«ՍԻՍԱԿԱՆ» ՀՄ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ

«Սիսական» հայրենակցական-հասարակական կազմակերպության համահիմնադիր-համանախագահ Ժորա Խուրշուդյանի անսպասելի վախճանից հետո թափուր էր միության նախագահի տեղը: Օրերս մայրաքաղաքի նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքում տեղի ունեցավ ՀՄ խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահի ընտրության օրակարգային հարցով: Նիստին մասնակցում էին երեւանաբնակ սիսիանցիներ, հյուրեր, լրագրողներ:

Միության անդամները մեկ անգամ եւս բարձր են գնահատել Ժորա Խուրշուդյանի վաստակն ու ավանդը՝ հայրենակցական միության 27-ամյա գործունեության ընթացքում եւ նշել միության դերը թե կազմավորման դժվարին ժամանակներում, թե՝ հետագա բոլոր տարիներին:

«Սիսական» հայրենակցական միության խորհրդի նախագահ է ընտրվել պահեստազորի գնդապետ, Քաղաքացիական Հատուկ Ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական (Գեներալ-գնդապետ) Ֆելիքս Պողոսյանը: Փոխնախագահներ՝ գրող, հրապարակախոս Գոհար Գարունը եւ տնտեսագետ Արշակ Կարախանյանը: Ընտրվել է վարչության նոր կազմ:

Նիստի ընթացքում ելույթ են ունեցել ՀՄ-ի անդամները, ազատամարտի վետերաններ, Սիսիանից ժամանած հյուրեր: Ջերմ էր հատկապես միության անդամ, Համո Սահյանի քրոջ՝ Պայծառ Գրիգորյանի ելույթը, ով նախապես ողջունելով ներկաներին, հիշեց անվանի բանաստեղծ եղբոր խոսքը. «Աշխարհն եմ շրջել, բայց մեր ժողովրդի նման մեղմ ժողովուրդ չեմ տեսել ոչ մի տեղ…»: Ժողովին հրավիրված Գուսան Հայկազունը կատարել է քաղաքապետիր`«Լավագույն տղերքը մենք ենք» նոր երգը՝ արժանանալով բուռն ծափերի:

Ժողովին ներկա էր նաեւ սիսիանյան պատվիրակություն, որի անունից ելույթ է ունեցել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել «Սիսական» ՀՄ-ին և համագործակցել նրա հետ:

Նիստի ավարտից հետո ՀՄ-ի նորընտիր նախագահ Ֆելիքս Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շուրջ երկու տասնյակ տարի առաջ ստեղծված միության անդամների առաջնային նպատակը հայրենի հողի, նրա սահմանների պաշտպանությունն է եղել, որը կատարել են ամենայն պատասխանատվությամբ, Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի գիտակցությամբ, անձնվիրումով: «Այսօր էլ բազմաթիվ են խնդիրները, որոնք ծառացած են երկրի, Հայոց Բանակի առջեւ: Այդ հիմնահարցերը մեր ողջ ժողովրդի հոգսն են, որոնց պիտի ազգովի դիմակայենք մեր ոգու արիությամբ: Թերևս պիտի մենք շարունակենք օժանդակել մեր հայրենի Սիսական աշխարհին: Այսօր, ցավոք, մեր ողջ հանրապետությունն էլ բարդ ու դժվարին խնդիրներ ունի, Սիսիանը՝ առանձնապես, որովհետև սահմանամերձ գոտի է, և մենք պարտավոր ենք մեր պապենական հողը պաշտպանել սրբորեն: Մենք պիտի խոնարհումով հիշենք արիաբար կռվող զինվորներին: Նրանց, ովքեր հայրենի հողին պաշտպան կանգնեցին եւ ոգեղենի ուժով, անձնվիրումով իրենց սուրբ արյամբ ուսանեցին մեզ բոլորիս, որ Հայրենիքի համար զոհվելն անմահություն է և հավերժող դաս՝ հայոց պատմական ճակատագրում»,-նշեց նորընտիր նախագահ Ֆելիքս Պողոսյանը:

Լուսինե Թոփուզյան

Երեւան

 

 

 

Մեկ Արձագանքման «ՍԻՍԱԿԱՆ» ՀՄ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ համար

  1. Vladik Lernashenci says:

    hayrenanver gorc e katarvum

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *