«…ԵՎ…ԼՌՈՒԹՅՈՒՆ…», ՈՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՈՒՄ Է

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ


Այն կյանքը, որն ապրեց Հայկ Իսկանդարյանը, հավասարազոր էր հայրենասերների մի մեծ խմբի ապրած կյանքի` լի փորձություններով, մեծ պատասխանատվությամբ, քաղաքացիական եւ մարկային խղճի մշտարթուն թելադրանքով, որը նաեւ զերծ էր սնապարծությունից եւ հերոսանալու մարմաջից: Նա մարդկային այն տեսակից էր, որ մեծապես նպաստել է ազգային ինքնագիտակցության արթնացմանը` անվարան եւ գիտակցաբար կրելով դրան հաջորդող հավանական ու իրական բոլոր հետեւանքները: Խորհրդային Միության անվտանգության մարմինները, բնականաբար, նրա հայրենասիրական արժանիքները որակել են որպես հանցավոր եւ հակապետական եւ դատապարտել: Եվ միայն 1990 թ.-ի դեկտեմբերի 24-ի նիստում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի որոշմամբ նախկինում դատական պատասխանատվության ենթարկված Հայկ Իսկանդարյանի նկատմամբ ընդունված վճիռը համարվեց անօրեն եւ արդարացրեց նրան` վերականգնելով բարի անունը: Իսկ 2009-ի սեպտեմբերին Երեւանում մեծ շուքով նշվեց նրա ծննդյան 100 ամյակը` պատշաճորեն գնահատելով նրա ավանդը հանրային, հասարակական կյանքում եւ ազգային ինքնագիտակցության արթնացման մեջ:

Հայկ Բաղդասարի Իսկանդարյանի արմատները սկիզբ են առնում Սիսիանի Ախլաթյան գյուղից: Ավարտելով տեղի ծխական դպրոցը` 1921 թ.-ին ընտանիքով տեղափոխվում են Բաքու, որտեղ եւ նա ավարտում է Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոցը, որից հերո ուսումը շարունակում է Երեւանի պետական համալսարանի շինարարական բաժնում: Երկու տարվա ուսումնառությունից հետո տեղափոխվում է Մոսկվայի Կույբիշեւի անվան ռազմաինժեներական ակադեմիա: Ավարտելուց հետո աշխատում է Մոսկվա-Վոլգա ջրամբարի շինարարությունում, Մոսկվայի ավիացիոն շինմոնտաժային ձեռնարկությունում: Մեծ հայրենականի տարիներին նրա ընտանիքը եւս տարհանվում է Սարատով, վեց ամիս հետո` Երեւան, եւ Հայկ Իսկանդարյանն աշխատում է Սեւանի հէկի շինմոնտաժային վարչությունում, ապա նույն թվականին կամավոր մեկնում ռազմաճակատ: Կերչի համար մղվող կատաղի մարտերից մեկի ժամանակ լեյտենանտ Հայկ Իսկանդարյանը դասակի ողջ մնացած մյուս մարտիկների հետ գերի է ընկնում: Հիտլերականները նրան ընդգրկում են հայկական Լեգեոնի շարքերը,  նշանակում Լեգեոնում հրատարակվող «Հայաստան» թերթի խմբագրության թարգմանիչ: Պահելով մարդային եւ քաղաքացիական նկարագիրը, նա չի ներգրավվում հակասովետական գործունեության մեջ, հակառակը, ակտիվ աշխատանք է տանում գերիների շրջանում` չենթարկվելու ֆաշիստական ռեժիմին եւ գաղափարախոսությանը: 1944-ի գարնանը, Լեգեոնի պաշտոնյաները Հայկ Իսկանդարյանին մեղադրում են անվստահության մեջ եւ որպես քաղբանտարկյալ կալանավորելով` ուղարկում են Ֆրանսիայի Նիմ քաղաքի բանտ: Որոշ ժամանակ բանտում մնալուց հետո նրան հաջողվում է մի խումբ գերի հայ բանտարկյալնորի հետ փախչել բանտից եւ միանալ ֆրանսիական պարտիզանական ջոկատին, իսկ մեկ ամիս հետո` սովետական պարտիզանական գնդին, որը գործում էր Ֆրանսիայում: Պարտիզանական գնդում վաշտի հրամանատարից աստիճանաբար հասնում է գնդի ուսումնական մասի պետի պաշտոնին: Ֆրանսիական կառավորությունը այդ գնդի որոշ զինծառայողների, այդ թվում` Հայկ Իսկանդարյանին պարգեւատրում է «Մարտական դրոշի» եւ «Մարտական խաչի» շքանշաններով: Եվ միայն այդ շքանշանների առկայությունն էր, որ նա հետպատերազմյան տարիներին փրկվեց ստալինյան աքսորից:
Պատերազմի ավարտից հետո Հայկ Իսկանդարյանը Ռուսաստանում ակտիվ մասնակցություն է ունենում պատերազմից տուժած ձեռնարկությունների վերականգնման աշխատանքներին, ապա վերադառնում Հայաստան, մասնակցում Գյումուշ հէկի շինմոնտաժային աշխատանքներին, աշխատում «Հայջուրնախագիծ», «Երեւաննախագիծ», «Հայպետնախագիծ» ինստիտուտներում, Բրատսկի հէկի եւ այլ կարեւոր օբյեկտների շինարարությունում: Բայց նա Հայկ Իսկանդարյան չէր լինի, եթե… ինչպես նրա մասին ասել է «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեներ Ալբերտ Շաքարյանը, «բոլոր պարագաներում նրա մտածելակերպը միշտ ուղղված էր դեպի հայ ժողովրդի ողբերգությունը` ցեղասպանության ճանաչմանը: Նա համոզված էր, որ տարիների ընթացքում աշխարհի ժողովուրդների կողմից փաստորեն մոռացության է տրված հայ ժողովրդի ցեղասպանության հարցը…»: 1960 թվականից Հայկ Իսկանդարյանը էլ ավելի է ակտիվացնում իր աշխատանքներն այդ ուղղությամբ: 1961թ.-ին նա նամակով դիմում է հայտնի գրող Իլյա Էրենբուրգին. «…վերջին ժամանակներս Դուք ներկայացնում եք գերմանացիներին այնպես, ինչպես նրանք կան, այսինքն` նրանցից լեշի ¥հոտած միս¤ հոտ է գալիս, իսկ մի՞թե մյուս ազգերը լավն են նրանցից, ասենք` անգլիացիները` Աֆրիկայում, թուրքերը` հայերի նկատմամբ: Դուք հստակ գիտեք, որ ոչ մի ազգ հանցագործություն չի կատարում առանց իրեն սազական պրոպագանդայի: Բոլոր ժամանակներում յուրաքանչյուր ժողովուրդ իր ձեւով է ձգտում պատմական արդարությունը վերականգնելու համար, դե՛, գրեք նաեւ այդ մասին…»: 1967թ.-ին Հ. Իսկանդարյանը, ծանոթանալով ՍՍՌՄ գրողների միության 4-րդ համագումարում հնչած Միխայիլ Շոլոխովի ելույթի բովանդակությանը, զայրույթով պատասխանում է` նրան մեղադրելով դասականներին գովերգելու եւ մեծապետական ազգայնամոլության մեջ: Նման բովանդակությամբ նամակներ է ուղարկում ՍՍՌՄ բոլոր հանրապետությունների գրողների միություններին: Բաց նամակ է ուղարկում Ուկրաինական հանրապետության ղեկավարությանը, Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար ՈՒ. Տանուն, Հնդկաստանի նախագահ Սարվապալի Ռադխակրիշնանին: Ակտիվ նամակագրական կապեր է ունեցել հայտնի լեհ հրապարակախոս, հայոց մեծ բարեկամ Բոգդան Գեմբարսկու հետ: Ստորագրահավաք է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի տարածքները Հայաստանի հանրապետությանը միացնելու համար: Նա աջակցություն եւ օգնություն է ցուցաբերել Ասատուր Բաբայանի ազգասիրական խմբին, «Հանուն Հայրենիքի» ամսագրի թողարկմանն ու տարածմանը: 1968 թ.-ի հուլիսին ձերբակալում են Ասատուր Բաբայանի խմբի անդամներին, իսկ հոկտեմբերի 10-ին` նաեւ Հայկ Իսկանդարյանին: Նա իր մահկանացուն կնքեց 1968 թ.-ի դեկտեմբերի 25-ին` ՀՍՍՀ ՊԱԿ-ի մեկուսարանում, չհասցրեց ապրել մինչեւ դատական նիստը… Գաղափարական ընկերները, սակայն, բարձր գնահատեցին նրա մարդկային, հայրենասիրական արժանիքները եւ արժեքների վերագնահատման ժամանակ Հայկ Իսկանդարյանին դրեցին բարձրության այն աստիճանին, որին նա, իսկապես, արժանի էր: Նրա ծննդյան 95 ամյակի կապակցությամբ նրա գաղափարական ընկերոջ, ՀՀ նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծվեց փաստավավերագրական ֆիլմ «…Եվ` լռություն…» վերնագրով, որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ` առաջ բերելով մեծ հնչեղություն եւ լայն արձագանք:  Նրա ապրած կյանքը, հարուստ ու բազմաշերտ, արժանի է խոնարհումի, գնահատանքի, իսկ որպեսզի հայրենիքի հիմքերը ամուր լինեն, նրա շաղախը Հայկ Իսկանդարյանների նման մարդկանց կյանքով ու գործով պիտի ամրանա, ինչպես որ ամրացել է…

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *