«ՓՆՏՐՎՈՒՄ Է» ԹԻՎ 37 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Փետրվարի 12-ին ՀՀ նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդիպում ունեցավ սիսիանցի ընտրողների հետ:

Սիսիանցիները իրենց հուզող` թոշակների բարձրացման, ավանդների վերադարձի, աշխատատեղեր ու վերամշակող ձեռնարկություններ ստեղծելու, Սումգայիթում թողած բնակարանները փոխանակելու, Սիսիանը, վերջապես, ամենաաղքատ եւ ամենաանտեսված քաղաքի կարգավիճակից հանելու, գոնե, ոտքի տակը չոր տեսնելու հարցերի թվում Հրանտ Բագրատյանին ուղղեցին իրենց ամենաշատ մտահոգող հարցերից մեկը, փորձելով նրանից, որպես ԱԺ պատգամավոր, իմանալ, թե` «ով է իրենց պատգամավորը, որտեղ է, ինչ է անունը եւ ինչով է զբաղված, քանի որ սիսիանցիները նրան չեն ճանաչում»:
Ներկաներից մեկից իմանալով թիվ 37 ընտրատարածքի ՀՀԿ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանի անուն-ազգանունը, Հրանտ Բագրատյանը ասաց, որ նրան չի ճանաչում, բայց խոստացավ, որ կգնա  կծանոթանա եւ անպայման կհաղորդի սիսիանցիների` նրան «փնտրելու» մասին:
Հրանտ Բագրատյանը իրենց պատգամավորին «փնտրելու»` սիսիանցիների «պատգամը» ԱԺ տանելու հետ միաժամանակ խոստացավ հետաքրքրվել նաեւ, թե ինչու են 10 հազար դրամով պակասեցրել թունավոր եւ ստորգետնյա աշխատողներին տրվող կենսաթոշակի չափը, ասելով` «կընտրվեմ նախագահ, չեմ ընտրվի, բայց որպես պատգամավոր կզբաղվեմ այդ հարցով» , առաջարկեց գրավոր դիմել ԱԺ` իր անունով եւ հետադարձ կապ պահպանելու համար թողեց հեռախոսահամարը:
Լինել Սյունիքում եւ չխոսել վերջին շրջանում մեծ աղմուկ հանած` Սյունիքի արոտավայրերը Ատրպատականի նահանգի ադրբեջանցիների հոտերին տրամադրելու տխրահռչակ հուշագիր-համաձայնագրի մասին, թերեւս, անհնարին է, ուստի անդրադառնալով ներկաներից մեկի` Սիսիանի 90 տոկոս հողատարածքները մշակել չկարողանալու մասին հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանեց, ասելով` «Դիտմամբ չէին վարում-ցանում, որ արոտավայր դառնար ու պարսիկներին բերեին այստեղ»: «Սուտ է, թե` ճիշտ» հարցին էլ պատասխանեց` «Չենք կարողանում նույնիսկ փաստաթղթերը ուզել-պարզել»:
Ներկաներից մեկի` Դուք էլ բիզնեսներ ունեք  մեղադրական տոնին Բագրատյանը պատասխանեց, որ ինքը որեւէ բիզնես չունի, եւ, ձեռքը տանելով դեպի սեփական գլուխը, ասաց` «Այստեղ է իմ բիզնեսը»:
Հանդիպման մեկ ուրիշ մասնակցի` պետության  «ուգլաքարը»  ծուռ եք դրել, դրա համար էս պետությունը չի դզվում հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանեց, ասելով, այո, մեկը ես եմ եղել, դուք ստացել եք հող, բնակարաններ, գործարաններից` բաժին, ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, որ թալանել, յուրացրել եմ, դրա համար եմ այսպես համարձակ եկել ձեզ հետ հանդիպման եւ հորդորեց գնալ ընտրության` ասելով` «Գնացեք ընտրության, եղբա՛յր, ընտրե՛ք, փորձե՛ք»:

 «ՈՐՈՏԱՆ»
12.02.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *