«ՍԻՍԻԱՆ ԿԱԹԸ» ՝ ՍԻՍԻԱՆՅԱՆ ԲՐԵՆԴ

Ինը տարի առաջ Սիսիան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի՝ ընդամենը 4 պատ ունեցող մի կիսակառույցում Հուսիկ Ստեփանյանը սկսեց իր գործունեությունը՝ երազելով իր արտադրանքը դարձնել սիսիանյան բրենդ: Երբ դեռ նոր-նոր ոտքի էր կանգնում, եւ քչերին էր հայտնի նրա արտադրանքը, 2010-ին հարցազրույց վարեցինք նրա հետ կաթի վերամշակման նորաստեղծ արտադրամասի, նպատակների եւ հեռանկարների մասին: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում, որքանո՞վ են արդարացվել սպասելիքները, ծննդավայրի անունը կրող արտադրանքը դարձե՞լ է իր երազած՝ սիսիանյան բրենդը: Տարեմուտի շեմին այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը «Սիս Ալպ» ՍՊԸ տնօրեն Հուսիկ Ստեփանյանի հետ:

-Պարոն Ստեփանյան, մեր վերջին հարցազրույցից անցել է 6 տարի, ի՞նչ է փոխվել:

– 2010-ին դեռեւս առաջին քայլերն էինք անում շուկայում: Երբ ետադարձ հայացք ես գցում, իհարկե, բավականին աշխատանքներ են կատարվել: Փոքրիկ արտադրամասից բացի կառուցել ենք ժամանակակից սարքավորումներով, ստանդարտներին համապատասխան նոր արտադրամաս: Հիմնանորոգվել է նաեւ նախկին արտադրամասը, վերազինվել նոր սարքավորումներով: Կառուցել ենք նոր պահեստներ: Կարեւորելով աշխատակիցների աշխատանքային պայմանները, ստեղծել ենք խոհանոց, հանդերձարան, ապահովել սանիտարահիգիենիկ պայմանները: Արտադրանքին զուգահեռ՝ շարունակվել են շինարարական աշխատանքները, որոնք մինչ օրս էլ ընթանում են: Իսկապես՝ շատ բան է արվել, բայց բավականին անելիքներ դեռեւս կան՝ վերջնական նպատակներին հասնելու համար:

-Մեր նախորդ զրույցի ժամանակ Դուք կարեւորում էիք Սիսիանի անունը կրող Ձեր ապրանքատեսակը սիսիանյան բրենդ դարձնելու եւ շուկայում ճանաչում ձեռք բերելու հանգամանքը՝ շեշտելով հատկապես Սիսիանում արտադրված լինելը: Ձեր երազանքը կատարվե՞լ է, ձեր նպատակին հասե՞լ եք:14657318_905492382914252_3796836868671705970_n

-«Սիսիան կաթ» ապրանքանիշը կրող արտադրանքն արդեն լայն ճանաչում ունի Սյունիքի մարզում, Վայոց Ձորում, մասնակիորեն՝ Երեւանում: Երեւանի շուկայում տեղ գտնելու համար դեռեւս անելիքներ կան, նպատակ ունենք արտահանել Ռուսաստան, առաջարկներ կան նույնիսկ Իրաքից: Ինչ վերաբերում է Սիսիանում արտադրված լինելուն եւ ապրանքանիշի վրա Սիսիանի անունը երեւացնելուն, ասեմ, որ փոխադարձաբար միմյանց գովազդելով եւ հանրահռչակելով՝ առաջին հերթին ծննդավայրիդ նկատմամբ ունեցած պատասխանատվությունն է բարձրանում, ապա՝ նոր սերնդի գիտակցության եւ հոգեբանության մեջ փորձում ես վերականգնել Սիսիանի կաթնամթերքի համբավը, որը սովետմիության փլուզման հետ ինքն էլ փլուզում ապրեց: Միաժամանակ վերականգնել կաթի վերամշակման կուլտուրան, բարի համբավն ու անունը: Մի դեպքում Սիսիանն ինքն է գովազդում քո արտադրանքը, մյուս դեպքում՝ դու ես գովազդում Սիսիանը: Փոխադարձաբար օգնում են իրար՝ մեկը մյուսով ճանաչելի լինել:

-Սիսիանի տարածաշրջանում կաթնամթերք արտադրող այլ ընկերություններ էլ կան, ինչպիսի՞ն է մրցակցային դաշտը:

-Շուկայում կաթնամթերքի իրացման մրցակցային առանձնակի խնդիր չեմ տեսնում: Մրցակցություն կա հատկապես աշնանը՝ հումքի պակասի հետ կապված: Սիսիանում հիմա բավարար քանակությամբ կաթ չի արտադրվում, որպեսզի ավելի մեծ շուկաներում ներկայացնենք մեր արտադրանքը, բայց մեր սպառողները մշտապես մեր սպառողներն են, ովքեր գիտն, թե ինչու են մեր ընկերության արտադրանքը գնում: Որտեղ ներկայանում ենք, սպառողն արդեն ճանաչում է մեզ: Երեւանյան խանութներում էլ են արդեն փնտրում «Սիսիան կաթ»-ի տեսականին:

-Ասացիք, որ մեր տարածաշրջանում հումքի պակաս կա, 14671241_905492329580924_2198834222393162354_nինչո՞վ եք պայմանավորում:

– Թեեւ Սիսիանի տարածաշրջանում մեծ հնարավորություններ կան կաթ արտադրելու, բայց բավականին քիչ է արտադրվում, մարդիկ քիչ են զբաղվում անասնապահությամբ, պակասել է անասնագլխաքանակը: Գնային քաղաքականությունն էլ անասնապահության մեջ մեծ նշանակություն ունի: Տարի կար, որ կաթի գինը բարձրացավ միջինը 160 դրամ, անասունների գլխաքանակն էլ ավելացավ: Ակնհայտ է, որ հատկապես երիտասարդները նախաձեռնողականություն հանդես չեն բերում անասնապահությամբ զբաղվելու: Այն դարձել է քիչ շահութաբեր, եւ գյուղացին պահում է 1-2 գլուխ կով՝ բավարարվելով իր ընտանիքի կարիքները հոգալով միայն:

– Սպառողների շրջանում «Սիսիան կաթի» այսօրվա համբավին, վստահությանը, հեղինակության ամրապնդմանը եւ շուկայում կայանալուն ի՞նչն է նպաստել: Ի՞նչ ճանապարհ է հաղթահարել «Սիս Ալպը»:

-Դժվարությունները միշտ էլ կան ու կլինեն: Դրանք մեր աշխատանքի եւ մեր առօրյայի մի մասն են: Բնական եմ համարում եւ մտածում եմ, որ դրանք առկա են հենց հաղթահարելու համար: Իսկ եթե նայենք դժվարություններին, ոչինչ չպիտի անենք, ոչնչի չպիտի հասնեք: «Սիս Ալպն» անցել է դժվարություններով, հետաքրքրություններով, հաջողություններով, ակնկալիքներով լի ճանապարհ: Հեշտ ոչինչ չի լինում: Իսկ դժվարություններով ձեռք բերածդ ավելի շատ ես սիրում եւ ավելի ամուր ես կապվում նրան: Ինչ վերաբերում է սպառողների շրջանում վստահության ամրապնդմանը ձեր հարցին. միշտ առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ մարդը կաթնամթերք գնում է առողջություն ունենալու համար, եւ պետք է անել այնպես, որ քո արտադրած կաթնամթերքը նպաստի նրա առողջությանը, ոչ թե՝ խաթարի կամ՝ վնասի այն: Իմ շրջապատում բոլորն էլ գիտեն, որ իմ ընտանիքի սպառման համար ես ինքս խանութից եմ գնում մեր արտադրանքը: Դա վստահության ամենամեծ երաշխիքն է: Ու երբեք չեմ դավաճանել սկզբունքներիս:

-Սիսիանում կաթի վերամշակման արտադրություն ստեղծելու եւ «Սիսիան կաթը» սիսիանյան բրենդ դարձնելու Ձեր երազանքը կարծես կատարվել է: Երբ երազանքները կատարվում են, դադարում են երազանք լինելուց: Ի՞նչն է խթանում նոր երազանքներ ունենալուն…

-Երազանք միշտ էլ ունենում ես: Իսկ եթե առանց երազանքի ապրես, կյանքն էլ կկորցնի իր իմաստն ու նպատակը: Երազանքները դառնում են նպատակ, դու իրականացնում ես դրանք, որ գնաս հաջորդ երազանքներիդ իրականացմանը:

-Շատերի նման Դուք էլ կարող էիք ձեր բիզնեսը հիմնել դրսում, Ռուսաստանում, Երեւանում, ինչի համար կային բոլոր հնարավորությունները, բայց Դուք նախընտրությունը տվել եք Սիսիանում մնալուն:

-Որովհետեւ ես սիսիանցի եմ, եւ դա ինձ պարտdsc05026ավորեցրել է: Այստեղին է կապված իմ կյանքը, հիմա էլ կան այդ հնարավորությունները, բայց հենց այստեղ եմ տեսնում իմ նպատակների իրականացումը:

-Դուք բազմաթիվ ցուցահանդեսների եք մասնակցել՝ ներկայացնելով «Սիսիան կաթի» տեսականին: Ի՞նչ են տալիս այդ ցուցահանդեսները:

-Առաջին հերթին՝ ճանաչողություն, հետո՝ շփումներ, փորձի փոխանակում, նոր կապեր, նոր գործընկերային հեռանկարներ: Այցելել ենք Չինաստանում, Վրաստանում, Բելոռուսում, Ռուսաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում կազմակերպված գյուղմթերքի ցուցահանդեսներ: Վերջերս մասնակցեցինք Երեւանում կազմակերպված Արմէքսպո ցուցահանդեսին: Մեր տաղավարը բազմամարդ էր, լեփ-լեցուն, մեր տեսականին մեծ ուշադրության արժանացավ, Սիսիանի անունը կրող ապրանքանիշն արդեն շատ խոսուն է սպառողի եւ այցելուի համար: Համտեսեցին շատ շատերը, տարեց այցելուներին հատուկ ծանրոցներ նվիրեցինք: Հաճելի զգացողություն է, որ քո արտադրանքը ճանաչում են, սիրում են, գնահատում են: ՀՀ վարչապետն այցելեց, Սյունիքի մարզպետը, հետաքրքիր ցուցահանդես էր:

-Ի՞նչ կասեք ձեր արտադրանքը սպառողին:

-Ոչ միայն մեր, այլ՝ ընդհանրապես բոլոր սպառողներին կհորդորեմ մեծ ուշադրություն դարձնել սննդամթերքի որակին եւ իրենց երեխաների համար գնել որակյալ կաթնամթերք: Սննդամթերքը պիտի առողջություն պարգեւի, ոչ թե առողջական խնդիրներ առաջացնի, հորդորս է ծնողներին՝ գնել քիչ, բայց՝ որակյալ, քան՝ էժան ու շատ, բայց՝  անորակ: Շնորհակալ եմ մեր սպառողին: Եղել են դեպքեր, երբ անգամ Երեւանից են զանգահարել մեզ եւ ասել, որ մակնշման մեջ տառասխալ կամ՝ վրիպակ կա եւ խնդրել են ուղղել, սրտացավությամբ, որ չեն ցանկանա իրենց նախընտրած կաթնամթերքի պարագայում այդպիսի սխալներ տեսնել: Դա մեր արտադրանքի նկատմամբ սպառողի՝ ուշադրության լավագույն օրինակներից մեկն է: Շատերին գիտեմ, որ մեր արտադրանքը գնում եւ ուղարկում են արտերկրում բնակվող իրենց հարազատներին: Դա այն լավագույն վերաբերմունքն է, որ կարող է երազել ցանկացած արտադրող: Վստահ եմ, որ այդ ապրանքի հետ նրանք իրենց հարազատներին են ուղարկում նաեւ սիսիանյան ջերմությունից մի պատառիկ…

-Ավարտվում է 2016-ը . Ձեր ակնկալիքները եկող տարվանից:

-Ավարտին կհացնենք մեր շինարարությունը, կավելացնենք նոր արտադրատեսակներ եւ կշարունակենք պահպանել Սիսիանի անունը կրող մեր կաթնամթերքի տեղը եւ հեղինակությունը սպառողների շրջանում:

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

 

 

Մեկ Արձագանքման «ՍԻՍԻԱՆ ԿԱԹԸ» ՝ ՍԻՍԻԱՆՅԱՆ ԲՐԵՆԴ համար

  1. barev cez,shat em siru cer katnamterq@,uzum em imanal araqum eq Erevan, ev vor xanutner@,

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *