«ՈՐՈՏԱՆԸ» ՇԱՔԵԻ ՋՐՎԵԺԸ ՉԷ, ՈՐ…

Աթոռը կորցնելու սարսափից եւ իր չստացված, ձախողված պաշտոնավարման մասին «Որոտան» թերթի` սիսիանցիների վրա թողած հսկայական ազդեցությունից խուճապահար` նախընտրական իր հանդիպումները Աղասի Հակոբջանյանը վերածում է «Որոտանի» հետ հաշվեհարդար տեսնելու անթաքույց մոլուցքի: Թերթի հրապարակումներից ունեցած վախը այն աստիճան է մթագնել նրա իրատեսությունը, որ ենթակայության կառույցների աշխատողներին  հանձնարարել է «այրել, պատռել, թաքցնել, վերացնել» «Որոտանը» եւ սպառնացել նրանց, ովքեր թերթի բաժանորդ կդառնան:
Վերջին օրերի իր նախընտրական հանդիպումների հիմնական թեման  դարձրել է «Որոտանը» ինչ գրում է, սուտ է.» «ինքնապաշտպանական», փրփուրը, իսկ քինախնդիր մոլուցքով հնչեցրած` «Որոտանը» փակելու եմ» փուչ մեծամտությունը նրա անփառունակ պարտության, խուճապի ու վերջանական կործանման նախանշանն է:
Նախ` «Որոտանը» Շաքեի ջրվեժը չէ, որ այն «փակել-բացելու» 5-10 հազարանոց «բանալին» նրա ձեռքում լինի:
Երկրորդ, արժանապատվություն եւ ինքնասիրություն ունեցող մարդը, այն էլ` պաշտոնյան, ով հավակնում է արժանանալ ընտրողի վստահությանը, իր մասին այդքան «սուտ» բաներ գրող թերթից, պահանջված կարգով, պատիվ կպահանջեր, ոչ թե կնիկային բամբասանքներ կաներ փողոցներում ու բակերում` բնակիչների հետ հանդիպելիս:
Մյուս կողմից` «Որոտանն» այնպիսի ճանապարհ է անցել ու անցնելու է, որ առավելապես ու մասնավորապես Սիսիանի աչքի առաջ ժամ առ ժամ ինքն իրեն ոչնչացնող Աղասի Հակոբջանյանով չի պայմանավորված նրա փակվել-չփակվելը:
«Որոտանը»  50 տարվա ճանապարհ է անցել: Անցողիկը  ինքն է, որ 4 տարվա անգործությունից հետո, այն էլ` անազնիվ ու անբարո եղանակներով, փորձում է մնալ աթոռին` «սեփականաշնորհման» իրավունքով այն որդուն փոխանցելու մտածողությամբ, որովհետեւ, ինչպես հայտարարել է, ուրիշ արժանի մարդ չկա Սիսիանում:
Նսեմացնելով անգամ Թաթուլ Հակոբյանի անհատական հանրային մեծ հեղինակությունը, փորձում է ժողովրդի` նրան տված աննախադեպ մեծ վստահության քվեն վերագրել իրեն` մեծամտանալով, թե` «Առանց իրեն` ո՞վ էր Թաթուլ Հակոբյանը, նա 83 %-ոց տղա՞ էր, որ այդքան ձայն հավաքեր Սիսիանում: Ես եմ ասել` նրան ձայն տան: Իմ ասելով են սիսիանցիները Թաթուլին այդքան ձայն տվել»:
Վերջին խոսքը Սիսիանինն է, ապացուցելու, որ ինքն է ձայն տալիս նրան, ում նախընտրում է:
Մայիսի 6-ին սիսիանցիների` Թաթուլ Հակոբյանին տված ինքնակամ ու ինքնաբուխ  ՁԱՅՆԸ  սեպտեմբերի 9-ին նույն ինքնաբուխ եւ ինքնակամ եղանակով պիտի ամրապնդվի` ՁԱՅՆ դառնալով Տիգրան Պողոսյանի համար` այդպես ջարդելու մեծամիտներին, ամբարտավաններին, ինքնահավաններին, սիսիանցիներին թերագնահատողներին, ժողովրդի դերը նսեմացնողներին…

 «ՈՐՈՏԱՆ»

Մեկ Արձագանքման «ՈՐՈՏԱՆԸ» ՇԱՔԵԻ ՋՐՎԵԺԸ ՉԷ, ՈՐ… համար

  1. zavenalaverdyan1949@rambler,ru says:

    Սիսիանցիները կլուծեն իրենց վրեժը,
    Որովհետև շատ մեղք է Շաքեի ջրվեժը։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *