դրանք նվիրել:
-Սահյանի 100 ամյակն է մոտենում, եւ շատ ենք խոսում այն պատշաճորեն նշելու մասին:
-Սահյանի 100 ամյակը, կարծում եմ, մեր ժողովրդի պատմության ինչ-որ փուլն է, որ պիտի պատվով ներկայացվի: Իշխանությունները պիտի այդ մասին մտածեն:
-Ուզում եմ հաղորդել քեզ, որ Սիսիանում պաշտելու չափ սիրում են Սահյանի պոեզիան:
-Չե՛մ կասկածում:
-Ուզում եմ հաղորդել նաեւ, որ Սահյանի փառահեղ քանդակը զարդարում է մեր քաղաքը. շուրջը միշտ մարդիկ են, ծնկներին` երեխաներ, ինքը` մարդկանց մեջ, մարդիկ` իր կողքին, այնքան յուրային, այնքան մերային, ուսերն ասես թամբ է դարձրել աշխարհի հոգսի, ցավի, խոհի ու խոկումի համար, հայացքը` հավերժաթռիչ, լռությունը` իմաստուն ու այնքան սահյանական, կերպը` այնքան սահյանաշունչ, կերտը` այնքան սահյանաբար:
-Շնորհակալ եմ ճակատագրից, որ այսօր այստեղ եմ, այս արվեստանոցում, այս մարդկանց հետ:
Աչք եմ բացել, մեր տանը տեսել եմ մեծ գրողներ, մեծ բանաստեղծներ, մեծ նկարիչներ, մեծ քաղաքական գործիչներ, բայց ինձ համար ամենակարեւորը եղել է մարդու մարդ որակը, մարդ լինելը: Այսօր այստեղ հանդիպեցի, տեսա մարդկանց, ու ես խոնարհվում եմ նրանց` մարդ լինելու առաջ: Նրանք արել են իրենց գործը, ու հրաշալի են արել, ու անշահախնդիր են արել:
Թեեւ այստեղ չեմ ապրում, բայց քանդակի ստեղծման հետ կապված ամեն ինչ գիտեմ, գիտեմ` ոնց է սկիզբը դրվել, ինչ դժվարությամբ, հետո ինչ է եղել, ինչ խոչընդոտներ են հաղթահարվել: Գիտե՞ս ինչ, անշնորհակալ լինելը մարդու մեջ դրված է, մեկը պիտի անի, մյուսը պիտի աղտոտի, խոսի, դրա մեջ նաեւ հրաշալի մի բան կա. անողը երբ որ հաղթում է, կատարվում է այն, ինչ որ պիտի կատարվի: Երեւի հակասության մեջ ինչ-որ հրաշքներ են լինում: Ամենակարեւոր բանը, ինչ էլ որ անես, մարդ մնալն է: Ես այսօր տեսա նրանց: Դժվարություններն էլ աստված որ տալիս է, գիտի` ում է տալիս: Միայն ուժեղն է հասնում իր նպատակին: Միլիոն խոչընդոտ կա նրա ճանապարհին, միլիարդ, սկսած նրա հաջողակ լինելուց, փողից, փառքից, բայց իսկական ճանապարհ գնացողը իր ճանապարհը գնում է գլուխը կախ, ու իր միակ նվերը էդ ճանապարհով գնալն է: Տեղ հասնելն էլ չի իսկի: Գետիկի ցավը տանեմ, Գառնիկի ցավը տանեմ, նրանք իրենց գործն արել են ու հրաշալի են արել ու անշահախնդիր են արել:
Հորս քանդակը դնելուց հետո էնքան զանգեր եկան ինձ, ասում էին` տեսա՜ր` ի՜նչ արեցի: Երեւի հաճելի է, որ մարդու անուն ինչ-որ մեծ բանի հետ է կապվում, բայց որ կապ չունի, ո՞նց ես կապում, կամ` ինչի՞ ես կապում, կամ` ու՞մ ես խաբում: Կյանքում էնքան հետաքրքիր բաներ են լինում. պատահել է` տեղ եմ գնացել, ասել են` բա նոր Սահյանի տղան եկավ, դու ո՞րերրորդն ես: Ասում եմ` վերջինը:
– Սի՛րելի Նաիրի, քանի որ մեր ընթերցողը Սահյանասեր սիսիանցին է, մեր թերթը` Սահյանի «Որոտանը», որտեղ կյանքի վաղ շրջանում աշխատել է նաեւ ինքը, եւ նրա շատ բանաստեղծություններ առաջին անգամ այստեղ են տպագրվել, ի՞նչ ես մաղթում մեր ընթերցողին, մեր թերթին:
-Որոտան անունը խորը տեղ ուներ հորս աշխարհում, եւ ինքը սիրում էր այդ աշխարհը, ու այդ աշխարհի մի փոքր մասնիկն էր, ինչպես ինքն էր ասում` Որոտանն էր, ու շատ բանաստեղծություններ ունի նվիրված Որոտանին:
«Որոտանին» էլ ցանկանում եմ շատ ընթերցողներ, որովհետեւ եթե թերթը կարդացող չունի, ինչ էլ տպագրի, գնահատված չի: Ցանկանում եմ, որ լինի ընդհանուր զարգացումների մեջ:
-Շնորհակա՛լ եմ:
-Ե՛ս էլ: Ինձ համար մեծ պատիվ էր, որ հարցազրույց ունեցա «Որոտանում»: Ինձ համար բարձրագույն արժեք էր այստեղ լինելը, հրաշալի օր էր, սիրտս` բաց, մեծ պարգեւ էր այս մարդկանց հետ շփվելը, տեսնելը: Շնորհակալ եմ ճակատագրից, որ այսօր տեսա հորս հետ կապված այսքան լավ մարդկանց: Ես նրանց մեջ մարդ տեսա: Ոմանց հեռվից լսել էի, մոտիկից ճանաչեցի: Շնորհակալ եմ ճակատագրից:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ 

Մեկ Արձագանքման «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ» համար

  1. Գետիկին ճանաչում եմ, եղել եմ իր արվեստանոցում, ու երբ իրար տեսնում ենք,սիրով մտքեր ենք փոխանակում: Բարի, համեստ, շատ տաղանդավոր մարդ է: Հետաքրքիր մտածողության տեր: Պետք է տեսնել նրա փոքր չափի, բայց գեղարվեստորեն տարողունակ քանդակները: Սահյանի արձանն էլ երկար տարիներ իր արվեստանոցի քով սպասում էր իր տեղադրմանը… Հապա՜ հարթաքանդակնե՜րը Երևանի քաղաքապետարանի և պատմության թանգարանի շենքերի պատերին, նաև Սախարովի կիսանդրին (եթե չեմ սխալվում, դարձյալ իր հեղինակածն է), որ պետական մրցանակի էր ներկայացվել տարիներ առաջ ու մրցանակ չշահեց անարդարաբար:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *