«Ո՞ՆՑ ԵՔ ԷՍՏԵՂ ԱՊՐՈՒՄ»

«ՄԵՐ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱՆ»


Վերջերս հանդիպեցի  վաղեմի ծանոթներիցս մեկին, ով ծնունդով Սիսիանից է, բայց հանգամանքների բերումով 4 տարի է, ինչ ընտանիքով ապրում է արտերկրում: «Ընկերուհիս», թեպետ իր կյանքի անցած 24 տարիների ընթացքում մեկ կամ երկու անգամ էր դուրս եկել Սիսիանից, մեր հանդիպման ընթացքում իրեն պահում էր  «как ко­рен­ная моск­вич­ка»:
Ի՞նչ խոսակցություն է ծավալվում նման դեպքերում. խառը, բայց եւ` շատ «մտերմիկ», նրանք պատմում են այնտեղի շքեղ կյանքից, մենք` այստեղի հոգսաշատ կյանքից: Մեր դեպքում` այդպես չեղավ, նրա կիսառուսական – կիսասիսիանյան խոսելաոճը կաթիլ  կաթիլ լցնում էր համբերությանս բաժակը. «Աղջիկս ռուսական садик-ա գնում, ձգտում ենք տանն էլ հայերեն չխոսել, муж-իս էլ եմ ստիպում` ռուսերեն խոսի, 6 տարեկան երեխայա, հայերենից լավ ռուսերեն ա խոսում… ի՞նչ школа,  գիմնազիա ենք տալու, ինքը լրիվ артистка»:
Զրույցի ընթացքում աջ եւ ձախ  արհամարհական  հայացք  նետելով, մատների արանքում պտտացնելով թվային լուսանկարչական ապարատը, մեր նկատմամբ մեծ խղճահարությամբ լցված, հոգոց հանելով ասաց` «Ո՞նց եք էստեղ ապրում». համբերությանս բաժակը լցված էր:
Բառեր չեմ գտնում նկարագրելու այդ պահի իմ ապրումները, ասեմ այսպես, ի՞նչ ես զգում, երբ, դեմքիդ նայելով, օտար մեկը անտակտորեն վիրավորում է ծնողիդ: Այն ծնողիդ, ով թեեւ փոքր-ինչ ծեր է, փոքր-ինչ` աղքատ, փոքր-ինչ` ժամանակից հետ մնացած, բայց` քոնն է, դու իրավունք ունես նրանից նեղանալու, հիասթափվելու, վիճելու նրա հետ, բայց ուրիշը` երբեք:
Այսպես էլ Սիսիանը իմն է, իր լավով ու վատով իմն է, ես ապրում ու ապրելու եմ այստեղ, ու թե հարցնեք` ինչո՞ւ, ի՞նչն է պահում, ի՞նչը թույլ չի տալիս կապել իրերն ու հեռանալ, կասեմ` ար-մատ-նե՜-րը, այս բարի ու ազնիվ հողին պինդ ու ամուր հյուսված արմատնե՛րը:
Տունդարձի ճամփին միտքս չէր խաղաղվում: Ո՞վ է ճիշտ, նա՛, ով մեկնում է օտար երկիր իր եւ իր երեխաների կյանքը բարելավելու` կատարելով այնպիսի աշխատանքներ, որը երբեք իր հայրենիքում չէր կատարի, տանելով այնպիսի ստորացումներ, որոնց չնչին տոկոսն անգամ չէր հանդուրժի իր հողում, թե` նա, ով մնում է քարի ու հողի հետ կռիվ տալու` ամենքից ու ամեն ինչից վեր դասելով իր ինքնասիրությունն ու իր հողից քամած մի կտոր հացը…
Հ.Գ Ասելիքս չեմ ավարտում, կփորձեմ գտնել ու մեր թերթի էջերում ներկայացնել այն մարդկանց, ովքեր կերտել ու կերտում են Սիսիանի դիմագիծը, իրենց կյանքը միահյուսում մայր հողի պատմությանը` դառնալով հիմք ու հենասյուն:
Կարծում եմ` անդրադարձս մտածելու տեղիք կտա նաեւ քեզ, իմ ընթերցող, չգիտեմ` Սիսիանը քո՞նն էլ է, որին պինդ ու ամուր հյուսված ես քո արմատներով, թե՞…

Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *