«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԵԾ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ»

Հարցազրույց Սիսիանի համայնքի ղեկավարի օգնական Սլավիկ ԴԱԴԱՇՅԱՆԻ հետ

-Պարո՛ն Դադաշյան, լրացավ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 15 տարին: Որպես կառավարման նոր համակարգ, ինչպե՞ս եք բնութագրում այն:
-Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը մեր անկախ պետականության կայացման գրավականներից եւ լավագույն քայլերից մեկն է: Իր բոլոր թերություններով, իր արվածով-չարվածով այն մեր հանրապետության թիվ մեկ խնդիրներից է, դեռեւս վերջնական կայացած համակարգ չէ, բայց` կայացման փուլում է, եւ իր հաստատուն քայլերը կանի ապագայում:
-15 տարվա ընթացքում ի՞նչ ճանապարհ անցավ համակարգը:  
-Պիտի ասեմ, որ 1996 թ.-ին ընդունված ՏԻՄ-երի մասին օրենքը շատ ավելի լավն էր, դեմոկրատական էր, հիմնաքարային էր, քան հետագայում` 2002 թ.-ին ընդունված փոփոխությունները, որը, թերեւս, կատարվել է պահերի, մարդկանց սուբյեկտիվ գործոնների ազդեցության տակ: 1996-ին ընդունված ՏԻՄ-երի մասին օրենքը ավելի կուռ էր, որի համաձայն պետական կառավարումը եւ տեղական ինքնակառավարումը համարժեք էին: Տեղական ինքնակառավարումը ավելի ինքնուրույն էր: Կատարված փոփոխություններով ՏԻՄ-ը կորցրեց ինքնուրույնությունը, եւ կախվածություն ունի տարբեր սուբյեկտներից` պետական կառավարման մարմիններից, պետական կառավարման տարածքային մարմիններից` մարզպետարաններից, անգամ` ֆեդերալ կառույցներից:
-Սիսիան քաղաքում ինչպե՞ս ձեւավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը եւ ինչպե՞ս գործարկվեց կառավարման նոր, անծանոթ մեխանիզմը:
-1996 թ.-ին Սիսիանը հանրապետության այն եզակի համայնքներից էր, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործընթացում կար ժողովրդի ակտիվ մասնակցությունը, շահագրգռվածությունը, եւ ժողովուրդը նրանից ակնկալիքներ ուներ: ՏԻՄ ձեւավորման գործընթացում ժողովրդի ակտիվ մասնակցությունը կարելի է պայմանավորել քաղխորհրդի, շրջխորհրդի գործկոմների պատգամավորների ընտրությունների ընթացքի դրական իներցիայով, որի արդյունքում, ի հեճուկս այդ ժամանակվա գործող իշխանության, Սիսիանում ժողովուրդը ինքը ընտրեց տեղական իշխանություն: Իշխող կուսակցության ներկայացուցչի նկատմամբ հաղթեց ժողովրդի թեկնածուն: Դա էր Սիսիանում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունը: Իհարկե, հետագայում միայն պարզ դարձավ, որ հանրապետության 95 %-ում ՏԻՄ համակարգում ընտրվել են խամաճիկներ, իշխող կուսակցության, կառավարության ներկայացուցիչներ: Այդ հանգամանքով էր, որ Սիսիանը հանրապետությունում դարձավ ՏԻՄ համակարգի ակտիվ ներդնողներից մեկը, մարզում` առաջին համայնքը, եւ հանրապետությունում ընդունվում էր որպես կայացող, ճիշտ ճանապարհով ընթացող համայնք:
-Պարո՛ն Դադաշյան, դեռեւս փորձ չկար, հստակ մեխանիզմներ չկային, բայց, ինչպես դուք եք ասում, Սիսիանի համայնքը կայացման ճիշտ ճանապարհով ընթացող համայնք էր դիտվում հանրապետությունում: Ինչո՞վ էր պայմանավորված:
-Սիսիանում ՏԻՄ ամուր կառույց ստեղծելու հիմնական պայմաններից մեկը, ինչպես ասացի, դեմոկրատական սկզբունքով համայնքային իշխանության` ժողովրդի կողմից ընտրված լինելն էր, երկրորդը` ընտրված համայնքապետի գործոնը, երրորդը` նրա ձեւավորած պրոֆեսիանալ աշխատակազմը: Այն ժամանակ քաղաքապետն իր աշխատակազմը ձեւավորում էր պրոֆեսիոնալներով` իր որոշումները, իր քաղաքականությունն իրականացնելու համար: Ոչ ոք, հիմիկվա նման, այն ժամանակ չէր ասել` դիք-դիք քայլեմ, որովհետեւ ես քաղաքապետարանի բաժնի վարիչ եմ: Նրանք ընդամենը քաղաքապետի աշխատակազմ էին, որն իրականացնում էր քաղաքապետի ճիշտ քաղաքականությունը:
-Հիմա կադրային ճիշտ քաղաքականություն չի՞ տարվում:
-Այն ժամանակվա աշխատողների մոտ 50 %-ը հիմա էլ է աշխատում, տարբերությունը էնտուզիազմի մեջ է: Այն ժամանակ ռոմանտիկ էնտուզիազմ կար նաեւ: Հիմա մի քիչ ուրիշ է: Իսկ 2001-2005 թ.թ.-ին պրոֆեսիոնալ աշխատակազմի 60-70 %-ը փոխվեց, եւ ես դա մեր համայնքի կորուստներից մեկն եմ համարում: Պրոֆեսիոնալիզմի հետեւանք եւ արդյունք էր, որ 1998 թ.-ին 1-2 ամսում համայնքապետի` ընդամենը 14 հոգուց բաղկացած աշխատակազմը անշարժ գույքի սեփականաշնորհման ահռելի աշխատանք կատարեց` սեփականաշնորհելով 1500 բնակարան (մյուս 1500-ը սեփականաշնորհել էր քաղխորհուրդը), աշխատում էին գիշեր-ցերեկ, անտրտունջ, այն դեպքուն, երբ համայնքի ղեկավարի աշխատավարձը 40 հազար դրամ էր, մյուսներինը` 25 հազար, բայց կար նաեւ պետական մտածողություն. եթե պետք էր աշխատել, ուրեմն` աշխատում էին: Ես հաճախ եմ կրկնել ու հիմա էլ կասեմ, որ 1991 թ.-ի հողերի` խայտառակ սեփականաշնորհման պարագայում, 1998 թ.-ի Սիսիանի բնակֆոնդի սեփականաշնորհումից 14 տարի հետո էլ մի բողոք անգամ չեմ լսել, որ որեւէ մեկը դժգոհի բնակֆոնդի սեփականաշնորհման գործընթացից: Կադր պիտի ունենաս, գործի ետեւին խելոք մարդ պիտի կանգնած լինի, որ գործն առաջ գնա: Ինչքան էլ բերես դիք-դիք անուններ դնես, պաշտոններ սարքես, գործը առաջ չի գնալու:
-Իսկ համայնքի ղեկավարի անհատական գործոնը որքանո՞վ դեր ունի ՏԻՄ կառավարման գործընթացում:
-Իհարկե՛, ունի: Ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմնի ամենամեծ հեղինակությունն այն է, թե ով է ղեկավարում այն: 1997 թ.-ին մեր քաղաքապետը կախված էր միայն իր ընտրողից, իր ժողովրդից, դրա համար ցանկացած ժամանակ մարզպետի տեղակալին կարող էր ասել` դու իրավունք չունես միջամտել մեր քաղաքի համայնքային գործերին եւ Սիսիանում որեւէ բան թելադրես: ՏԻՄ համակարգը հիմա շատերից է կախված: Հիմա Սիսիանում, քաղաքապետարանին կից, ստեղծվել է 7 կառույց` մարզպետի ներկայացուցիչ, մարզային տեսչության պետ, մարզի կրթության ներկայացուցիչ եւ այլն:
-Ներեցե՛ք, բայց նրանք ի՞նչ կապ ունեն տեղական ինքնակառավարման հետ եւ ինչո՞վ պիտի սահմանափակեն համայնքի ղեկավարի` օրենքով սահմանված իրավունքները:
-Այն կապը, որ նրանք նույն համայնքի բնակչության հետ են իրենց գործունեությունն իրականացնում:
-Իսկ ինչպե՞ս ձեւավորվեցին համայնքային ենթակառույցները, երբ երկրում, համայնքում շատ բան գրեթե կաթվածահար էր:
-Ես հաճախ եմ կրկնում, որ ՏԻՄ համակարգի ձեւավորման փուլում այն բնագավառները, որը պետության համար գլխացավանք էին, շատ հաճույքով հանձնվեց համայնքներին` նախադպրոցական համակարգը, սպորտը, մշակույթը, արտադպրոցական հիմնարկները: Կայացած համայնքի ուժն  էր է, որ ռիսկ ես անում, տղամարդկություն ես անում դրանք ոչ թե լուծարել, այլ` վերցնել, հետագայում` պահել-գործարկել, երբ համայնքի բյուջեն ընդամենը 63 միլիոն դրամ էր: Հանրապետության նախկին 37 պիոներպալատներից համայնքային ենթակայության մնացին միայն 5-ը, որից մեկը` Սիսիանում, 100 երաժշտական դպրոցներից մնացին 30-34-ը, մեկը` Սիսիանում, պարարվեստի 3 դպրոցներից` մեկը Սիսիանում: Ու այս պայմաններում անգամ` շախմատի դպրոց բացվեց, գեղարվեստի դպրոց վերագործարկվեց, համայնքապետի առաջարկությամբ` դպրոցների կառավարումը համայնքին հանձնվեց, ինչը հետագայում կրկին ետ վերցրեցին: Եվ այս ամենը այն դեպքում, երբ բյուջեի 60 %-ը գնում էր միայն աշխատավարձ: Եվ հանցագործություն էր այդ դժվարին ժամանակահատվածը հաղթահարելուց հետո որեւէ մեկին ձեռք տալը, գեղարվեստի դպրոցը երաժշտականին կամ պիոներպալատին միացնելու մտադրությունը, ինչը փորձում էր նախորդ քաղաքպետը, այն դեպքում, երբ մեր գեղարվեստի դպրոցի համբավը Կանադա, Ամերիկա է հասել:
-Տեղական ինքնակառավարման այդ շրջանը համընկնում էր այն ժամանակահատվածի հետ, երբ երկրում արտադրություն, տնտեսություն, գրեթե չկար, փող չկար, երկիրը նոր էր դուրս եկել պատերազմից, նոր էր զինադադարը կնքվել(1994 թ.), քաղաքական վիճակն անկայուն էր, ինչի դրսեւորումը եղավ 1999 թ.-ի խորհրդարանի ողբերգական դեպքերը…Ինչպե՞ս էր համայնքը կազմակերպում իր գործընթացները:
-Այդ ժամանակահատվածում էր, որ տարածաշրջանում գործող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության լավ ավանդույթներ դրվեցին, մշակվեցին նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, ինչը, ցավոք, 2001 թ.-ից սկսած, սառեցվեց, կազմակերպությունները դադարեցրեցին իրենց ծրագրերը, որովհետեւ 3 ընտրաշրջան պաշտոնավարած քաղաքապետը նրանց բոլորին «շպիոն» անվանեց:
-Պարո՛ն Դադաշյան, հայտնի է, որ ինտելեկտուալ եւ բավականին ինքնուրույն էր նաեւ այդ ընտրաշրջանի ավագանին որպես ՏԻՄ մարմին: Այդ շրջանի ավագանիներից ոմանք մի քանի ընտրաշրջան դարձյալ ավագանի դարձան, բայց կարծես բոլորովին ուրիշ մարդ լինեն: Ինչո՞վ եք բացատրում:
-1996 թ.-ին ավագանին մի ուրիշ հմայք ու ձգողական ուժ ուներ: Ավագանու անդամության թեկնածություն էին առաջադրել Սիսիանի ինտելեկտուալ հիմնական մասսան, եւ ընտրված կազմն էլ այդպիսին էր: Դրանից հետո, ինչպես շատ բան, այդ համակարգն էլ մեզանում «հայավարի» դարձավ. ավագանու անդամ էին ընտրվում, որ ինչ-որ բանի տեր դառնան, որ իրենց բիզնեսը զարգացնեն, որ տարածք վերցնեն, որ մի քիչ հպարտ քայլեն, ասեն` ավագանի եմ, որ իրենց երեխան ասի` պապաս ավագանի է: Մեր իրականության մեջ ավագանին, որպես համայնքի ղեկավարին հակակշիռ մարմին, որպես ինքնուրույն իշխանություն, այդ արժեքն էլ կորցրեց, եւ առաջին ընտրաշրջանի ավագանու լավագույն ավանդույթները շատ շուտ մոռացվեցին:  Հիմիկվա ԱԺ-ն էլ 90-ականների Ազգային ժողովը չէ:
– Դուք տեղական ինքնակառավարման համակարգում ամենաերկարակյաց պաշտոնյան եք: Ասում եք, որ 12-13 տարի առաջ, Սիսիանը հանարապետությունում ամենահեղինակավոր, ինքնուրույն, արդեն կայացած կառույց էր` լավագույն ավանդույթներով, պրոֆեսիոնալիզմով, հանրապետության ղեկավարները, մտավորականները, իշխանավորները միշտ դրվատանքով են խոսել ու գրել տեղական ինքնակառավարման սիսիանյան փորձի, Սիսիանի համայնքային իշխանության եւ համայնքապետի գործունեության մասին: Հետագա տարիներին, ես չեմ խուսափում այդ բառը ասել, ինչո՞ւ ՏԻՄ հասկացությունը կամաց-կամաց կորցրեց իր հեղինակությունը, իսկ իշխանության եկած նոր ղեկավարները, որ, թվում է`նախկին համակարգում կարողացել են լավ-վատ աշխատել, ՏԻՄ համակարգում, ինչը ավելի ազատ ու անկաշկանդ համակարգ է, ձախողվեցին, հեղինակազրկվեցին` հեղինակազրկելով նաեւ ՏԻՄ հասկացությունը:
-Գուցե պիտի կրկնվեմ, բայց նորից ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմնի ամենամեծ հեղինակությունն այն է, թե ով է այն ղեկավարում: ՏԻՄ համակարգում աշխատելու առաջին չափանիշը ստեղծագործ միտք եւ նախաձեռնություն ունենալու կարողությունն է: Սարսափելին այն է, որ եթե այսօր մարդը չունեցավ ստեղծագործ միտք, սեփական նախաձեռնություն, վերածվելու է կատարողի: Մեր համայնքի ամենամեծ կորուստներից մեկն էլ ես սա եմ համարում: Պրոֆեսիոնալիզմ, պրպտող, նախաձեռնող միտք ունեցողները հիմա շատ քիչ են, ժամանակին նրանք նաեւ հետապնդվել են: Համայնքում չափանիշ դարձավ ոչ թե պրպտող, ստեղծագործ միտքը, աշխատող մարդը, այլ` թե ինչ շրջապատ ունի նա:
Ցավով ուզում եմ ասել նաեւ, որ վերջին 5-6 տարիներին ՏԻՄ համակարգում շատ բան կորցրեցինք նաեւ մեր հանդուրժողականության համար, հլու-հնազանդ ծառայելու համար: Եթե քաղաքապետը կարող էր ժողովրդի առաջ հոխորտալ, բայց գիշերը գնալ մարզպետի մոտ չոքել-ներողություն խնդրել, պիտի համակարգը հեղինակազրկվեր: Ցանկացած մարզպետ կարող էր Սիսիանի` այսպես կոչված ակտիվին 3-4 տեղ ժամադրեր, մեկին` Բազարչայում, մեկին` Շաքեի պոստում, մեկին` Վաղատինի խաչմերուկում, որ մեկին մյուսի դեմ լարեր, մեկին մյուսի դեմ հաներ, ու բոլորը ներսում սկսեին իրար հոշոտել-քայքայել: Ամենասարսափելին դա էր: Ամենամեծ կորուստներից մեկն էլ այն էր, որ համայնքի ղեկավարը սկսում է անձնական խնդիրներ լուծել` ստվեր գցելով ՏԻՄ կառույցի հեղինակության վրա:
ՏԻՄ համակարգը, սակայն, միայն Սիսիանում չէ, որ հեղինակազրկվել է, դա ամբողջ հանրապետությունում է ցավ: Թեեւ թմբկահարվում է ՏԻՄ հեղինակությունը բարձրացնելու մասին, բայց ընդունված օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով ՏԻՄ-ը դարձել է պետական կառավարման մարմինների եւ ֆեդերալ կառույցների կցորդ: Իսկ երբ որեւէ ինքնուրույն քայլ ես անում, խոչընդոտում են, հիասթափվում ես:
-Խոչընդոտներ միշտ էլ եղել եւ լինելու են:
-Հիմա, ասենք, դու քայլ պիտի անես, որը պիտի հակասի գործող մարզպետի քաղաքականությանը, պիտի հակասի այսօրվա կառավարության ինչ-որ մի պաշտոնյայի քաղաքականությանը:
-Իսկ ո՞ւր մնաց համայնքի շահը եւ տեղական ինքնակառավարվող մարմնի  ֆունկցիան: Թե՞, ինչպես ժողովուրդն է ասում, նրա համար կարեւորը իր տունը սարքելը, իր ճանապարհը սաֆալտելը, իր կահույքը նորացնելն է, ու նման երեւույթներն են, թերեւս, որ հիմք են տալիս համայնքի բնակիչն` այլեւս չհավատալ համայնքային իշխանությանը` համոզվելով, որ նա ծառայում է ոչ թե համայնքի, այլ` սեփական շահին:
-Ընդհանուր պասիվություն կա պետական կառավարման մակարդակում, եւ այդ պասիվությունը վերեւից գալիս է ներքեւ: Այսօր չափանիշ է դարձել հողի հարկի հավաքագրումը. հավաքեցիր, լավ է, չէ` չէ: Չեն էլ հարցնում` Սիսիանի ջրային հայելիները որ մաքրեցիք, այդ գումարը հերիքե՞ց, թե` չհերիքեց, էն մեկին էլ գումար տան, գան-նայեն: 750 միլիոն գումար տրվեց Սյունիքի մարզին, մի թուլաբաժին Սիսիանին տվեցին, այն համամասնորեն չի կոորդինացվում: Սիսիանին տրվեց 130 միլիոն, Գորիսին` 300-400 միլիոն, Սիսիանի փողոցների ասֆալտապատման համար հատկացվեց ընդամենը 60 միլիոն, ինչն անում է 3000 մք ասֆալտ, երբ կա 30 հազար մք ասֆալտապատման խնդիր:
-Սուբյեկտիվ հանգամանք կա՞ այդ անհամաչափ բաշխման մեջ:
-Իհարկե՛:
-Ո՞րն է:
-Փակագծերը չբացենք, տարբեր պատճառաբանություններ կան: Սիսիանի համայնքին տրված 130 մլն գումարի բաշխումն էլ Սիսիանի քաղաքապետարանը չի անում, ոչ էլ պայմանագրերն է Սիսիանի քաղաքապետարանը կնքում: Քաղաքապետարանն ընդամենը տալիս է թույլտվություն, որ իր փողոցները քանդեն, ասֆալտեն, չէ՛, չքանդեն, այլ` ավերեն, ասֆալտը անորակ անեն: Իսկ վերջում որ որակ պիտի ստուգվի…
-Բայց, ներեցե՛ք, եթե գալիս-Ձեր տան մեջ շինարարություն են անում ու ավերում, Դուք  չե՞ք անհանգստանում եւ հանդուրժո՞ւմ եք: Նույն բանն է:
-Ճիշտ եք ասում: Բայց չեմ գտնում, որ տեղական ինքնակառավարման մարմինը հասել է 100 %-ոց ինքնուրույնության, որ համայնքի ղեկավարը կարողանա լիաթոք պայքարել իր սեփական տան, այսինքն` համայնքի շահերի համար: Ինչ-որ տեղ սահմանափակում են նրա լիազորությունները:
-Սակայն նույն օրինակներըը սիսիանցիները բերում են նաեւ Գորիսի վրա, անգամ` Վայքի, եւ Սիսիանը ետ մնացած են համարում նույնիսկ Վայքից: Մնում է մտածել, որ տեղում համայնքի շահերով մտահոգ եւ համայնքի իրավունքները պաշտպանելու կոչված նորմալ իշխանություն չկա, որը չունի նաեւ իր ղեկավարած համայնքի շահը պաշտպանելու ուժ եւ հեղինակությո՞ւն: Ինչո՞ւ այդպես ընթացան գործընթացները:
-Դե, երեւի, հանրապետությունում մնացած համայնքները խելոքացել են, մենք մնացել ենք նույն մակարդակի վրա:
-Փորձում եք հումո՞ր անել:
-Որպես օրինակելի կառավարման մեխանիզմ, այսօր էլ մեր համայնքի փաստաթղթային տնտեսությունը, նրա խոհանոցը մնում է օրինակելի, եւ Սիսիանի համայնքապետարանի ընդունած որեւէ որոշում կառավարության կողմից չի մերժվել:
-Համայնքի բնակչին, կարծում եմ, այնքան էլ չի հուզում` մերժվե՛լ է, չի՛ մերժվել: Նրա համեմատության եւ գնահատման չափանիշը նրա աչքի տեսածն է:
Պարո՛ն Դադաշյան, սկսած  2002 թ.-ից որեւէ դրական փոփոխություն կատարվե՞լ է ՏԻՄ համակարգում:
-Այո՛, ներդրվեց քաղծառայողի մասին օրենքը, ինչը շատ կարեւոր է:
-Դուք հավատո՞ւմ եք ՏԻՄ համակարգի կայացմանը, քանի որ ասացիք, որ այն առայժմ կայացող համակարգ է:
-Ես լավատես եմ: Ես հավատում եմ, որ կգա 1996 թ.-ի տեղական ինքնակառավարման նման հրաշալի մի ժամանակ, որ երբեք չէիր մտածում, թե քո մի ստորակետն անգամ սխալ ես դրել: Գալու է ժամանակ, որ համայնքի բնակիչն էլ է հավատալու տեղական ինքնակառավարման մարմնին: Դա այն աժամանակ է լինելու, երբ այլեւս Սիսիանում ոչ մի ազատ հատված չի լինելու օտարելու:
-Բայց հիմա էլ չկա: Ամեն ինչ օտարվեց` համայնքային բյուջեն լցնելու անվան տակ, սակայն համայնքային խնդիրները դրանից ոչ թե պակասեցին, այլ` ավելացան:
-Ես երբեւէ իմ հարցազրույցներում այդ մասին չեմ խոսել, բայց համայնքային միջոցների վատնման դեմն առնելու համար հանդիմանությունների եւ ակցանների մեջ հայտնաված լինելու պատճառով մի որոշակի ժամանակահատված  դուրս եմ եկել աշխատանքից` կեղտոտ իրավիճակի քավության նոխազը չդառնալու համար:
– Նույնը հիմա չի՞ շարունակվում:
-Հիմա էն մակարդակի բաները չկան:
-Պարո՛ն Դադաշյան, Դուք աշխատել եք 3 քաղաքապետերի հետ, որպես ՏԻՄ ամենաերկարակյաց պաշտոնյա, ինչպե՞ս կբնութագրեք 3 քաղաքապետերի պաշտոնավարման ժամանակահատվածները:
-Կայացման, փլուզման, վերականգնման ժամանակաշրջաններ:
-Մեկ տարի հետո Սիսիանում կրկին ՏԻՄ ընտրություններ են:
-Սարսափելի է, որ ընտրություններից առաջ արդեն այդ մասին խոսում են: Կարծես ժողովուրդը իր կարտոֆիլը մշակելու հոգսը թողած` պիտի սկսի մտածել ընտրությունների մասին:
-Բայց դա, կարծում եմ, վատ չէ: Նշանակում է` ժողովուրդը հետաքրքրված է իր իշխանությամբ: Եվ վերջում` խնդրում եմ ամփոփեք մեր զրույցը ՏԻՄ 15 ամյակի շուրջ:
-Համոզված եմ, որ կառավարման այս համակարգը ավելի մեծ ապագա ունի, քան` մարզային կառավարումը, քան` ֆեդերալ կառավարման մարմինները: Ի վերջո, բոլորի հիմքը լինելու է տեղական ինքնակառավարումը, որովհետեւ այն հենց իր անունով ժողովրդի կառավարման ձեւն է: Համոզված եմ, որ ՏԻՄ-ը կայանալու է այն ժամանակ, երբ նրա գլխին կանգնելու է սպառողական հոգեբանությունից զերծ, սովետական մտածելակերպից եւ դրա ազդեցությունից դուրս  գտնվող անհատը:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *