«Ցավոք, աշխարհի համար լավ բան քիչ կարելի է ասել»

Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանի հետ անցկացրած հարցազրույցով փորձեցինք պարզել, թե ինչպիսին էր 2014 թվականը ոչ միայն Դարբաս համայնքի, այլեւ Հայաստանի Հանրապետության ու աշխարհի համար:

-Պարոն Միրզոյան, ինչպիսի՞ն էր անցած 2014 թվականը Դարբաս համայնքի համար:

-Դարբաս համայնքի համար, գյուղատնտեսության տեսանկյունից, անբարենպաստ տարի էր: Գարնանը ցրտահարություն եղավ, որի հետեւանքով միրգը քիչ էր: Իսկ եղած բանջարեղենն էլ չի վաճառվել: Չնայած անբարենպաստ պայմաններին՝ ամեն կերպ աշխատել ենք նպաստել համայնքի սոցիալ-կենցաղային առաջխաղացմանն ու բարեկեցությանը: Մենք հպարտանալու առիթներ ունենք: Դարբաս-Շամբ ճանապարհին կատարել ենք փոսալցումներ, ինչը նպաստել է շրջանի հետ կապի սերտացմանը: Աղբահանությունը շարունակվել է՝ նպաստելով համայնքի մաքրությանը: Համայնքի փողոցների գիշերային լուսավորությունը շատ բարվոք վիճակում է եղել: Անասնապահության մեջ առաջընթաց է նկատվել. ՌԶԳ կազմակերպության օգնությամբ կատարել ենք 16 հա կորնգանի ցանքս: Ամռանը Դարբաս գյուղում պատանիների համար կազմակերպվել է ճամբար, որին մենք աջակցել ենք՝ համայնքի բյուջեից ներդնելով 40. 000  դրամ: Դարբաս գյուղի մանկապարտեզի շենքը «Դարբաս» հայրենակցական հասարակական կազմակերպության տրամադրած ֆինանսական միջոցներով վերանորոգվել է, ապահովվել է անհրաժեշտ սարքավորումներով եւ գույքով: Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցին բոստոնահայ բարերարի կողմից հատկացվել են համակարգիչներ: ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի օդուժի ներկայացուցիչները վերանորոգել են Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչանոցը, անգլերեն լեզվի ուսուցման եւ համակարգչային դասարանները, առողջության կենտրոնի տանիքն ու սանհանգույցը: Շամբ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարին (2014-2015) սկսել են նոր դպրոցի շենքում, որը կառուցվել է ՀՀ սոց. ներդրումների հիմնադրամի միջոցներով: Համայնքում ոռոգումը կատարվել է բավարար վիճակով:

Նշված հաջողությունների հետ մեկտեղ՝ մենք մեր աշխատանքը գնահատում ենք անբավարար, որովհետեւ, եթե թեկուզ մեկ երիտասարդ լքում է գյուղը, նշանակում է, որ մեր աշխատանքն  աննշան է: Չնայած վերոնշյալ բարենպաստ նախադրյալներին, սուր է երիտասարդության սոցիալ-կենցաղային անբարենպաստ վիճակը. չկան ժամանցի համապատասխան պայմաններ: Մշակույթի կենտրոնը վերանորոգելու համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ. կա խիստ վերանորոգման կարիք, ինչը տեղական բյուջեի հաշվին անհնար է իրագործել: Չունենք համայնքային կենտրոն: Չնայած շարունակել ենք խմելու ջրի ջրամատակարարումը՝ կատարելով 70-ականներին կառուցված ջրատարի մասնակի վերանորոգում, բայց  խմելու ջրի որակի առումով զգալի դրական փոփոխություններ չկան:

-Իսկ ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր 2014 թվականը Հայաստանի Հանրապետության համար:

-Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել Եվրասիական միությանը միանալը, քանի որ, ի դեմս այդ միության, ձեռք ենք բերում գյուղատնտեսական մթերքների իրացման մեծ շուկա:

Չնայած ներքին տարաձայնություններին, ՀՀ ղեկավարությունը գրեթե միշտ կարողացել է արտաքին քաղաքականությունը կազմակերպել եւ տանել այնպես, որ դրա հետ ընդդիմադիր ու դիմադիր ուժերը համամիտ են եղել:

Մեր բանակը իր գործելակերպով ապացուցեց, որ հանդիսանում է տարածաշրջանի հզոր եւ խոշոր բանակը:

Մեծ ձեռքբերում է խաղաղության պահպանումը:

Բայց, ցավոք սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում մնում է անմխիթար ու անկայուն: Երիտասարդներին իրենց հայրենիքի հետ կապող օղակը դեռեւս թույլ է, որն ունի սոցիալական ու տնտեսական խոր արմատներ:

-Աշխարհում ինչպիսի՞ տեղաշարժեր եղան 2014 թվականին:

-Ցավոք, աշխարհի համար լավ բան քիչ կարելի է ասել: Եթե մի քանի տարի առաջ սառը պատերազմը գրեթե վերջացել էր, ապա 2014 թվականին այն նորից սկիզբ առավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մեջ՝ ներքաշելով աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Աշխարհի բոլոր խոշոր պետությունները հետամուտ են լինում քարտեզի վերաձեւավորմանը, ինչը բացասական ազդեցություն է ունենում փոքր պետությունների վրա:

Զրուցեց Դիանա Բախշյանը

աղբյուրը՝ www.asparez.am

________________________________

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *