«ՔԱՐԻՑ ՀԱՑ ՔԱՄԵԼՈՒՑ» ՄԻՆՉԵՎ……

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2007թ.-ից հանրապետությունում իրականացվում է բնակչության կենսամակարդակի ամբողջացված հետազոտության հնգամյա ծրագիր` վիճակագրական ազգային ծառայության կողմից:
Հետազոտության նպատակն է իմանալ, թե ինչպես է ապրում բնակչությունը Հայաստանում: Ինչ եկամուտ ունի եւ  ինչ է ծախսում: Ինչ է սպառում հիմնականում: Եկամտի որ մասն են կազմում կոմունալ ծախսերը: Արդյո՞ք կրթությունն ու առողջապահությունը մատչելի են: Ինչպես են ապրում քաղաքում եւ գյուղում: Որքան է աղքատության մակարդակը երկրում: Ովքեր են աղքատ եւ ինչու եւ այլ հարցեր, որոնց պարզաբանումը անհրաժեշտ է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը գնահատելու եւ համապատասխան սոցիալական քաղաքականություն մշակելու համար:
Հետազոտություններն անց են կացվում տնային տնտեսություններում` պատահական ընտրանքի մեթոդով` համակարգչի ընտրությամբ: ՈՒստի հանրապետության յուրաքանչյուր տնային տնտեսություն, մնացած տնտեսությունների հետ մեկտեղ, ունի հետազոտության մեջ ընդգրկվելու հավասար հնարավորություն: Յուրաքանչյուր ամսվա մեջ հետազոտվում են 8 տնային տնտեսություն, ապա` փոխարինվում նորերով: Ամեն ամիս փոխվում են նաեւ բնակավայրերը, իսկ մեծ քաղաքներում` թաղամասերը: Յուրաքանչյուր հարցազրուցավար ամսական հետազոտում է 8 տնային տնտեսություն` յուրաքանչյուրին այցելելով 5 անգամ: Բացակայող տնային տնտեսությունները փոխարինվում են լրացուցիչ ցուցակներում ներառվածներով: Անհատական պատասխանները չեն հրապարակվում, դրանց գաղտնիությունը երաշխավորված է ՀՀ օրենքով: Համակարգչային մշակում անցնելուց հետո դրանք օգտագործվում են միայն ընդհանրացված ու անվանազերծված տեսքով:
Հետազոտության տվյալները լայնորեն օգտագործվում են տարբեր սոցիալ-տնտեսական վիճակագրական հաշվարկներում, մասնավորապես` համախառն ներքին արդյունքի հաշվարկման եւ բաշխման, գների սպառողական ինդեքսի եւ բնակչության իրական եկամուտների հաշվարկման ժամանակ, ազգային հաշիվների համակարգում, ուր տնային տնտեսությունների հատվածին վերաբերող ցուցանիշները զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը, ինչպես նաեւ մի շարք այլ հաշվարկներում:
Երրորդ տարին է, ինչ հանրապետությունում իրականացվող տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն ծրագրին մասնակցում է նաեւ վիճակագրության ազգային ծառայության Սիսիանի մասնաճյուղը: Մեր խնդրանքով կատարված հետազոտությունների մասին իր եզրակացությունն ու տպավորությունն է ներկայացնում վիճակագրական ազգային ծառայության Սյունիքի մարզային գործակալության Սիսիանի տարածաշրջանի գլխավոր մասնագետ Կորյուն ՀԱՄԱՄՉՅԱՆ:

Հետազոտությունն իրականացնելու սկզբնական շրջանում, երբ այցելություններ էինք կատարում տնային տնտեսություններ, մարդկանց թվում էր, թե անպայման ինչ- որ բան պիտի բաժանվի, ակնկալում էին որեւէ նյութական օգնություն: Ցավոք, այս հոգեբանությունը մինչեւ հիմա առկա է: «Բարի նպատակներով» Արեւմուտքից մեզ մոտ թափանցած «հումանիտար սիրո» ավերիչ ազդեցությունը «քարից հաց քամող» մեր ժողովրդի հոգեկերտվածքում ծանր նստվածք տվեց, որը մինչ օրս դեռեւս հաղթահարված չէ եւ դժվար է հաղթահարվում: Վերջին օրինակը` օրերս դպրոցներում եւ մանկապարտեզներում բաժանված տուփերն էին, որն այնքան խանդավառել ու «երջանկացրել էր» թե՛ երեխաներին, թե՛ նրանց ընտանիքներին:
Մյուս կարեւոր եզրակացությունը. որքան էլ որ աշխատանք է համարվում նաեւ տնային տնտեսությունը, մարդիկ աշխատանք են ուզում: Թեեւ տնային տնտեսությունը նույնպես գումար է եւ փող, նրանք աշխատանք են համարում այն, որ առավոտյան տնից գործի գնան, երեկոյան վերադառնան, իսկ տնային տնտեսությամբ զբաղվեն ձեռքի հետ: Ձեռքի հետ արվող աշխատանքը դարձել է հիմնական աշխատանք, որի գիտակցումը դեռեւս ամրապնդված չէ: Վախի,  կասկածամտության եւ անվստահության զգացողություն կա. արդյո՞ք իրեն առաջադրված հարցերին պատասխանի այնպես, ինչպես իրականում կա, թե՞ հարմարեցնի իրավիճակին. գուցե շատ ասի, ինչ որ բանից զրկվի, գուցե քիչ` դարձյալ զրկվի, ուստի երբեմն նաեւ խուսանավում են իրական պատասխանից: Սա նույնպես, կարծում եմ, «հումանիտար օգնության» ավերիչ հոգեբանական հետեւանքներից մեկն է:
Տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ուսումնասիրված յուրաքանչյուր 8 տնտեսությունից 1-2-ը ծայրահեղ չքավոր են, շատ են երկրից բացակայողները, փակ դռները: Մարդկային փոխհարաբերություններն են բարդացել, նվազել է սոցիալական արդարությունը: Իսկ որքանով է ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել տնային տնտեսությունների վրա մեր հարցադրումներին պատասխանում են` այնքանով, որքանով նվազել են Ռուսաստանից եւ այլ երկրներից եկող ֆինանսական օգնությունը:
Ընդհանուր առմամբ, սակայն, առաջընթացը կա, զարգացումը կա, եւ այսօրվա տնային տնտեսությունը բոլորովին էլ մի քանի տարի առաջվա տնտեսությունը չէ: Այն անպայմանորեն իր վրա կրում է երկրում կատարվող յուրաքանչյուր դրական փոփոխության կնիքը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *