«ՈՒՂԵՂՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ» կամ` ԱՐՎԵՍՏԸ ՊԻՏԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ

Որ ուղեղը կարող է պայծառ լինել, գիտենք բոլորս, որ արթուն, զգոն, լուսավոր, գիտակ, շիտակ կարող է լինել, նույնպես հայտնի է: Սակայն որ «քանդակագործ» բնության «արարչագործ» ձեռքն ու «ստեղծարար» միտքը, որպես իր եւ մարդու միջեւ ներդաշնակ կապի խաթարման համարժեք արձագանք ու վկայություն, իր խորքերից պեղում-հանում եւ ցուցանում-ցուցադրում է նաեւ «նեգատիվ» ուղեղներ, դա նույնպես հնարավոր է, ինչն այս պարագայում հնչում է իբրեւ բնությունից չհեռանալու, բնությունից չկտրվելու, նրա հանդեպ անողոք ու անխնա չլինելու ահազանգ-կոչնակ:vorotan270629-1
«Կանթեղ» սրճարանային համալիրում կազմակերպված «Բնությունը քանդակագործ`  ուղեղների շքահանդեսում» խորագրով ցուցադրությունը ցույց տվեց, որ, ցավոք, բնությունը «ստեղծում է» նաեւ «սողացող ուղեղ», «շնացող ուղեղ», «շեղված ուղեղ», «սղոցած ուղեղ», «զորբա ուղեղ», «Չ…. ուղեղ», «լակ ուղեղ», «ստամոքս ուղեղ», «օդ կուլ տված ուղեղ», անգամ` «խաչված ուղեղ»: Եվ «ստեղծում է» ինքն իր «բնապատկերներով»` իր միջից, իր ներսից, իր ջանքով, իր ուժերով` որպես մարդու եւ բնության ներդաշնակության խաթարման վավերացում:
Տարիների ընթացքում բնության այդ «ստեղծագործությունները» մեկ-մեկ հավաքել, ավելորդությունները մաքրել-հանել, «ստեղծագործական տեսքի է բերել» եւ «ուղեղների շքահանդես»-ցուցադրություն է կազմակերպել  Աշոտ Մինասյանը, ով իրեն ոչ քանդակագործ է համարում, ոչ` նկարիչ, vorotan270629-2պարզապես` բնության եւ մարդկանց միջնորդ, ով «ուղեղի տեսք, ձեւ, նկարագրություն, կերպար ու վերնագիր է տվել» այն ամենին, ինչ իրեն մատուցել է բնությունը: «Բոլոր քանդակները գիհի ծառատեսակից ստացված աշխատանքներ են: Գիհին շատ զգայուն ծառատեսակ է, եւ շատ արագ արձագանքում է այն ամենին, ինչ կատարվում է շրջակա միջավայրում ու շատ արագ դեֆորմացվում է` արձագանքելով բնության ողջ ընթացքին: Ինքը բնության խաթարված վիճակը մատուցել է մեզ»,- ասում է ցուցահանդեսի եւ ցուվադրվող քանդակների հեղինակ Աշոտ Մինասյանը եւ հավելում, որ թեեւ ինքը ոչ հոռետես է, ոչ` վատատես, բայց բնությունից վերցրած այդ «նեգատիվ» կողմերը ներկայացնելով` փորձել է մարդկանց ներարկել լավը տեսնելու, լավը դառնալու, լավին ձգտելու, ներել կարողանալու զգացողությունը, որովհետեւ, ինչպես իր զոհված եղբայրն է ասել, «անգամ պայթած պարկուճի մեջ պետք է լավ բան տեսնել»:
Իր տեսակի, ձեւի, բովանդակության, գաղափարի եւ մտահղացման մեջ եզակի բացօթյա այս ցուցահանդեսը, որ «Կանթեղի» ողջ համայնապատկերի վրա ավելի էր ընդգծում ազդման-հակազդման, դրության-հակադրության, դրականի եւ բացասականի ողջ համադրությունը, բացառիկ էր ընկալման չափանիշներով, մատուցման յուրօրինակությամբ, ասելիքի տարողությամբ ու տպավորականությամբ:
«Աշխարհում ամեն տեղ եղել եմ, ամենահեղինակավոր ցուցահանդեսներում, բայց նման եզակի ցուցադրություն առաջին անգամն եմ տեսնում,- ասաց նկարիչ Ավագ Ավագյանը,- կեցցե Աշոտը: Ամեն անգամ օրիգինալ մի գաղափար ունի: Կարեւորն այն է, որ նա կարողանում է տեսնել: Տեսնելն է նկարչին նկարիչ դարձնում, քանդակագործին` քանդակագործ: Աշոտը տեսել է եւ տեսածը դարձրել է ստեղծագործություն: Ինքը բնության «ստեղծագործություններն» է ցուցադրում»:
Խոսելով բնvorotan270629-3ությունից, ծառից «արվեստ» ստանալու երեւույթի մասին, Ռազմիկ Եսայանը շատ պատկերավոր համեմատությամբ ասաց, որ որոշ ծառատեսակներ մեզ շրջապատող շատ մարդկանցից ավելի խելացի են, իրենց «կյանքը» կազմակերպում են ավելի մաքուր, ավելի արդար, ավելի գեղեցիկ, իսկ իր հետ անխնա վարվողներին բնությունը, որպես դրան համարժեք պատասխան, ներկայանում է «խեղված ուղեղների այն շքահանդեսով», ինչը ցուցադրում է այստեղ:
Սյունիքի նկարիչների միության նախագահ, նկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը նկատեց, որ այս ցուցահանդես-ցուցադրությունը հեղինակի խոհերի, մտքի, զգացողության, կյանքի դինամիկ շարժման փիլիսոփայության համադրումն է եւ շատ համահունչ հեղինակի բնավորությանը: «Ինքնատիպ ու յուրօրինակ: Իր գաղափարով, հայացքներով ոչ թե նորություն էր արվեստի մեջ, այլ` նոր խոսք: Իսկ ուղեղը որպես մարդու գործունեության շարժիչ ուժ, Աշոտը ցանկացել է դրա միջոցով բացահայտել մարդու էությունը»,- հավելեցvorotan270629-4 նա:
Նկարիչ Պայքար Գալստյանը այս ցուցահանդեսում կարեւորեց այն, որ  «նեգատիվ ուղեղների այս աղաղակը» բնության աղերսանքն է` իր հանդեպ ուշադիր լինել, սրտացավ ու հոգատար:
Քիչ է ասել, թե այս ցուցահանդեսը, եզակի լինելով հանդերձ, տպավորիչ էր ու օրիգինալ, քիչ է ասել` բացառիկ:
Բնության եւ մարդու ներդաշնակության խաթարման այս «ուղեղային շքահանդեսը» մի անողոք հայելի էր, որտեղ բնությունն ինքն իր արտացոլանքը տեսնելով` ցավ ապրեց, մարդը, ինքն իրեն տեսնելով, ցավ ապրեց:
Բնության երեւույթների եւ բնության մատուցած բնական «աշխատանքների» միջոցով, սակայն, հասկանալի է դառնում, որ սա ոչ բնության ցուցադրություն է, ոչ` ուղեղի: Այլ` ահազանգ է առ այն, որ մարդկային ուղեղը Աստված նրան պարգեւել է որպես մենաշնորհ  բարուն ծառայելու, ոչ թե` ի չարս գործադրելու, որովհետեւ առանց բնության մարդը ոչինչ է, ինչպես որ առանց մարդու է բնությունը ոչինչ:
«Նեգատիվ ուղեղային» այս ցուցանմուշները, որպես արվեսի գործ, ինքնին  ավելի ուժեղ ազդեցություն թողեցին, քան ինքը` բնությունը:
Արվեստը պիտի բնությունից ուժեղ լինի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
27.06.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *